«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2009-11-10 | #205, 2009-11-11 | #206, 2009-11-12


Microsoft-Ը ԴԵՌԵՎՍ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ ԼԻՈՎԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ

Ամփոփվել են «Գրանշան 2009»-ի արդյունքները: «Microsoft»-ը նկատել ու ընդունել է, որ սարերից այն կողմ կա գիտական ու մասնագիտական մեծ ներուժ, սակայն դեռեւս այդ ներուժի ներկայացրած արտադրանքի կիրառության համաձայնություն չի տվել:

Տառատեսակը, որով տպագրված է դասագիրքը, կարեւորվում է ոչ միայն գեղագիտական, այլեւ առողջապահական ու կրթական տեսանկյունից: Անհամապատասխան տառատեսակով տպագրված դասագիրքը կարող է ուսումնառություն անցնող անձին գլխացավ ու անընկալունակություն պարգեւել: Անհարկի այս «պարգեւներից» խուսափելու համար մասնագետները մշակել են համապատասխան տառատեսակ, որով հարկ է հրատարակել հայալեզու դասագրքերն ու մանկական գրականությունը: Խնդիրն այդ լուծվել է մշակույթի նախարարության մշակած եւ կառավարության հաստատած «Հայկական համակարգչային տառատեսակներ» ՀՀ ստանդարտացման չափորոշիչներին համապատասխան: Այս չափորոշիչներից դուրս ստեղծվում են ազատ ոճի տառատեսակներ, որոնք օգտագործվում են հիմնականում գովազդի եւ ազդագրերի ոլորտում:

Նույն այդ չափորոշիչները նկատի առնելով էլ ընդունվել են այս տարի անցկացված «Գրանշան 2009» տառատեսակների միջազգային մրցույթին ներկայացված հայտերը: Մրցույթին ներկայացվել է 54 հայտ 12 երկրիցՙ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Էկվադորից, Միացյալ Նահանգներից, Մեքսիկայից եւ իհարկե Հայաստանից: Հայաստանը ներկայացվել է մրցույթի բոլորՙ 6 անվանակարգերում եւ մրցանակի արժանացել դրանցից հինգում:

Հինգ անվանակարգերում մրցանակակիր է համարվել ՀՀ ազգային գրապալատի հայկական տառատեսակների պահպանման ու մշակման բաժնի վարիչ Էդիկ Ղաբուզյանը, որը, կարեւորելով մրցանակներն, ընգծեց. «Այն որ Էկվադորից Ռաուն Կաստոն եւ Գերմանիայից Իկո Միլլերը մրցույթին ներկայացրել էին հայկական տառատեսակ, ինքնին ուրախալի է, բայց եւ փաստումն է «Գրանշան» մրցույթի միջազգային ճանաչման ընդլայնման»:

«Գրանշան» մրցույթի մեկ այլ հաղթողՙ Գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի ամբիոնի վարիչ Արա Բաղդասարյանն իր հերթին նշեց. «Այսօր կիրառվող Arial-ն ու Times-ը հայկական համարելը սխալ կլիներ, քանի որ հիմքը լատինական է, ինչն էլ տարբեր բնույթի խնդիրներ է առաջացնում: Մրցույթի շնորհիվ մշակվել են համակարգչային լիովին հայերեն տառատեսակներ»:

Սակայն նշյալ տառատեսակների կիրառությունն ինտերնետային համացանցում դեռ ժամանակ կպահանջի, քանի որ չկա Microsoft ընկերության համաձայնությունը, չնայած շնորհիվ «Գրանշանի» ընկերությունն ի վերջո նկատել է տառատեսակների գոյությունը:

Ն. ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4