ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ) անցկացվել են քննարկումներ «Քաղաքացիական բնակչության պաշտպանությունը զինված հակամարտություններում» թեմայով: Այն նվիրված էր ԱԽ-ի վերոնշյալ թեմային առաջին անգամ անդրադառնալու 10-ամյակին: Միջոցառումը նախագահելու նպատակով Նյու Յորք էր ժամանել Ավստրիայի նախարար Միխայիլ Շպինդելեգերը: Նիստում ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը: Ձայնի իրավունք է տրվել ՄԱԿ-ի 47 անդամ պետությունների ներկայացուցիչներին: Ադրբեջանի դեսպան Մեհդիեւը ներկայացրել է Խոջալուի դեպքերի ադրբեջանական մեկնաբանությունը: Այդ հայտարարություններին հետեւել է ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանի ելույթը: Վերջինս նշել է, որ քննարկումներին իր մասնակցությունը պայմանավորված է ԼՂ հակամարտությանը նախորդած շրջանում Ադրբեջանում հայերի նկատմամբ ծրագրված էթնիկ զտումներն ու սպանություններն ի հայտ բերելու անհրաժեշտությամբ: Նազարյանը հակադարձել է Խոջալուի մասին արված ադրբեջանական հայտարարությանը: Նա նշել է, որ համաձայն այդ տարիների Ադրբեջանի նախագահ Մութալիբովիՙ Խոջալուն կազմակերպել էր ադրբեջանական ընդդիմությունը, նպատակ հետապնդելով իր իսկ բնակչության սպանության ողջ ծանրությունը գցել Բաքվի իշխանությունների վրա ու կազմակերպել հեղաշրջում:
Հայաստանի դեսպանը մեղադրել է Ադրբեջանին հումանիտար ու մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման հարցում եւ նշել, որ ԼՂ հիմնախնդիրը զինված հակամարտության ճանապարհով լուծելու Բաքվի արկածախնդրությունը հանգեցրեց անկանխատեսելի ու ծանր հետեւանքների, եւ միայն Հայաստանի միջամտությամբ հնարավոր եղավ կասեցնել իրենց հայրենիքում արցախահայերի բնաջնջումը եւ առհասարակ ադրբեջանական ագրեսիան:
Հ. Հ.