Հեռահաղորդակցային տեխնոլոգիաների ուկրաինացի փորձագետ Գեորգի Պոչեմցովը երեկ «Նովոստի» մամուլի կենտրոնում նշեց, որ տեղեկատվական պատերազմ ասվածը ընդամենը լրագրողական տերմին է. «Ընթանում է «աշխարհի զավթում»` հոգեբանական, կրոնական տեսակետներից, ֆիլմերի տեսքով, եւ դուք ինքներդ «զինվորներ» եք` նույնիսկ չգիտակցելով», լրագրողներին դիմեց Պոչեմցովը:
Աշխարհը, ըստ ուկրաինացի փորձագետի, միշտ էլ հիմնված է եղել նրա վրա, որ յուրաքանչյուր անհատ եւ պետություն ձգտել են տարածել եւ մեծացնել իրենց ազդեցությունը, որի հետեւանքով առաջացել եւ առաջանում են բազմաթիվ կոնֆլիկտներ. «Իսկ կոնֆլիկտը որեւէ համակարգի կենդանի վիճակի մասին է խոսում, չկա կոնֆլիկտ` չկա կենդանի համակարգ», նկատեց բանախոսը:
Առհասարակ աշխարհում, ըստ Պոչեմցովի, փոխվում են տեղեկատվական խաղի կանոնները. ամեն ինչ ընթանում է շատ արագ, եւ ստեղծվում են խնդիրներ ժողովուրդների շփման հարցում. «Այդ պատճառով ընդլայնվել է համաշխարհային ինֆորմացիոն հարթակը, սակայն պետք է արձանագրել, որ մենք պատրաստ չենք «փոխված աշխարհին»», նշեց փորձագետը:
Հետխորհրդային շրջանի տեղեկատվական պատերազմներից բանախոսը առանձնացրեց ռուս-ուկրաինական «գազային պատերազմը», ռուս-վրացական պատերազմը, եւ, հիշելով, որ գտվում է Երեւանում, նաեւ հայ-ադրբեջանական պատերազմը, որին, Պոչեմցովի խոսքերով պետք է «օբյեկտիվ մոտենալ եւ գտնել օբյեկտիվ մոտեցումներ»: Փորձագետն ավելացրեց նաեւ, որ այսօր Ուկրաինայում ավելի շատ խոսում են, թե որտեղից գտնեն խոզի գրիպի դեմ պահպանիչ դիմակներ, քան թե Ղարաբաղի հարցում ով է ճիշտ, Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանը: Ի դեպ, ժամանելով Կիեւից, Պոշեմցովը, իր իսկ խոսքերով, Երեւանի օդանավակայանում չի ենթարկվել բժշկական զննման. «Ինձնից ընդամենը տեղեկություն են վերցրել, թե որ հասցեով եմ լինելու Հայաստանում», նշեց նա:
Բանախոսն անդրադարձավ նաեւ հեղինակային իրավունքի խնդիրներին: Նա տեղեկացրեց, որՙ օրինակ, New York Times-ի ամենօրյա նյութերի 70 տոկոսը արտատպված է այլ աղբյուրներից. «Այդ է պատճառը, որ ամեն օր 2700 մարդ հրաժարվում են կարդալ այդ թերթը,- ասաց Պոչեմցովը,- առհասարակ արտատպում կա նաեւ հեռուստատեսությունում, եւ այսօր տարբեր երկրներ տարբեր մոտեցումներ ունեն համացանցի տեղեկատվական բլոկների վերաբերյալ, սակայն մի բան հստակ է. չի կարելի հասարակության լայն զանգվածներին զրկել ինֆորմացիա ստանալու իրավունքից, որը նրանք ստանում են հիմնականում հեռուստատեսությունից կամ տպագիր մամուլից»:
Վերջում Պոչեմցովը խոսեց նաեւ ազգային տեղեկատվական անվտանգության մասին, որը, նրա կարծիքով, հնարավոր է միայն սեփական արտադրանք ունենալու պայմաններում. «Օրինակՙ Ուկրաինայում, եւ կարծում եմՙ նաեւ Հայաստանում, հեռուստատեսությամբ ցուցադրվող սերիալների մեծամասնությունը տեղական արտադրություն չէ: Նման պարագայում անիմաստ է խոսել ազգային ինֆորմացիոն անվտանգության մասին», եզրափակեց Պոչեմցովը:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ