«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2009-11-11 | #206, 2009-11-12 | #207, 2009-11-13


ԱՇԽԱՐՀԻՆ ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐՈՎ

Հարցազրույց աստղաֆիզիկոս, պրոֆեսոր Վահագն Գուրզադյանի հետ

- Այս տարին աշխարհում նշվում է որպես աստղագիտության տարի...

- 1609 թվին Գալիլեյը ուղղեց իր իսկ ձեռքով սարքած աստղադիտակը դեպի երկինք: Նրա աչքին միանգամից բացվեց մի նոր տիեզերք: Նա տեսավ բյուրավոր աստղեր, Լուսնի վրա սարեր եւ ձորեր, Արեգակի վրա մութ բծեր, Յուպիտեր մոլորակի շուրջը պտտվող արբանյակներ եւ այլն: Այսօրվա անընդհատ կատարելագործվող դիտողական միջոցները, անշուշտ, դժվար է համեմատել առաջին դիտակի հետ, սակայն ակնհայտ է, որ այդ իրադարձությունն ընդմիշտ կմնա որպես մարդկության աստեղային ժամերից մեկը:

- Իսկ ինչպե՞ս կարելի է բնութագրել տիեզերքի ուսումնասիրության այսօրվա պատկերը:

- Եթե երկու բառով, ապա այսօր անգամ աստղագիտություն ` աստղերի գիտություն, անվանումը դարձել է ոչ լրիվ բնութագրական, քանի որ պարզվել է, որ աստղերը կազմում են տիեզերքի փոքր մասը` մեկ տոկոսից պակաս: Մինչդեռ տիեզերքի հիմնական բաղադրիչներն աներեւույթ են: Եվ այս աներեւույթ տիեզերքը սկսվում է ճանաչվել գրեթե զրոյից: Խոսքը ոչ միայն աստղերի, գալակտիկաների, մյուս տիեզերական մարմինների հատկությունների, այլեւ նոր ֆիզիկական գաղափարների, օրենքների մասին է, ճիշտ այնպես, ինչպես բնության հիմնարար օրենքներից մեկը` տիեզերական ձգողության վերաբերյալ, Նյուտոնն արտածել էր երկնքից, այսինքնՙ մոլորակների շարժման օրինաչափություններից:

- Ուրեմն, բնության նոր օրենքներ բացահայտելու համա՞ր են արձակվում տիեզերանավեր, որ բավականին ծախսատար են:

- Իրոք, տիեզերական հետազոտությունները պահանջում են հսկայական ծախսեր, սակայն դա է այսօր գիտության` բնության ճանաչման գինը, ինչպես նաեւ տարրական մասնիկների արագացուցիչների դեպքում: Հենց այդ է պատճառը, որ լուրջ գիտական ծրագրերը միջազգային են, այսինքնՙ իրականացվում են, որպես կանոն, տարբեր երկրների, գիտական կենտրոնների միասնական ջանքերով: Այդպիսին է, օրինակ, եվրոպական PLANCK արբանյակըՙ 800 մլն դոլար արժողությամբ, որի արձակմանը, ի դեպ, վերջերս ինձ հնարավորություն եղավ հետեւելու Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) կենտրոնից:

- Կմանրամասնե՞ք, ի՞նչ է սպասվում այդ արբանյակից:

- PLANCK-ը պետք է հետազոտի այսպես կոչված տիեզերական մնացորդային ճառագայթումը, որի առաջին գրանցումըՙ 1965-ին, որակվում է որպես խոշորագույն հայտնագործություն XX դարի, եթե ոչՙ բոլոր ժամանակների, եւ որի հայտնագործման, ապա հետազոտման համար երկու անգամ շնորհվել էր Նոբելյան մրցանակ: Այդ ճառագայթումը առաքվել է 14 միլիարդ տարի առաջ, հետեւաբար, մեզ է հասցնում տիեզերքի այդ վաղեմության պատկերը, երբ դեռ չէին ծնվել գալակտիկաները, աստղերը, մոլորակները:

Ինչ վերաբերում է հենց այս արբանյակի արձակմանը, իրականացվեց Ֆրանսիական Գվիանայի Կուրու տիեզերակայանից, Ariane-5 հրթիռի օգնությամբ: Տարբեր էկրանների վրա մենք հետեւում էինք արձակման ընթացքին: Արձակումից մի քանի րոպե անց արբանյակի վրա տեղադրված տեսախցիկներից երեւացՙ ինչպես են անջատվում եւ օվկիանոսի վրա ակնթարթորեն անհետանում հրթիռի առաջին, ապա երկրորդ աստիճանները: Արբանյակը պետք է հասներ Լուսնից հեռու տեղադրված, այսպես կոչված, Լագրանժի 2 կետ, եւ որոշիչ էր, շուրջերկրյա ուղեծրից հեռանալիս, երկու մոդուլների իրարից անջատման գործողությունը: Այդ պահին... էկրաններից մեկի թվերի ցատկը դանդաղեց, կամ միգուցե մեզ միայն թվաց. պատկերացրեք, արբանյակի ստեղծման համար բազմաթիվ կենտրոններ աշխատել են ավելի քան 10 տարի, մի փոքր սխալը կարող էր ամբողջը կործանել: Եվ երբ էկրանի վրա կետերը վերջապես սկսեցին իրարից դանդաղորեն հեռանալ, եւ օպերատորի մետաղական ձայնը ազդարարեց մոդուլների անջատման փաստը, կենտրոնը թնդաց ծափահարություններից: Խնդիրների այս շրջանակում, միջազգային համագործակցություններում են ներգրավված նաեւ Հայաստանում իմ ղեկավարած խումբը, իմ աշակերտները:

- Այս երիտասարդնե՞րը, որ ներսուդուրս են անում Ձեր առանձնասենյակում:

- Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում եւ համալսարանում գործող այս խումբը, ինչպես տեսնում եք, հիմնականում կազմված է երիտասարդներից: Հատկապես ուզում եմ նաեւ ընդգծել իմ նախկին ասպիրանտ, ներկայում փայլուն գիտնական, Մելբուռնի համալսարանում աշխատող Արմեն Քոչարյանի ամենագործուն մասնակցությունը մեր աշխատանքներին:

Մեր ստացած արդյունքները հրատարակվում են միջազգային հեղինակավոր ամսագրերում, որտեղից հաճախ նաեւ անցնում են Արեւմուտքի լրատվամիջոցներ, զեկուցվում այլուր: Վերջերս, օրինակ, Մոսկվայումՙ Սախարովի անվան միջազգային հեղինակավոր գիտաժողովում, որը նվիրված էր ոչ թե աստղաֆիզիկայի, այլ ընդհանրապես ֆիզիկայի հիմնարար հարցերին, իմ զեկույցը միակն էր ԱՊՀ երկրներից` աստղաֆիզիկայից: Այդ աշխատանքների մասին օրերս իմ դասախոսությունն է դրված նաեւ Կալտեխում` Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համալսարանում, որոնց հետ մենք նույպես համագործակցում ենք: Մի խոսքով, առօրյա լարված աշխատանք է:

- Ունեցե՞լ եք առիթներՙ առնչվելու Վիկտոր Համբարձումյանի հետ:

- Տարիների ընթացքում, այո, ես ունեցել եմ հնարավորություն հանդիպելու, երկարատեւ քննարկելու Համբարձումյանի հետ. մեր հոդվածներից մի շարք նա ներկայացրել էր ՍՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ամսագրին: Հանդիպումները նա սովորաբար նշանակում էր շաբաթ-կիրակի օրերին Բյուրականում, հասկանալի է, որպեսզի չընդմիջեին մեզ, բայց նաեւ երբեմն` Երեւանում: Հիշում եմ, արդեն արձակվել էր COBE արբանյակը, մենք մանրամասն քննարկում էինքՙ ինչ կարելի է սպասել, եթե այն վերջապես գրանցի մնացորդային ճառագայթման անիզոտրոպիան, եւ, իրոք, մի քանի ամիս անց` 1992-ի սկզբին, ես նրան ներկայացրի այդ արբանյակից նոր ստացված առաջին պատկերները:

- Դուք նաեւ աստղագիտական մեթոդները կիրառել եք հնագիտական թվագրումների համար: Կպատմե՞ք այդ մասին:

- Աստղագիտական ժամանակակից մեթոդները, արբանյակային տվյալների մշակման փորձը, պարզվեց, իրոք, կարելի է կիրառել հին արձանագրությունների, հնագիտական ժամանակագրությունների վերծանման համար: Փարիզի, Հարվարդի հնագետների հետ գրած մեր The Dating of the Fall of Babylon (1998) մենագրության արդյունքներով հրավիրվեց միջազգային գիտաժողով Գենտում, 2000 թվին, այսօր այդ գիրքը եւ մեր հոդվածները Հին Արեւելքի պատմության հանրագիտարաններում հիշատակված հիմնական աղբյուրների թվում են:

- Ի՞նչ կասեք լայնորեն լուսաբանվող Հայաստանում հին աստղադիտարանների գոյության մասին:

- Եթե կարծում եք, որ ես կարտահայտեմ իմ հրճվանքը, ապա, ցավոք, պետք է Ձեզ հուսախաբ անեմ: Քարահունջ-աստղադիտարան-Սթոունհենջ, չաշխատող ռադիո անտենայի միջոցով իբր կատարված հայտնագործություններ, եգիպտական, բաբելոնյան մշակույթներիՙ հայերին վերագրումը, Ադամը հայ էր, մաթեմատիկա` հայերեն` մատ-է-մատ, եւ այլն անհեթեթություններ են` գիտությանն առնչություն չունեցող:

Հակագիտություն կամ կեղծ գիտություն կա նաեւ այլ երկրներում, որտեղ որպես կանոն, դրանք անտեսված են, քանի որ խիստ հակահարված են ստանում մասնագետներից: Մեզ մոտ, սակայն, վերը նշված հերունիզմը հակագիտությանը գումարում է ազգայնականությունը` շահարկելով հասարակության զգացմունքները: Դա դրսից խոցելի է դարձնում մեր մշակույթն ընդհանրապես, քանի որ միշտ կարելի է շահարկել մեր դեմ, իսկ ներսում ստեղծում է մեր ազգի բացառիկության վտանգավոր պատրանք: Անհավատալի է, բայց ազատորեն սփռվելով եթերումՙ այսօր այս հակագիտությունը մտնում է անգամ դպրոցական, մանկական գրականություն, եւ դա կատարվում էՙ օգտվելով ակադեմիական ատյանների զարմանալի պասիվությունից: [*]

- Կարելի՞ է ավելի մանրամասն:

- Այստեղ ծավալվելու տեղը չէ, Քարահունջի հետ կապված միայն ասեմ, որ նախ Քարահունջ գյուղը գտնվում է միանգամայն այլ վայրում, իսկ անցքով քարեր ես նկարահանել եմ նաեւ Արեւմտյան Հայաստանում` Արարատից արեւմուտք, Քարահունջից շատ հեռու: Մյուս կողմից, հենց նույն Սթոունհենջի վերջին տասնամյակների պեղումների հիման վրա եզրակացվել է, որ այն դամբանական, կուռքային կոթող է, հերքելով դրա օրացուցային նպատակներով կառուցված լինելուՙ 1960-ականներին արված վարկածը: Բազմաթիվ Սթոունհենջեր կան հենց Մեծ Բրիտանիայում, քսանից ավելի` միայն Մալթա կղզում, եւ ոչ ոքի մտքով չի անցնում դրանց հիման վրա շաղակրատել կառուցողներիՙ աշխարհում բացառիկ աստղագիտական գիտելիքների մասին: Զավեշտալի է, բայց մեր ժայռապատկերներում տեսել են անգամ Երկրի գնդաձեւության մասին վկայություն. չեմ զարմանա, եթե շուտով այնտեղ տեսնեն նաեւ տիեզերանավերի պատկերներ:

- Դուք նաեւ տարիների ընթացքում եղել եք Ստրասբուրգում եվրոպական գիտական կառույցի ղեկավար խորհրդի անդամ, խմբագիր եք միջազգային ամսագրի (International Journal of Modern Physics), նախագահել եք միջազգային գիտաժողովներ, նման փորձի տեսանկյունից ինչպե՞ս եք տեսնում մեր գիտության ընթացքը:

- Գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանի գիտությունը ապրում է դժվարին ժամանակներ, սակայն դա նույնպես առանձին թեմա է: Վերն ասվածի համատեքստում միայն հիշեցնեմ, որ հայ ժողովրդի պատմությունը կարիք չունի ավելորդ գունազարդման, նույնը կարելի է ասել նաեւ մեր գիտության շատ նվաճումների մասին: Խնդիր է, սակայն, մեր իրական արժեքներն աշխարհին ավելի ճանաչելի դարձնելը, որպեսզի մեր ոսկեդարյան գրականությունը, միջնադարյան ճարտարապետությունը, Նարեկացին, Ռոսլինը տեղ գտնեն արեւմտյան հանրագիտարաններում եւ դասագրքերում: Իսկ դրա համար կա միայն մեկ ճանապարհ` մասնագիտական ամենաբարձր մակարդակը:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

* «Ազգ»-ը նախորդ համարում տպագրել է Վահագն Գուրզադյանի գլխավորությամբ մի խումբ գիտնականների բաց նամակն ուղղված ՀՀ վարչապետինՙ 9-րդ դասարանի «Ֆիզիկա եւ աստղագիտություն» դասագրքից հակագիտական որոշ էջեր հանելու վերաբերյալ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4