Բջջային կապի սակագների փոփոխություններն էլՙ «շուտով»
«Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը երեկ հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրեց ընկերության երեք նոր առաջարկությունները: Դրանցից առաջինը «Բջջային հեռուստատեսություն» ծառայությունն է, որը հնարավորություն է տալիս բաժանորդներին 3-րդ սերնդի կապի շնորհիվ դիտելու Հայաստանի հեռուստատեսային ալիքների հաղորդումները: Մասնավորապես, Հայաստանի 12 հեռուստաընկերություններին հետեւելու հնարավորություններն արդեն կան, դրանց կավելանան նաեւ մնացած հեռուստաընկերությունները: Տեղում «Վիվասել-ՄՏՍ»-ի աշխատակիցները ցույց տվեցին բջջային հեռախոսից հեռուսատեսությանը միանալու հնարավորությունը: Ռալֆ Յիրիկյանը հայտնեց, որ «բջջային հեռուստատեսություն» ծառայությունը առաջիկա 1 ամսվա ընթացքում գտնվելու է փորձարկման փուլում, որի ժամանակ կճշգրտվեն նաեւ սակագները: Իսկ մինչ այդ ծառայությունը հասանելի է բոլորին եւ անվճար է:
Երկրորդ նորությունը, որն ուղեկցվում է «Ինտերնետ եւ ավելին» գովազդային արշավով, Home Zone կոչվող սարքի միջոցով ծառայությունն է: Ինչպես հայտնեց «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենը, այդ սարքի մեջ տեղադրելով սովորական ՍԻՄ քարտ, հնարավորություն է առաջանում 30-100 մ շառավղով տարածքում գտնվող Wi -Fi մոդեմով բոլոր սարքերըՙ համակարգիչ, հեռախոս, MP3 եւ այլն, միացնելու ինտերնետին: Բացի այդ, ստեղծվում է անլար ներքին ցանց, որին միանում են վերոնշյալ բոլոր սարքերը: Այս փաթեթի տրամադրման երկու տարբերակ է առաջարկվում: Առաջինն անժամկետ բաժանորդագրությունն է, որի արժեքն է 90 հազար դրամ եւ որի դեպքում բաժանորդն ունենում է առաջին 6 ամսվա ընթացքում ամսական 1000 րոպե անվճար խոսակցություն, հետագա ամիսներին 100 րոպե ամսական անվճար խոսակցություն: Երկրորդՙ 1 տարվա բաժանորդագրության տարբերակի արժեքն է 29900 դրամ, որի դեպքում առկա է միայն ամսական 100 րոպե անվճար խոսակցություն: Ավճար խոսակցությունների սահմանը լրանալուց հետո սակագնային պլանի ներսում 1 րոպեն արժե 5 դրամ, «Վիվասել-ՄՏՍ»-ի ցանցումՙ 10 դրամ, դեպի այլ բջջային եւ քաղաքային ցանցերՙ 35 դրամ:
Երրորդ եւ թերեւս բաժանորդների ավելի լայն շրջանակին հետաքրքրող առաջարկն առնչվում էր «ՄՏՍ կոնեկտ» մոդեմի միջոցով ինտերնետից օգտվելու նորՙ առավել նպաստավոր պայմաններին: Համաձայն դրանց, կարելի է անվճար ստանալ այդ մոդեմըՙ 1 տարվա պայմանագիր կնքելով ընկերության հետ կամ սարքի համար վճարել 20 հազար դրամ, առանց պայմանագիր կնքելու: Այնուհետեւ, համաձայն «ՄՏՍ կոնեկտ» անսահմանափակ» հետվճարային սակագնային պլանի, վճարելով 8800 դրամՙ բաժանորդը կարող է օգտվել մինչեւ 7,2 մբիթ/վրկ արագությամբ ինտերնետից:
Կանխավճարային եւ հետվճարային «ՄՏՍ կոնեկտ կլասիկ» սակագնային պլանի բաժանորդների համար էլ սահմանվել են ավելի հարմար պայմաններՙ ցերեկային ժամերին ինտերնետից օգտվելու 1 ՄԲ-ի արժեքը դարձել է 11 դրամ: Փոխվել են նաեւ ինտերնետ փաթեթների սակագներըՙ 1 ԳԲ-ն արժե 5500 դրամ, 2,5 ԳԲ-նՙ 7900 դրամ, 5 ԳԲ-նՙ 9900 դրամ եւ նորՙ 15 ԳԲ-ն 19900 դրամ:
Հարցին, թե նոր օպերատորի մուտքով եւ նրա առաջարկներո՞վ էին պայմանավորված «Վիվասելի» այս առաջարկությունները, Ռալֆ Յիրիկյանը պատասխանեց, որ իրենք չեն սպասում, որ որեւէ մեկը քայլ անի, հետո համարժեք քայլը ձեռնարկեն: Ըստ գլխավոր տնօրենիՙ ընկերությունն ունի մշակած առաջարկներ, որոնք պարբերաբար կյանքի է կոչում:
«Ի՞նչ սակագնային փոփոխություններ կարող են լինել բջջային կապի ոլորտում» հարցի առնչությամբ էլ Ռալֆ Յիրիկյանն ասաց, որ շուկայի նոր մասնակցի մուտքի եւ մրցակցության սրվելու ժամանակ փոփոխություններ են լինում 4 ուղղություններովՙ սակագներ, կապի որակ, ցանցի ընդլայնում եւ ծառայություների բազմազանեցում ու նորացում:
«Ազգի» հարցը նույնպես բջջային կապի սակագներին էր վերաբերում: «Նկատի ունենալով, որ «Վիվասել-ՄՏՍ»-ի մրցակից երկու ընկերություններն էլ հանդես են եկել առավել նպաստավոր սակագներով, «Վիվասելը» նման սակագնային փոփոխության առաջարկով ե՞րբ հանդես կգա»ՙ մեր հարցին Ռալֆ Յիրիկյանը պատասխանեց. «Շուտով նորից կհանդիպենք բջջային կապի սակագների փոփոխությամբ»:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ