«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2009-11-13 | #208, 2009-11-14 | #209, 2009-11-17


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ԽՈԶԻ ԳՐԻՊ»-ՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 15-Ի

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում «A/H1N1» վիրուսով (խոզի գրիպ) հիվանդների թիվը հասել է 15-ի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը, այսօր առավոտյան Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում 8 հիվանդ կային, բայց վեցն արդեն դուրս են գրվել, հիվանդանոցում են երկուսը: Դուրս գրված անձինք համարվում են առողջ եւ վարակ տարածողներ չեն, նրանք շրջապատողների համար վտանգավոր չեն: Բժիշկները հիվանդանոցում գտնվող հիվանդների վիճակը գնահատում են բավարար: Հինգ հիվանդների լաբորատոր հետազոտությունների նմուշներն ուղարկվել են Լոնդոնի ռեֆերենտ-լաբորատորիա, եւ պատասխանն ակնկալվում է մեկ ամսից:

Հանրապետությունում շարունակվում են վարակի ներթափանցումն ու տարածումը կանխարգելող միջոցառումները: Օդանավակայանում ու անցումային բոլոր կետերում շարունակվում է հսկողությունը երկիր մուտք գործող անձանց առողջական վիճակի նկատմամբ: Նախարարության օպերատիվ շտաբն ամեն առավոտյան եւ երեկոյան խորհրդակցություն է անցկացնում` քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը: Դպրոցներում, մանկապարտեզներում շարունակվում է մոնիտորինգը: Շեշտը դրվում է կանխարգելիչ միջոցառումների վրա. այսօր հեռուստաընկերությունների են տրամադրվել տեսահոլովակներ, որոնք ուսուցողական բնույթ են կրում եւ միտված են վարակի կանխարգելման գործում հասարակության գիտակցության բարձրացմանը: Նախարարի օգնականը հավաստիացնում է, որ իրականացվող միջոցառումները նույնն են, ինչ այս սեզոնին պարբերաբար եւ պարտադիր իրականացվող աշխատանքները, պարզապես այս տարի դրանք կրում են ավելի խոր, ուշադիր եւ հետեւողական բնույթ:

Նրա խոսքերով` հանրապետությունում համաճարակային իրավիճակ չկա. անհանգստանալու հիմքեր եւս չկան, պարզապես պետք է պահպանել հիգիենիայի տարրական կանոնները, որոնք պարտադիր են սովորական գրիպից եւս խուսափելու համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4