«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2009-11-13 | #208, 2009-11-14 | #209, 2009-11-17


ԼԱՐՍԸ` ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՔԱՐՏ

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացումը, որ թերեւս ներկա փուլում այնքան էլ այդ ուղղությամբ չի ընթանում, բայց գոնե իներցիայով ընկալվում է, տարածաշրջանում ոչ թե կայունացրել է վիճակը կամ դրան է տանում գոնե ներկա դրության գնահատականով, այլ խառնել է շատերի ու շատ տարբեր խաղաքարտերը:

Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց հետ չպարզված ու պարզված հարցեր են վերապարզում, նավթն ու գազն իրար են խառնել, մեծ ու փոքր «եղբայրների» հարաբերություններ են պարզաբանում: Տարածաշրջանում Հայաստանին հարեւան մյուս երկու երկրները եւս անտարբերությամբ չեն վերաբերվում հայ-թուրքական արձանագրությունների գործընթացին: Իրանն իր հերթին է ողջույնի խոսքով ու ավելին դառնալու նկրտումներով փորձում հանդես գալ, Վրաստանն էլ իր հոգսերն է ավելացած տեսնում ու հիշեցնում հին ու նոր բոլոր այն խնդիրները, որոնք ժամանակին լրիվ անտարբերության էին արժանանում:

Որ հայ-թուրքական հարաբերությունների «ջերմացումը» թեժացրել է կրքերը նաեւ Վրաստանում, ամեն օր լրացուցիչ ապացույցներով է հարստացվում: Սակայն հարեւան Վրաստանում, ինչքան էլ պաշտոնապես ողջունեն հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման նախաձեռնությունն ու գործընթացը, սիրաշահեն Թուրքիային ու «մարդատեղ» դնեն Հայաստանին, միեւնույնն է, Արաքսի աջ ու ձախ ափերում տրամադրությունների փոփոխությունը կարծես փախցրել է շատ վրացիների քունը:

Որ որոշ վրացի մասնագետներ ու իրենց քաղաքագետ ու փորձագետ ներկայացնողներ այս օրերին շատացրել են հակահայկական «կանխատեսումներն ու գնահատականները», իրավիճակի հեռանկարն էլ Վրաստանի համար գրեթե ողբերգական ներկայացնելը, դեռ նույն այդ մարդկանց ընդհանրական գործունեության ֆոնին հասկանալի են` ելնելով այդ մարդկանց տրամաբանությունից: Սակայն վրաց պետությունն էլ է մտահոգություն ցուցաբերում հայ-թուրքական մերձեցման հավանականության առնչությամբ:

Այլապես դժվար թե վրաց-ռուսական ցամաքային սահմանի վաղուց չգործող Վերին Լարսի անցակետը դառնար, ոչ ավել, ոչ պակաս, Վրաստանի անվտանգության խորհրդի նիստի քննարկման առարկա: Նախորդ շաբաթավերջին Անվտանգության խորհուրդը հարցը նախագահ Միխեիլ Սաակաշվիլու նախագահած նիստում քննարկել ու ի դեմս խորհրդի քարտուղար Էկա Տկեշելաշվիլու հայտարարել է, թե Վերին Լարսի անցակետի բացման բանակցությունները ներկա դրությամբ շարունակվում են:

Դժվար է հասկանալ, թե, ի վերջո, այդ բանակցություններն ընթանում են, թե ոչ, եւ որ ավելի կարեւոր է, ում միջեւ են ընթանում այդ բանակցությունները: Խնդիրն այն է, որ վրացական տարբեր պաշտոնյաների հայտարարությունները չեն համապատասխանում միմյանց: Ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետի բացման թեման տարբեր առիթներով հայտնվում է վրացական կողմի օրակարգում` Հայաստանի համար այդ անցակետի «մեծագույն» կարեւորությամբ:

Մինչեւ Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը, Վրաստանը, ի դեմս արտաքին գերատեսչության ղեկավար Գրիգոլ Վաշաձեի , արդեն իսկ հայտարարել էր, թե Լարսի բացման բանակցություններ, այնուամենայնիվ, անցկացվում են, սակայն տեխնիկական մակարդակով:

Վաշաձեի խոսքերով, անցակետի բացումը կապված էր տեխնիկական հարցերի հետ: «Լարսի անցակետի բացման առնչությամբ վրացական կողմը տեխնիկական բնույթի բանակցություններ է վարում հայկական կողմի հետ: Երբ եւ ինչ պայմաններով պիտի բացվի Լարսը, դեռ վաղ է խոսել», նշել էր վրաց ԱԳ նախարարը, ընդգծելով, թե Ռուսաստանի հետ Վրաստանը այս առնչությամբ որեւէ բանակցություն չի վարում:

Ըստ Վաշաձեի, Լարսի բացման բանակցություններում միջնորդական դերակատարություն ունի հայկական կողմը` ռուսաստանյան կողմի հետ համաձայնեցնելու տեխնիկական հարցերը: «Լարսի բացումը կարեւոր ու շահավետ է տնտեսական տեսնակյունից: Ինչ վերաբերում է անվտանգության հարցերին, ապա Ռուսաստանի կողմից ագրեսիա իրականացնելու ցանկության դեպքում նշանակություն չունի, թե օրինակա՞ն կհատվի արդյոք սահմանը», նշել էր Վաշաձեն:

Արտգործնախարարի հայտարարությունը մեկ բան, բայց Անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցությունների անցկացման մասին իր հայտարարությունը շարունակել է այն մոտեցմամբ, թե Վերին Լարսը Վրաստանի համար վտանգ չի ներկայացնում:

Որքան էլ նախորդ հայտարարությունների համատեքստից դուրս լինի, բայց Անվտանգության խորհրդի վրաց քարտուղարը ասվածին հավելել է, թե փորձ է արվում Վերին Լարսի անցակետի բացման բանակցություններում պաշտպանելու ինչպես Վրաստանի, այնպես էլ Հայաստանի շահերը: «Այդ բանակցություններում առաջատար դեր ունի արտաքին գործերի նախարարությունը», նշել է Էկա Տկեշելաշվիլին : Նրա խոսքերով, Լարսի բացումը սպառնալիք չէ, այլ նպատակահարմար քայլ ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական տեսանկյունից:

Թերեւս հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարի ֆոնին վրացական կողմը փորձում է հիշեցնել Լարսի անցակետի կարեւորությունը, ընդ որում, ամենայն հոգածությամբ շեշտադրելով, թե Հայաստանին այդ անցակետն ավելի հարկավոր է, քան Վրաստանին, ու բանակցություններ-քննարկումներն էլ Ռուսաստանի հետ անցկացնում է հայկական կողմը:

Օրերս մտահոգություն էր հնչել, թե Վրաստանը սկսում է կորցնել աշխարհաքաղաքական իր «գործառույթը», ուստի պետք է ջանք ու եռանդ չխնայել բացելու Վերին Լարսի անցակետը` ապահովելու ցամաքային կապը Ռուսաստանի հետ: Նման հայտարարություն էր արել պատգամավոր Ջոնդի Բագատուրիան : Բագատուրիան ընդգծել էր, թե անցակետը պետք է բացվի, թող հետո միայն «մաքսավորներն ու սահմանական ծառայությունը որոշեն, թե ով պիտի վարունգ, պոմիդոր ու հերոին ներկրի»:

Բագատուրիան Անվտանգության խորհրդի փակ նիստից հետո հայտարարել է, թե Լարսի բացման հարցը լուծված է: Պատգամավորը չի մանրամասնել, սակայն, թե իր ընկալմամբ ինչ է նշանակում լուծված լինելը` բացում, թեմայի քննարկման ավարտ, հաջողված բանակություններ, թե մեկ այլ վիճակ:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4