Ինչպես տեղեկացրել էինք, առաջնության ավարտից մեկ տուր առաջ պաշտոնանկ էր արվել «Միկայի» գլխավոր մարզիչ Սամվել Դարբինյանը: Եվ ահա հայտնի դարձավ, որ թիմի ղեկը կրկին ստանձնելու է Արմեն Ադամյանը, ով նախկինում արդեն գլխավորել էր «Միկան»:
Արմեն Ադամյանը «Միկայի» գլխավոր մարզիչ էր նշանակվել 2005-ի մրցաշրջանի շեմին: Այդ տարի «Միկան» նրա գլխավորությամբ դարձավ արծաթե մեդալակիր ու նվաճեց հանրապետության գավաթը: Հաջորդ մրցաշրջանում նա իր սաների հետ կրկին դարձավ Հայաստանի գավաթակիր, իսկ առաջնությունում թիմն արժանացավ բրոնզե մեդալների: Սակայն 2007-ի առաջնության 7-րդ տուրից հետո ակումբի ղեկավարությունը որոշեց հրաժարվել Ադամյանի ծառայություններիցՙ թիմի ղեկը վստահելով Արկադի Անդրեասյանին: Բայց վերջինիս էլ բախտ չվիճակվեց երկար աշխատել «Միկայում»: Հաջորդ մրցաշրջանի 12-րդ տուրից հետո Անդրեասյանը եւս պաշտոնանկ արվեց ու... սկսվեց մարզչական հերթափոխը: Հաջորդ 7 տուրերում թիմի ղեկը ստանձնեց Իշտվան Սեկեչը, որին փոխարինեց Սուրեն Բարսեղյանը:
2009-ը «Միկան» դիմավորեց խորվաթ մասնագետ Իվո Շուշակի գլխավորությամբ: Բայց նրա մարզչական գործունեությունը շատ կարճ տեւեց: Արդեն մեկնարկային 5 խաղերից հետո Շուշակին ազատեցին զբաղեցրած պաշտոնիցՙ թիմի ղեկավարումը վստահելով Սամվել Դարբինյանին: Թե ինչ ճակատագիր է սպասում 2-րդ անգամ «Միկայի» ղեկը ստանձնող Արմեն Ադամյանին, դժվար է գուշակել: Ինչպես ասում են, կապրենքՙ կտեսնենք:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ