«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2009-11-13 | #208, 2009-11-14 | #209, 2009-11-17


ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ` ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը , անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին, ասել է. «Տեր-Պետրոսյանի մենտորությունն ու ինքնասիրահարվածությունը ծանր տպավորություն են թողնում: Ընդ որում` խոսքը համեմված էր վերլուծական հավակնություններով, թեեւ այդ մասին խոսել են բոլոր նրանք, ովքեր չեն ալարել: Իհարկե, մեծ ձանձրույթ է առաջացել: Կարծում եմ` ներկաները մեծ ջանքեր են գործադրել, որ չքնեն... Իմ հասցեին արած մեղադրանքներն այնքան աբսուրդային են, որ իմաստ չկա կանգ առնելու դրանց բովանդակության վրա` դրա իսպառ բացակայության պատճառով: Բայց Տեր-Պետրոսյանի բոլոր ելույթներում իմ մասին հիշատակումների փաստն ինձ հիշեցնում է մի իրավիճակ, որի ականատեսը ես դարձա Աֆրիկայում, մի քանի ամիս առաջ: Երեկոյան, խարույկի մոտ որոսորդները պատմում էին աֆրիկյան խոշոր կենդանիների որսի սուր դեպքերի պատմություններ: Խոսում էին առյուծների, ընձառյուծների, ցլերի եւ փղերի ուժի, ճարպկության եւ վտանգավորության մասին: Ներկաներից մեկը` մի եվրոպացի, ամեն պատմությունից հետո հոգոց էր հանում եւ հավելում, թե ամենավտանգավոր եւ ուժեղ կենդանին արջն է: Երբ նա դա կրկնեց երրորդ անգամ, ես հետաքրքրվեցի, թե ինչու է արջը նրան այդպես տպավորել: Պարզվեց, որ 5 տարի առաջՙ որսի ժամանակ, արջը նրան բավական ջարդել է: Հավանաբար ես ինչ-որ կերպ ոգեշնչում եմ Տեր-Պետրոսյանին, քանի որ նա ինձ հաճախ է հիշում», ասել է Ռ. Քոչարյանը` «Մեդիամաքսին» ուղարկած մեկնաբանության մեջ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4