Էդուարդ Արծրունյանի հոբելյանական ցուցահանդեսը
Նկարիչների միության առաջին հարկի ցուցասրահի առաջին իսկ միջնապատի ինքնադիմանկարըՙ արծվահայաց ու հաստատակամ տղամարդու, Էդուարդ Արծրունյանի ստեղծագործության սկզբի ու դրա հետագա ընթացքի տարածականության ու ծավալային ընդգրկումների առաջին նշանն է. այս դիմանկարը ցուցահանդեսային էքսպոզիցիայի տիրապետող կամ լեյտմոտիվային ֆիգուրն է, կարծես:
Էդուարդ Արծրունյանը 60-ականները սկզբնավորող գեղագիտական նոր մտածողության կրող առաջին սերնդի լավագույն ներկայացուցիչներից է, միաժամանակ հայ դասական նկարչության ավանդույթների շարունակողը: Ծննդավայր Գյումրիի Մերկուրովի անվան նկարչական դպրոցն ավարտելուց հետո նա բավական դժվարությամբ հայտնվում է Լենինգրադում, 8 տարի ուսանում Ռեպինի անվ. արվեստի ակադեմիայում, շրջապատված արվեստի հարուստ միջավայրով, ապա միառժամանակ բնակվում է Մոսկվայում, հետո տեղափոխվում Երեւան:
Նկարչի հետ անձամբ ծանոթության առիթ չեմ ունեցել. իր ծննդյան 80-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման մարդաշատ օրը իմ ծանոթ-ընկերներըՙ համակարծիք նրա բարձր վարպետությանը, ընդգծում էին նկարչի մարդկայնորեն սիրելի կերպարն ու ֆանտաստիկ բարությունը, ասումՙ գնանք վարպետին բարեւ տանք, կամՙ նկարվենք հետը:
Վարպետը գամված էր անվասայլակինՙ ավա՜ղ, բավական հյուծված-գունատ տարիների անողոքության դեմ հանդիման մաքառումիՙ թերեւս արդեն տկարացող կամքով: Սակայն վերջին տարիների ծանր հիվանդության հարվածներն անգամ ստեղծագործական նահանջ չեն արձանագրել, սա արդեն նվաճում է. ներկաներն այն սխրանք համարեցին: Այս դիմադրությունը նկարչի գունամտածողության մեջ շատ զարմանալի բեկում է մտցրել ու պատահական չէր, որ Շահեն Խաչատրյանը նկարչի արվեստը ներկայացնող իր խոսքում հատուկ ուշադրություն դարձրեց ներկապնակի այս փոփոխությանը: Եվ, իրոք, 2000-2001-ից մինչ այսօր (2009-ը) ստեղծած աշխատանքներում մենք ականատեսն ենք դառնում տոնահանդեսային էքսպրեսիվ, վառ գունային դաշտի: Այստեղ կյանքն ասես իր արբունքի կիզակետում լինի: Ահա «Կառնավալը», «Երեկոյան մեղեդին» (2007 թ.), «Մինասի հիշատակին» (2009), «Տոնական օրը», «Արեւային պարը»ՙ գույնի ու լույսի ցնծություն, «Լվացք են անում»ՙ կանաչ-կապույտի ջրհորդանք, «Ջրաղացում» (2001) գունարտահայտությամբ շատ տարբեր 1971-ի «Ջրաղացում» մեծադիր նկարի մոխրադարչնագույնից: Իսկ մինչ այդ հայացքդ ամենատարբեր թեմաների մի հսկայական գունապատկերների է հանդիպում. բնանկարներ, քաղաքային, գյուղական աշխարհի միջավայրեր, կյանքային իրավիճակներՙ ամենակենսական, թրթռացողից մինչեւ ամենամռայլն ու ողբերգականը: Էդուարդ Արծրունյանի գունային սեկտորը հիմնականում կազմված է մեղմ, ինչ-որ տեղ խամրած, նաեւ մուգ «ստեղնաշարերից»ՙ թույլ դեղնադարչնա-շագանակագույն, կանաչագորշամոխրագույն: Նրա ծավալային նկարներից մի մասը կենսասիրության իսկական հիմն է, մարդու ֆիզիկական ուժի, առօրեական, կյանքային սովորական հոգսի, աշխատանքի հանդեպ բերկրանքի ջերմությամբ: Ամենապրոզայիկ իրողությունների, իրերի, հասարակ թվացող առարկաների վերարտադրության մեջ նկարիչը ներդնում է առ կյանքն ունեցած հավատ: Նրա «Լողացնող մայրը» կտավում իրերի անփույթ ներկայությունըՙ ջրի սափոր, երեխայի լողանալու տաշտ, այլումինե բաժակ, խորհրդային տարածված, պարզ կենցաղին բնորոշ մթնոլորտ է ստեղծում: Շատ տիպական է կնոջ կերպարըՙ մայրությանՙ իր մեջ ծաղկող ուժից «առնականացած», պինդ, լեցուն, հոլանի թեւերի ջերմությամբ: Կենսասիրության մեկ այլ վկայություն է «Լոգանքից հետո» կտավի կինը: Տաք ջրից փափկած մաշկի թարմությամբ, մերկ կրծքերն ի վար ջրի շիթով, տաքությամբ առինքնող, բնական: Այսպիսին է (բնական) նաեւ «Սիրահարվածները» մեծադիր կտավի բանվորական-աշխատանքային համազգեստով համբուրվող զույգըՙ շինարարության փոշին շուրթերին. իր կոպտության մեջ, սակայն, ճշմարիտ, խոնջ մի վիճակ: Աշխատանքի, աշխատող մարդու այսպիսի կերպավորումներն, իհարկեՙ խորհրդային նկարչության մեջ տիրապետող մոտիվներ, Արծրունյանի կտավներում արտահայտում են պարզ մարդու կենսական ուժի հանդեպ հարգանքի զգացում: Այսպիսին են նրա «Չիչխան հավաքողները» կամ «Շուկայից վերադառնալիս» կտավները: Նկարներում կանայք թվում էՙ տիրապետող են, նրանց կերպարներն ավարտուն ու ամբողջական են, իսկ ընդհանրության մեջՙ նկարչիՙ մարդկային կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքի արտահայտություն: Կինը Էդ. Արծրունյանի մոտ կյանքի սկզբնավորողն է, կենսական էներգիայի կրողն ու փոխանցողը: Այդ պատճառով է, որ նրա թե՛ գեղջկական, թե՛ քաղաքային ծագումով կանայք առողջ ու ամրակազմ ենՙ առլեցուն կյանքով, որպես ընտանիք, մայրություն հասկացությունների մարմնավորողներ:
Ձեւի մեջՙ մոնումենտալային եւ ազդեցիկ տպավորությամբ կոմպոզիցիոն-թեմատիկ մի քանի աշխատանքներ իրենց մուգ սեւ ֆոնի մեջ խտացնում են ժամանակաշրջանի ողբերգականությունը («Կոմիտաս. 1915», «Կոմիտասը եւ երեխաները», «Որբեր»):
Առանձնապես դիտարժան են փոքր չափսի բնապատկերային աշխատանքները («Հովիվ», «Մեր տունը Արաբկիրում»): Արծրունյանի Գառնիի շարքը իր գունային լուծումներով բավականաչափ տարբերվում է մյուսներից, այնտեղ գույների ակտիվությունը մտերմիկ հարաբերություն է ստեղծում տեղանքի հետ: Այսպիսին են նաեւ «Հին բանը», «Հին Երեւան, անձրեւային օր» կտավները թեեւ անձրեւային թացություն վերջինս զգացնել չի տալիս, հակառակըՙ գեղեցիկ, լուսավոր նկարչական միջավայր է:
Մանկության վերհուշը, ժողովրդական ծեսերի ու ավանդույթների պատկերավորումները նկարչի ստեղծագործության անքակտելի մասն են եւ ամենուրեք են դրանց առկայծումներըՙ ծվեն-ծվեն շաղ տված ամեն բակում ու փողոցում, գյուղական կենցաղային պատկերներում, կանանց ու ծեր տատիկների կերպարներում: Ի դեպ, Էդուարդ Արծրունյանը հրաշալիորեն է զգում բնակավայրերին բնորոշ մթնոլորտըՙ փողոցների, տների, դրանցում տեղավորված մարդկային կերպարների ներկայությամբ, տարվա եղանակների գունային տրամադրություններով: Սա ավելի շուտ կյանքի (ճանապարհի) շարունակելիության զգացողություն կամ ցանկություն է (այսինքնՙ կարելի է եւ այսպես հասկանալ): Տպավորիչ է «Վերադարձ դաշտից»ՙ մարդկանց կռացած ֆիգուրների շարանը, որի մթնոլորտը հիշեցնում է Սարյանի վաղ շրջանի եգիպտական շարքըՙ գունային նոր լուծումներով:
«Էդ. Արծրունյանի արվեստում գնահատելին նախ կոմպոզիցիոն վարպետությունն էՙ նոր սերնդի համար ուսանելի: Իր ստեղծած նկարչությունը դասական շունչ ունի: Ինձ համար ինքը նախեւառաջ գունանկարիչ է, հիացնող է կյանքի գույների համարժեք տեղափոխությունը կտավներում: Չկա որեւէ կենսական տարածք, որ ինքը արտացոլած չլինի: Դիտողունակ հայացք ունի, ակնհայտ է նրա նկարչության ամբողջականությունըՙ կյանքը բազմանիստ տեսնելու տաղանդը:
Այս ցուցահանդեսը իր գեղանկարչական հունձքն է, շռայլ նվերՙ մեր գեղարվեստական հանրությանը: Ինքը սայլակին գամված շարունակում է նկարել. սա է սխրանքըՙ ոչ միայն որպես նկարիչ, այլ որպես կերպարՙ մարդկայնորեն առինքնող», այսպիսին է նկարչի համերկրացի գեղագետ Լեւոն Լաճիկյանի կարծիքը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ