«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2009-11-13 | #208, 2009-11-14 | #209, 2009-11-17


ԱՆԿԱՐԱՆ ԵՐԲԵՔ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ՉԻ ԵՂԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ

Քաղաքագետ Իգոր Մուրադյանը վստահ է, որ Ղարաբաղի խնդիրը Թուրքիայի համար հարմար առիթ է ձգձգելու հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը, քանի որ Թուրքիան հասկացել է, որ արձանագրություններն ու սահմանի բացումն ամերիկյան քաղաքականության լավ մշակված եւ Եվրոպայի հետ համաձայնեցված դավադրությունն են ընդդեմ Թուրքիայի: Ըստ Մուրադյանի, ԱՄՆ քաղաքականության հիմքում ընկած է Թուրքիային զսպելու նպատակը: «Եթե լսեք, որ ԱՄՆ-ն Թուրքիայում ցանկանում է նոր ռազմաբազա հիմնել, միեւնույնն է, դա պետք է դիտարկել Թուրքիային զսպելու ամերիկյան ռազմավարություն»: Ըստ Մուրադյանի, ամերիկացիներն անպարտելի խաղ են սկսել, որն ունի սցենար, եւ երկուսի դեպքում էլ Թուրքիան հայտնվում է ոչ ցանկալի իրավիճակում: «Առաջինն այն է, որ սահմանը չի բացվում, եւ Արեւմուտքը շարունակում է հայկական գործոնն աշխատեցնել Թուրքիայի դեմ: Երկրորդ սցենարի համաձայն` սահմանը կբացվի, Թուրքիան ստիպված հարաբերություններ կսկսի Հայաստանի հետ, տարածաշրջանում նոր փոփոխություններ կլինեն, ինչի հետեւանքով Թուրքիան խաղալու է այն խաղի կանոներով, որոնք մշակել է ԱՄՆ-ն: Սակայն գոյություն ունի նաեւ հետեւյալ հանգամանքը. Թուրքիան ձգտում է դուրս գալ ամերիկյան եւ ընդհանրապես արեւմտյան ազդեցությունից»: Քաղաքագետի վստահեցմամբ, ամերիկացիները հասկացել են, որ սխալվել են. նման խաղ կարող էին խաղալ Թուրքիայի հետ 30 տարի առաջ, որովհետեւ ներկայիս Թուրքիան տնտեսապես, քաղաքականապես եւ բանակով հարուստ պետություն է:

Մինչդեռ այդ խաղից կշահի Ռուսաստանը, որն, ի տարբերություն ԱՄՆ-ի, հսկայական ազդեցություն ունի Հայաստանի վրա: Մուրադյանը մատնանշում է նաեւ վերջերս ակտիվացած ռուս-թուրքական շփումները, որոնց ընթացքում Ռուսաստանը Անկարային հորդորել է կա՛մ չվավերացնել արձանագրություները, կա՛մ վավերացնել ու adeous ասել ամերիկացիներին: Նա վստահ է, որ Էրդողանի Իրան այցելության ժամանակ Ահմադինեժադն էլ է առաջարկել հրաժարվել ամերիկյան սցենարից:

Քաղաքագետը վստահ է, որ Թուրքիան վախենում է Հայ դատի պահանջատիրության գաղափախոսության անկումից, քանի որ գաղափարախոսության առկայությունը բխում է Թուրքիայի շահերից: «Թուրքերը վախենում են, որ այն կարող է չեզոքանալ, եւ հայկական հարցը կդառնա միջագային քաղաքականության շրջանառվող հարց, ինչից Թուրքիան տագնապում է: Հայ դատը Թուրքիայի համար հարմար տարբերակ է»: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի նախաձեռնությանըՙ բանախոսը կարծիք հայտնեց, որ նախագահին շրջապատում են մարդիկ, որոնց մի մասին տեսնում ենք, մյուսին` ոչ: Ի դեպ, հենց նրանց, ում չենք տեսնում, շահագրգիռ են «լողալու հոսանքին համընթաց»: Վերջերս եվրոպական մի շարք երկրներում փորձագիտական շրջանակների հետ հանդիպումներ ունեցած Մուրադյանը պատմում է, որ եվրոպացի մասնագետների տպավորությամբ` Սերժ Սարգսյանը պատրաստ է հանձնել տարածքներ: «Ինձ համար զարմանալի է այդ պատրաստակամությունը: Աշխարհաքաղաքական որեւէ կենտրոն մեզանից ոչ մի տարածք չի պահանջում: Զարմանալի է, որ այստեղ մարդիկ ցանկանում են տարածք հանձնել: Ինչո՞ւ են ուզում անել դա, անհասկանալի է: Թեպետ պարզ է, որ գողացել են տարիներ շարունակ, հիմա ուզում են պահպանել գողացածը»: Մուրադյանի դիտարկմամբ, այդ մարդկանց համար շահ չկա, կա հարմարավետություն: Թե ինչ պետք է անել, որ քաղաքական դաշտում դադարեն Ղարաբաղը հանձնել-չհանձնելու մասին քաղաքական սպեկուլյացիաները, քաղաքագետն առաջարկում է փոխել էլիտան: Ըստ նրա, այժմյան էլիտան գոհանում է ներկա իրավիճակով, Հայաստան-Ղարաբաղ հարաբերության ներկայիս որակով եւ նրանով, որ Ղարաբաղը դարձել է անձայն մի սուբյեկտ: «Հայաստանում ու Ղարաբաղում էլիտան միեւնույն բանդան է, որը պատրաստ է ծախել ամեն ինչ: Ի դեպ, նրանք ովքեր այսօր իրենց համարում են իշխանությանն ընդդիմություն` Դաշնակցությունը, Հայ ազգային կոգրեսը կամ ամերիկացիների խամաճիկ Րաֆֆի Հովհաննիսյանը, ամեն ինչ շատ ավելի արագ կծախեն»: Մուրադյանը Սարգսյան-Ալիեւ հանդիպումները որակեց բանակցային էկզոտիկա: Ըստ նրաՙ դա իմիտացիա է, որը պատերազմից ավելի լավ է եւ բավարարում է կողմերին ու հակամարտության կարգավորման միջնորդներին:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4