«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2009-11-10 | #205, 2009-11-11 | #206, 2009-11-12


ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՎԻ ՆԱՎԱՀԱՆԳԻՍՏՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՆ ԷԺԱՆ Է

Հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար շահավետ է այդ առումով

Տրանսպորտի եւ կապի նախարարությանը 2010-ին բյուջեով կատարված հատկացումներին երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ նախարար Գուրգեն Սարգսյանը : Նա հայտնեց, որ 2010-ին նախարարությանը հատկացվել էՙ 34 մլրդ դրամՙ 2009-ի 38,8 մլրդ դրամի փոխարեն: Այսինքն, մոտ 12 տոկոսով ավելի քիչ գումար: Սակայն, ըստ նախարարի, այդ միջոցներով եւ ստացված վարկային միջոցներով եկող տարի իրականացվելու են ավելի մեծածավալ աշխատանքներ, քան այս տարի էր: Դրանք ենՙ հյուսիս-հարավ ավտոմայրուղու, գյուղական ճանապարհների, կամուրջների շինարարությունը: Այդ ծրագրերը ֆինանսավորում են նաեւ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) եւ Համաշխարհային բանկը:

Գուրգեն Սարգսյանը հայտնեց, որ հյուսիս-հարավ մայրուղու կառուցման առաջին փուլի համար ԱԶԲ-ն հատկացրել է 60 մլն դոլար: Մինչ մարտ-ապրիլ ամիսները կավարտվեն մրցույթները, դրանից հետո այդ գումարով կսկսվեն իրականացվել շինարարական աշխատանքները: Եկող տարի հնարավոր է, որ սկսվեն նաեւ մայրուղու կառուցման 2-րդ փուլի նախապատրաստական աշխատանքները:

Հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ տրված հարցերին պատասխանելովՙ տրանսպորտի եւ կապի նախարարն ասաց, որ այդ դեպքում կունենանք Թուրքիային միացող երկու ավտոճանապարհՙ Մարգարայի եւ Գյումրիի, եւ մեկ երկաթուղային ճանապարհ: Գուրգեն Սարգսյանը նշեց, որ վագոնների պակաս լինելու խնդիր սահմանը բացվելու դեպքում չենք ունենա, թեեւ տարբեր ստանդարտների խնդիր կա: Նախարարն այն կարծիքը հայտնեց, որ սահմանի բացումը Հայաստանին շահավետ է Միջերկրական ծովի նավահանգիստներից օգտվելու առումով: Փոխադրումները Սեւ ծովով թանկ են, իսկ Միջերկրական ծովի թուրքական Մերսին նավահանգստից երկաթուղով բեռներ Հայաստան փոխադրելըՙ ավելի էժան:

Իրան-Հայաստան երկաթուղու մասին խոսելովՙ Գուրգեն Սարգսյանը հայտնեց, որ այդ նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը կմշակվի Ասիական զարգացման բանկի տրամադրած դրամաշնորհի միջոցներով:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Երեւանի եւ միջքաղաքային ուղեւորափոխադրումների սակագները բարձրանան, տրանսպորտի եւ կապի նախարարը պատասխանեց, որ բարձրացման համար տնտեսական հիմնավորումներ չկան:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4