Դիզայներական (գեղարվեստական հարդարանք, ձեւավորում) մասնագիտացումով կրթություն Հայաստանում ապահովում է հիմնականում Գեղեցիկ արվեստների ակադեմիան, որի ուսումնական ընթացքին, գործունեությանը, փառատոնային մասնակցություններին անդրադարձանք ամիսներ առաջ: Բուհի ֆակուլտետներից հագուստի մոդելավորման ճյուղը բավականին հաջողություններ է արձանագրել. տպավորիչ են մրցանակային արդյունքներըՙ թե՛ հանրապետական, թե՛ ռուսաստանյան, թե՛ միջազգային մակարդակներում:
Այս տարվա հոկտեմբերին Մոսկվայում ակադեմիան մասնակցեց երկու տարբեր ցուցահանդեսներիՙ «Զոլոտոյ գլոբուս» ոսկեգործության էքսպոյին եւ Թաղման արարողության ատրիբուտների միջազգային ցուցահանդեսին: Առաջինում ներկայացված էին ոսկերչական եւ ոսկեգործական տարբեր ընկերությունների եւ անհատների բազմաոճ աշխատանքներՙ բնական, արհեստական քարերից բիժուտերիա, նաեւ դեկորատիվ ձեւավորմամբ հագուստի ձեւեր եւ դրանց լրացնող պարագաներ: Հայաստանը ներկայացնում էր Գեղեցիկ արվեստների ակադեմիայի դասախոս Քնքուշ Մալխասյանըՙ «Հեթանոսական թատրոն» հավաքածուով, որի ցուցադրությունը կատարվեց դիցաբանական թեմաներով խաղ-ներկայացման միջոցով: Հավաքածուն արժանացավ Առաջին կարգի մրցանակի եւ մեդալի, ակադեմիայի ռեկտոր Էդուարդ Սեդրակյանըՙ Ռուսաստանի գեղարվեստական կայսերական ակադեմիայի շնորհակալագրիՙ պրոֆեսիոնալ բարձր մակարդակի ուսանողական կադրեր պատրաստելու համար:
Մյուս ցուցահանդեսինՙ «Նիկրոպոլ-2009», Հայաստանից մասնակցում էր դարձյալ Քնքուշ Մալխասյանը, որի ներկայացրած «Արալեզ» հավաքածուն կազմված էր հեթանոսական եւ վաղ քրիստոնեական ժամանակներում Հայաստանում կատարվող թաղման արարողակարգի ժամանակ օգտագործվող հագուստի պարագաներից: Հավաքածուն ցուցադրվեց 4-րդ դարի հայ զորավար Մուշեղ սպարապետի թաղման արարողությունը պատկերող թատերական ներկայացմամբ: Հեղինակը հենվել էր Մովսես Խորենացու եւ Փավստոս Բյուզանդի աշխատություններում բարձր դասի ներկայացուցիչների թաղման նկարագրությունների վրա, որոնք կատարվում էին հանդիսավոր սգո շքերթի ձեւով: Հավաքածուն արժանացավ մեծ ոսկե մեդալի, դիպլոմի եւ ստացավ 2010-ին Գերմանիայում անցկացվելիք ցուցահանդեսի հրավեր:
Մ. Բ.