Երեկ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունեցել ՀԱԿ ակտիվի ժողովում եւ քննադատել ամենքին եւ բոլորին, ով կողմ կամ դեմ է արտահայտվել հայ-թուրքական արձանագրություններին:
Նա ասել է, թե նախագահ Սարգսյանը ստորագրել է վիճահարույց արձանագրություններըՙ ակնհայտորեն ղեկավարվելով ոչ թե պետական կամ ազգային շահերով, այլ արտաքին աշխարհում լեգիտիմություն ձեռք բերելու եւ սեփական իշխանությունը պահպանելու նպատակով, Տեր-Պետրոսյանն իր այս միտքն ամրապնդել է այսպես. «Կար ժամանակ, երբ հայ թագավորները, համապատասխան ծառայությունների դիմաց, իշխանության տվչություն (ինվեստիտուրա) էին ստանում արաբներից, կար ժամանակՙ մոնղոլներից, այժմ էլ ահա, Սարգսյանը տվչություն է ստանում Արեւմուտքից»: Ապա նա անուն առ անուն թվարկում է, թե ովքեր եւ որ քաղաքական ուժերն աջակցեցին նախագահին այդ խնդրում, չմոռանալով անգամ պետական բուհերի ռեկտորներին եւ քաղաքական վերլուծաբաններին. «Հատկանշական է, սակայն, որ նշածս կազմակերպությունների ու խավերի ներկայացուցիչներից ոչ ոք, բացի հատուկենտ հանրապետականներից, քաջություն չունեցավ անհատապես պաշտպանելու Սերժ Սարգսյանի որդեգրած քաղաքականությունը, այլ փոքրոգաբար պատսպարվեց անձնական պատասխանատվություն չպահանջող կոլեկտիվ սատարումների եւ հայտարարությունների հետեւում: Բոլորը, փաստորեն, լքեցին ու մենակ թողին իրենց նախագահին: Ոչ մի նախարար, ոչ մի ակադեմիկոս, ոչ մի ռեկտոր, ոչ մի օլիգարխ եւ ոչ մի մտավորական անձամբ չկանգնեց նրա կողքին», ասել է Տեր-Պետրոսյանը: Նա նաեւ մեկիկ-մեկիկ թվել է արձանագրությունների քննադատներին, ապա նշել անտարբեր մնացած հասարակության հսկա զանգվածի մասին, ով նաեւ չի արձագանքում Ղարաբաղյան կարգավորման վտանգավոր զարգացումներին: Նրա կարծիքովՙ հասարակության անտարբերությունն առայժմ ձեռնտու է իշխանություններին եւ պետք է առաջին հերթին անհանգստացնի ընդդիմությանը, բայց վերջին հաշվով, այդ անտարբերությունը շրջվելու է իշխանությունների դեմ: «Երբ որեւէ վճռական պահի նրանք կարիքն ունենան հասարակության աջակցության, այդ աջակցությունը չեն ստանալու», ասում է նա, ապա առանձնացնում կոնգրեսի դիրքորոշումը` այն չտեղավորելով ոչ արձանագրությունների կողմնակիցների, ոչ էլ իր թվարկած քննադատների ցուցակում. «Ի տարբերություն կոնգրեսի, որը հայթուրքական արձանագրություններին ընդդիմացավ ռեալ քաղաքականության դիրքերից, մյուս ուժերը խնդիրը տեղափոխեցին գաղափարախոսական հարթություն, այսինքնՙ Հայ դատի ոլորտ, որը ոչ մի կապ չունի ռեալ քաղաքականության եւ մեր երկրի իրական շահերի հետ: Կոնգրեսն արտահայտեց երկու հստակ առարկություն, որոնցից մեկը վերաբերում է Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնող պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, մյուսըՙ արձանագրությունների վավերացման պայմանին, որը Թուրքիայի համար հնարավորություն է ստեղծում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորել Ղարաբաղի հարցի լուծմամբ... Մինչդեռ հայդատականություն դավանող քաղաքական ուժերը նշված առարկություններին գումարեցին նաեւ հայթուրքական ընդհանուր սահմանի ամրագրման անընդունելիության, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ու հայ ժողովրդի պատմական իրավունքների ճանաչման, ինչպես նաեւ արեւմտահայության կրած նյութական վնասների փոխհատուցման հարցերը»:
Այսպիսով, այդ ուժերն, ըստ Տեր-Պետրոսյանի, տպավորություն ստեղծեցին, թե իբր հայթուրքական արձանագրությունների քննադատության հարցում կոնգրեսը պասիվություն ու անսկզբունքայնություն է դրսեւորում, եւ միայն իրենք են լրջորեն պայքարում Սերժ Սարգսյանի վարած «ազգակործան» քաղաքականության դեմ.«Այնինչ իրականում, իրենց առաջ քաշած իռացիոնալ պահանջներով, նրանք մի կողմից անլրջացրին արձանագրությունների պարունակած ամենավտանգավոր դրույթիՙ պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մերժելիության փաստարկը, մյուս կողմիցՙ մեծագույն ծառայություն մատուցեցին Սերժ Սարգսյանին, ակամա բարձրացնելով վերջինիս միջազգային վարկը: Հակառակ հայաստանյան եւ մանավանդ սփյուռքյան ցույցերում կրած անձնական նվաստացումներին, Սարգսյանը ազգայնական հիստերիայի շնորհիվ միջազգային ասպարեզում անսահմանորեն ուժեղացրեց իր դիրքերը, աշխարհին ներկայանալով որպես 21-րդ դարին արժանի իրատես ու վճռական պետական գործիչ, որը պատրաստ է հանուն իր սկզբունքների դիմել համարձակ ու ոչ ամբոխահաճ իրագործումների»:
...Դաշնակցության եւ հայդատական մյուս ուժերի պատկերացմամբՙ հայթուրքական հարաբերությունները պետք է բնականոնացվեն ոչ թե փոխզիջումների ու բարի կամքի դրսեւորման, այլ Թուրքիայի անվերապահ կապիտուլյացիայի հիման վրա, հեգնում է ՀԱԿ առաջնորդը, իսկ քանի որ Թուրքիան, կարծես թե, կապիտուլյացիայի մտադրություն չունի, նրանք քաջություն պետք է ունենան բացեիբաց հայտարարելու, որ ընդհանրապես դեմ են հայթուրքական հարաբերությունների կարգավորմանը. «Վերջիվերջո, ինչների՞ս է պետք այդ կարգավորումը, եթե Վարդան Օսկանյանի հանճարեղ դատողությամբՙ Հայաստանը դեռ հարյուր տարի էլ կարող է զարգանալ շրջափակումների պայմաններում»:
Ապա, հետաքրքրական մի շրջադարձով ՀԱԿ առաջնորդը նկատում է, թե Սերժ Սարգսյանի դեմ ուղղված հայդատական քննադատությունն անտեղի է նաեւ պատմական ճշմարտության տեսակետից. «Սարգսյանը չէ, որ առաջինն է ճանաչել հայթուրքական ներկայիս սահմանը ` նրանից առաջ դա արել են դաշնակները եւ բոլշեւիկներըՙ Ալեքսանդրապոլի եւ Ղարսի պայմանագրերով: Նա չէ, որ հրաժարվել է Թուրքիայի նկատմամբ տարածքային նկրտումներից` դա արել է Ռոբերտ Քոչարյանը: Նա չէ, որ Թուրքիայից պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ի պատասխան ստացել է պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկը` այդ բանն արել են Քոչարյանն ու Վարդան Օսկանյանը: Նա չէ, որ Ղարաբաղը դուրս է մղել կարգավորման գործընթացից` դա եղել է Քոչարյանի, Օսկանյանի եւ Արկադի Ղուկասյանի սեւ գործը: Եվ վերջիվերջո, Սարգսյանը չէ, որ «նվաճել է» մադրիդյան սկզբունքները, դրանք նա ժառանգել է Քոչարյանից ու Օսկանյանից: Այս հարցերում Սարգսյանը պատասխանատու է միայն այնքանով, որքանով մաս է կազմել Քոչարյանի վարչակազմին, ընդ որում ոչ ավելի, քան վերջինիս մաս կազմած կամ նրան սատարած մնացյալ ուժերը, որոնցից ոմանք այսօր փորձում են ընդդիմություն խաղալ եւ այդկերպ խուսափել պատասխանատվությունից», նախագահ Սարգսյանին համարյա ռեւերանս է անում Տեր-Պետրոսյանը: Նա նաեւ սկսում է արդարանալ` թե կոնգրեսի պասիվությունն արձանագրությունների հարցում խաբուսիկ է, իբր` վերջինս չէր կարող միանալ ազգայնական հիստերիային, եւ այլն:
«Պատմաբանների հանձնաժողով ստեղծվեր, թե ոչ, միեւնույնն է, Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո կարգավորվելու էին նաեւ հայթուրքական հարաբերությունները, եւ սահմանը բոլոր դեպքերում բացվելու էր: Այնպես որ, եթե պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը սովորական առեւտրային գործարք էլ համարենք, ապա դա միանգամայն ձախորդ գործարք է կամ գործարք է ոչ թե «հանձնաժողովՙ սահմանի բացման դիմաց», այլ, լավագույն դեպքում, «հանձնաժողովՙ Սերժ Սարգսյանի լեգիտիմության ճանաչման դիմաց» բովանդակությամբ»: Ըստ նրա` պնդել, թե իբր հայթուրքական հարաբերությունների կարգավորումը կապված չէ Ղարաբաղյան խնդրի լուծման հետ, պարզապես անհեթեթություն է. «Ավելին, այդ համառ պնդումները, որոնք անընդհատ հնչում են թե՛ Հայաստանի, թե՛ արեւմտյան երկրների դիվանագետների շուրթերից, ճիշտ հակառակն են ապացուցումՙ այն է, որ հայթուրքական կնճիռը եւ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվելու են փաթեթով»:
Ապա Տեր-Պետրոսյանը գծել է իր տեսած առաջիկան. Թուրքիայի խորհրդարանը ձգձգելու է արձանագրությունների վավերացման գործընթացը կամ դրանք վավերացնելու է որոշ վերապահումներովՙ ձգտելով այդ եղանակով խթանել Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորումը. Հայաստանի խորհրդարանը սպասողական դիրք է գրավելու եւ փորձելու է արձանագրությունների վավերացման խնդրին անդրադառնալ միայն այն բանից հետո, երբ դրանք կվավերացվեն Թուրքիայի կողմից. այս փակուղային վիճակից դուրս գալու գլխավոր խոչընդոտը համարելով Ղարաբաղի խնդիրը, միջազգային հանրությունը ջանալու է արագացնել վերջինիս հանգուցալուծումը, ինչը բացահայտորեն համընկնում է Թուրքիայի դիրքորոշմանը. Սերժ Սարգսյանը, մատնանշելով հայթուրքական արձանագրությունների ստորագրման առիթով Հայաստանում եւ Սփյուռքում ծագած սուր հակազդեցությունը, միջնորդներից խնդրելու է որոշ դադար տալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, որը մերժվելու է միջազգային հանրության կողմից:
«Ինչպես տեսնում ենք, իրավիճակը չափազանց նուրբ է եւ զգայուն, ինչը մեծ պատասխանատվություն է պահանջում թե՛ իշխանություններից, թե՛ ընդդիմությունից, որոնք հավասարապես կանգնած են բարդագույն խնդիրների առջեւ»: Եվ ապա համարյա պարզում իր ողջ ելույթի վերջին ուղերձը. «Ինձ համար անհասկանալի է հետեւյալ առեղծվածը: Քանի կասկած չկա, որ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում անհարկի զիջումների է գնումՙ օտարներից լեգիտիմություն ստանալու նպատակով, ապա ի՞նչն է նրան խանգարում, այդչափ նվաստանալու փոխարեն, ցանկալի այդ լեգիտիմությունը խնդրել սեփական ժողովրդից եւ ստիպված չլինել այդպիսի զիջումներ կատարել»:
Առայժմ մատուցելով տեղեկատվական այս նյութը Տեր-Պետրոսյանի ելույթի մասին` նկատենք միայն, որ նա հայ-թուրքական արձանագրությունների քննարկման ողջ ընթացքում լռեց, հավանաբար սպասելով հարմար պահի, որ ուրիշները կռվեն, իսկ ինքը վերջին պահին սպիտակ ձեռնոցներով հայտնվի` իրենը տանելու ակնկալիքով: Նրա այս վերլուծություններին դեռ կանդրադառնանք, սակայն անզեն աչքով էլ տեսանելի է, որ, իր խոսքերով, նուրբ եւ զգայուն իրավիճակը բոլորի համար է տեսանելի, սակայն տուրիստի կամ, որ ավելի ճիշտ է` դիտորդի կարգավիճակում, օտարի պես հետեւել եւ հայտնվել այն պահին, երբ իրավիճակն արձանագրությունների շուրջը մշուշոտ է, ինչ-որ դադարի պահ է, ու այդ պահին քար գցել եւ առավել պղտորել ջուրը` քաղաքական դիվիդենտներ շահելու նկրտումով, դա շատ նման է ՀԱԿ-առաջնորդին: