Ս.թ. նոյեմբերի 11-ին «Ազգ» օրաթերթի թիվ 205 համարում ներկայացվել է լրագրություն իմ` «Ուրբաթ» ակումբում տեղի ունեցած մամլո ասուլիսի վերաբերյալ: Նյութի թե վերնագիրը` «ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԵՏՔ Է ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԲՅՈՒՋԵ ՉԿԱ»` իր առաջին մասով, թե տեքստում առկա մեջբերման տեսքով ներկայացված նմանատիպ միտքը (որը երկու տարբեր մտքերի համադրություն է), բոլորովին չի արտահայտում այն տեսակետը, որն արտահայտվել է իմ կողմից ասուլիսի ժամանակ: Հարկ է նշել, որ միեւնույն հարցի վերաբերյալ մի շարք էլեկտրոնային եւ տպագիր լրատվամիջոցներ ներկայացրել են իմ խոսքի ավելի ճիշտ եւ ամբողջական տարբերակը, ինչից կարող եմ պարզապես եզրակացնել լրագրողի կողմից խնդրի թյուրըմբռնման մասին:
Այսպես, լրագրողի այն արտահայտությանը, թե Հայաստանի տնտեսությունը ղեկավարում են օլիգարխները, ես արձագանքել եմ հետեւյալ կերպ: «Երբ ասում ենք, որ տնտեսությունը ղեկավարում են օլիգարխները, ստացվում է այնպես, որ կարծես կառավարությունը փորձում է դրանց դեմ պայքարել, սակայն չի ստացվում: Այնինչ սա մեկ միասնական համակարգ է: Հենց կառավարության իրականացված քայլերն ու քաղաքականությունը նպաստում են օլիգոպոլ շրջանակների, ներկրողների, խոշոր եւ երկրում մենաշնորհ ունեցող անձանց եւ ընկերությունների շահերին:»
Ես կարծում եմՙ վերը նշված միտքը որեւէ առնչություն չունի այն տպավորության հետ, որը կարող է առաջանալ թերթում լույս տեսած հոդվածից:
ԱՐԱ ՆՌԱՆՅԱՆ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ