«Ազգ»-ը անդրադարձել էր Ադրբեջանում երկու բլոգերների ձերբակալությանն ու դատավճռին: Ադրբեջանին արդեն քննադատել են ԱՄՆ պետդեպարտամենտը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ու ԵԱՀԿ-ն:
Երեկ նույն հարցի առնչությամբ Բաքվին իր քննադատական նոտան է հղել Եվրոպայի խորհրդի (ԵԽ) պետքարտուղար Տորբյերն Յագլանդը` հայտարարելով, որ եթե Ադրբեջանի վրա հնարավոր չէ ազդել ԵԽ առաջ նրա պարտավորությունների միջոցով, ապա օրակարգում հարցականի տակ կդրվի միջազգային կազմակերպության շարքերում այդ երկրի անդամության հարցը: «Արդեն վաղուց հետեւում եմ Ադրբեջանում կատարվող իրադարձություններին, հենց այդ պատճառով կարող եմ ասել, որ զարմացած չենք: Անհանգստացած ենք այդ երկրում մարդու իրավունքների ու ժողովրդավարության վիճակով», ասել է ԵԽ-ի պետքարտուղարը:
Նրա խոսքերով, Ադրբեջանի ներկայությունը կազմակերպությունում կարեւոր է այդ երկրի ներքին գործընթացների ազդեցության տեսակետից: Եթե դա հնարավոր չլինի, ապա օրակարգում հարց կծագի զրկել Ադրբեջանին կազմակերպության անդամությունից: «Մեզ անդամակցել կարող են միայն այն երկրները, որոնք համապատասխանում են մեր չափանիշներին եւ կիսում կազմակերպության արժեքները», նշել է Յագլանդը: Պետքարտուղարը հավաստիացրել է, որ Ադրբեջանի ռեսուրսները չեն կարող որպես արդարացում ծառայել դեպի ժողովրդավարություն եւ մարդու իրավունքների ընթացքի արգելակման համար: