«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2009-11-10 | #205, 2009-11-11 | #206, 2009-11-12


«ՆԱՐԵԿԱՑԻ ՈՐՈՆԵԼԻՍ» ԿԻՆՈՆԿԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԴԱՏԻՆ

Նարեկը ալեկոծութիւն մըն է,

հոգեկան վրդով մրրիկ մը...

Միսաք Մեծարենց

Նախորդ օրը «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ կինոռեժիսոր Հովիկ Հախվերդյանի «Նարեկացի որոնելիս» կինոնկարի առաջին ցուցադրությունը: Կինոդիտումից առաջ կինոգետ Սուրեն Հասմիկյանը նախ անդրադարձավ Հովիկ Հախվերդյանի «Մատենադարան» ֆիլմաշարին ու նշեց, որ այդ կարեւոր ձեռագրերը նման ձեւով ներկայացնելը մեծ համբավ ու ճանաչում բերեց հեղինակին: Միաժամանակ նա հույս հայտնեց, որ կգա մի օրՙ այդ ֆիլմաշարը շարունակելու առաջարկ կարվի: Այնուհետեւ անդրադառնալով «Նարեկացի որոնելիս» կինոնկարին, փորձեց ներկայացնել Նարեկացուն, նրա մտածելաոճն ու գաղափարախոսությունը, որն էլ դահլիճում տարակարծությունների առիթ տվեց: Կինոռեժիսոր Հովիկ Հախվերդյանը նշեց, որ մոտ 8 տարի կինոնկարի ստեղծագործական խումբը մշտապես եղել է փնտրտուքների մեջ եւ ի վերջո կարողացել է գտնել Նարեկացուն ներկայացնելու յուրօրինակ ձեւը: Մտավորականները մեկ սեղանի շուրջ քննարկում, վիճում, պարզաբանում էին Նարեկացու գաղափարախոսությունը, արտահայտչամիջոցները, որոնում Նարեկացուն, փորձում մոտեցնել նրա ստեղծագործություններին: Նման բարդ ու դժվարին կինոնկար ստեղծելու միտք է հղացել, երբ Հ. Հախվերդյանը տեղեկացել է, որ Ալֆրեդ Շնիդկեն Նարեկացու գործերից մեկի 4-րդ գլխի մի հատվածի հիման վրա գրել է հրաշալի երաժշտություն, որն էլ հնչում է ֆիլմում: Երեւանի կամերային երգչախումբըՙ գեղղեկ Ռոբերտ Մլքեյանի գլխավորությամբ կատարում էր Շնիտկեի ստեղծագործությունները, իսկ Սոս Սարգսյանը ընթերցում Նարեկից հատվածներ:

Դիտման ընթացքում ակամայից մտաբերում ես Պարույր Սեւակի խոսքերը. «Նարեկը ոչ այնքան ընթերցվել է, որքան համբուրվել, դրվել է ոչ այնքան գրակալի, որքան հիվանդի ճակատի վրա, ոչ այնքան հասկացվել, որքան զգացվել, ոչ այնքան գնահատվել, որքան պաշտվել...»:

  «Ազգը» խնդրեց Պերճ Զեյթունցյանին կիսել իր տպավորությունները մեր ընթերցողների հետ: «Այս կինոնկարը մեզ շատ անհրաժեշտ է, որ մեր արմատներին սովորենք մոտենալ նաեւ այս կերպ: Մեծ բավականություն ստացանք: Զարմանալի էր, որ կինոյի համար նյութ չկար, եւ Հովիկը կարողացել էր մոնտաժի լեզվով մեզ ներկայացնել Նարեկացուն: Այդ հսկա պոեմը այդպես մատուցել, որ դիտողը պատկերացում կազմի: Սա մեծ գործ է, շնորհավորում եմ: Ես համոզված եմ, որ ե՛ւ ժողովրդի, ե՛ւ մտավորականների մեծ մասը Նարեկացի չի կարդացել եւ այս կինոնկարում մտավորականների առողջ բանավեճը հրաշալի գտնված ճիշտ մտահղացում է»:

  Կարպիս Սուրենյանը , որը կինոնկարում մտավորականների թվում էր, «Ազգին» ասաց. «Անցել է չորս տարի եւ հիմա դիտելուց հետո ես կրկին այդ քննարկման մթնոլորտում ինձ զգացի: Շատ արժեքավոր գործ է ստացվել: Եվ ինչպես կինոնկարումՙ ամենքս որոնում էինք, եւ ամենքիս գտածը իր համար ճշմարիտ էր եւ նաեւ ուրիշի համար գուցե: Թող վիճեն, թող փնտրեն, թող գտնեն: Նարեկացին անսպառ է»:

Կինոքննադատ, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետ. ինստիտուտի պրոռեկտոր Աննա Երզնկյանի վրա կինոնկարը մեծ տպավորություն էր թողել: «Վերջին ժամանակներս այսքան ամբողջական հաջողված աշխատանք չէի դիտել: Այն, ինչպես մեկնաբանված էր եւ այն, ինչպես մեկնաբանվում էրՙ բոլորս փնտրում ենք Նարեկացուն: Եվ որքան խորությամբ ենք ընկալում Նարեկացուն, այնքան ավելի ինքնամաքրվում ենք ու դառնում լիարժեք անձնավորություններ: Հովիկ Հախվերդյանը կինոնկարում փորձել է վեր հանել Նարեկացու հետ կապված այն շերտերը, որոնք մինչ այդ չէր արվել: Կինոնկարը գեղագիտական հաճույք պարգեւեց իր բոլոր բաղադրամասերով ու մանրակրկիտ լուծումներով: Այս կինոնկարը ապագա արվեստագետների համար օրինակ կարող է ծառայել ռեժիսորական բարձր մակարդակով»:

Ֆիլմի ավարտից հետո դեռ մոտ մեկ ժամ ճեմասրահում ներկաները շարունակում էին կինոնկարից ստացած տպավորությունների քննարկումը:

«Նարեկացի որոնելիս» կինոնկարը ստեղծվել է ՀՀ մշակույթի նախարարության եւ Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4