«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2009-11-13 | #208, 2009-11-14 | #209, 2009-11-17


ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԸ ԲԱՆԱԿՈՒՄ. «ԵԹԵ ՄԻ ՓՈՔՐ ԱՎԵԼԻ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԼԻՆԵՆՔ` ՇԱՏ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ ԿԱՐԵԼԻ Է ԽՈՒՍԱՓԵԼ»

Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի «Խաչմերուկ» ակումբը հետաքրքրական ասուլիս-հանդիպում էր կազմակերպել ազգային բանակի Գյումրիում տեղակայված զորամասերից մեկի հրամանատարի հոգեւոր խորհրդական, այս պաշտոնում ծառայությունն ավարտած Տեր Հակոբ քահանա Գրիգորյանի հետ, որը պատմեց բանակում իր հոգեւոր ծառայության մասին, հայտնեց տպավորություններն ու խոհերը: Լրագրողներից բացի հանդիպմանը մասնակցում էին նաեւ զինվորների ծնողների հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ:

Ինչպես նշված էր ներկաներին նախապես տրամադրված տեղեկանքում, ուղիղ 12 տարի առաջ` 1997 թ. նոյեմբերի 13-ից է հայոց բանակում սկսվել Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովվությունը: Դա երջանկահիշատակ Գարեգին Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսի եւ այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի նախաձեռնությունն է եղել: Այժմ բանակի հոգեւոր առաջնորդ Տեր Վրթանես եպս. Աբրահամյանի գլխավորությամբ բանակում իրենց հոգեւոր ծառայությունն են անցնում շուրջ 4 տասնյակ քահանաներ եւ սարկավագներ, որոնք զինվորական ստորաբաժանումներում դասախոսություններ են կարդում, զրուցում զինվորների, սպաների հետ, կազմակերպում ուսուցողական ֆիլմերի ցուցադրություններ, ուխտագնացություններ, կատարում եկեղեցու խորհուրդները եւ այլն: Անդրադառնալով այս ծառայության նպատակներին, Տեր հայրը հայ զինվորի ոգին բարձր պահելու, հայրենասիրություն դաստիարակելու, մեր եկեղեցու նկատմամբ սեր ու հարգանք սերմանելու խնդիրներից բացի, նաեւ կարեւորեց զինվորականների ծանոթացումը Հայ եկեղեցու դավանած արժեքներին, տոներին ու ծիսակարգին, ինչպես նաեւ բանակի զերծ պահումը աղանդների քայքայիչ գործունեությունից: Այս ծառայության կարեւորությունից է բխում եւ այն, որ, Տեր հոր տեղեկացմամբ, համապատասխան որոշում է կայացվել առաջիկայում զորամասերում մշտական գործող հոգեւորականի աստիճան սահմանելու մասին: Դա Եվրոպայում, ամբողջ աշխարհում ընդունված է եւ նորություն չէ: Տեր Հակոբը հունվարից անցնելու է այդպիսի ծառայության:

Զինվոր-նորակոչիկները, բնականաբար, գալիս են տարբեր միջավայրերից, տարբեր ընտանիքներից եւ իրենց պատրաստվածության մակարդակով, մտավոր, հոգեկան եւ հոգեբանական վիճակներով էլ տարբեր են: Հասկանալի է` ոչ բոլորն են արագ հարմարվում բանակային կյանքի տարբեր եւ, առաջին հերթին, հոգեբանական դժվարություններին, այդ կտրուկ անցմանը, ու այստեղ հոգեւորականի ուշադիր վերաբերմունքը, զինվորի հետ կատարվող նաեւ անհատական աշխատանքը կարող են որոշակի դրական դեր խաղալ: Բանախոսը պատմեց իր ծառայության ընթացքում հանդիպած նման դեպքերից մեկը, երբ բարձրագույն երաժշտական կրթությամբ զորակոչվածը, բախվելով իր համար անծանոթ եւ առաջին պահի դժվար ընդունելի իրավիճակին, տեղի ունեցած վեճի հետեւանքով ներքին մեծ կոնֆլիկտ էր ապրել: Հարկ էր եղել ոչ միայն հոգեւորականի, այլեւ նրա միջոցով` հոգեբանի աջակցության: «Հետո գրականության միջոցով, Աստվածաշունչ կարդալու միջոցով ինքը կարողացավ կորսված հավասարակշռությունը վերականգնել իր մեջ»:

Հոգեւորականները լինում են նաեւ կրակադաշտերում, կրակակետերում, եւ շատ դեպքերում զինվորը, տեսնելով, որ հոգեւորականը զենքը ձեռքին նաեւ գալիս է իր հետ կրակելու, որ հայրենասիրությունը նրա բերանում միայն խոսք չէ, եւ նա էլ պատրաստ է հարկ եղած դեպքում իր հայրենիքը, իր սրբությունները պաշտպանել, ինքն էլ է ոգեւորվում:

Բանախոսը ցավով նկատեց, որ այսօր շատերը կարող են ասել` ես քրիստոնյա եմ, բայց անգամ «Հայր մերը» չիմանալ: Նաեւ սա նկատի ունենալով են իրենք դասախոսությունները կամ թեմաների շարքը կառուցում: «Սկսած աղոթքների ուսուցումից, մեր եկեղեցու դավանանքին ծանոթացնելուց` գալիս ենք նրան, որ մարդը գիտակցված կամ գրագետ քրիստոնյա լինի»: Եվ երբ, ինչպես նշվեց, ասենք, զինվորի համար քրիստոնեական արժեքները դառնում են առաջնային ու նաեւ տեսնում է, որ իրեն շրջապատողների համար եւս իրողությունն այդպիսին է, նաեւ կյանքն է հեշտանում, ծառայությունն է հեշտանում: Ահա նաեւ այս առումով կարեւոր է զինվորների մեջ հոգեւորականի ներկայությունը:

Բանակում հոգեւոր ծառայության երեք տարիների իր փորձառության մասին մեր հարցին Տեր հայրը պատասխանեց, թե փորձառությունն իսկապես մեծ է այն առումով, որ այստեղ հոգեւորականի առաջ հասարակությունն է իր բոլոր շերտերով ու ամբողջ բազմազանությամբ: Սա հոգեւորականի համար եւս մեծ դպրոց է` մարդկանց ընկալումների, հարցերի բազմազանության իմացության, ավելի գիտելիք եւ առավել մատչելի, հասանելի խոսք ունենալու առումով: Իր փորձառությունը երիտասարդ, շնորհալի քահանային նաեւ մտածել է տվել, թե ինչքան խոցելի կարող է լինել ազգը, պետությունը ներքին թշնամու դեմ, եթե բավականաչափ զգոն չէ: Մեր մեջ ապրող աղանդավորներին այնուամենայնիվ չհամարելով ներքին թշնամի, այլ ավելի շատ` ազգի մոլորյալ զավակներ, նա միաժամանակ ընդգծեց, թե մարդը աղանդի մեջ եղած ընթացքում կարող է իր պետության դեմ «հրաշալի» գործիք ծառայել...

«Եթե մենք մի փոքր ավելի քրիստոնյա լինենք, մի փոքր ավելի մեր եկեղեցու հարազատ զավակը լինենք, շատ խնդիրներից` փոքր կամ մեծ, կարելի է խուսափել», իր խոսքը եզրափակեց հոգեւոր հայրը:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4