«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2009-11-13 | #208, 2009-11-14 | #209, 2009-11-17


ԿՈՄԻՏԱՍԸ ՀՈՒԶՈՒՄ Է ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՀՈԳԻՆ

Կոնսուելո Վիդալը Հայաստանից հեռանում է հիացած Տաթեւի ու Ամբերդի վեհությամբ, շոյված հայկական կենացներով ու խորոված անելու գործում հմտացած

Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալն ավարտեց իր առաքելությունը: Հայաստանից հետո իր աշխատանքային գործունեությունը տիկին Վիդալը կշարունակի Իրանում` գլխավորելով ՄԱԿ-ի ներկայացուցչությունը այդ երկրում: Գործնական հանդիպումները վերջին մի քանի շաբաթում բազմաթիվ էին, ուստի «Ազգն» իր ընթերցողին է ներկայացնում տիկին Կոնսուելո Վիդալի տպավորությունները Հայաստանից ու հայ ժողովրդից:


- Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանն ու մարդկանց այստեղ` ընդհանրական տպավորությամբ:

- Չորս տարի այստեղ ապրելուց հետո ես ինձ օտարերկրացի չեմ զգում: Սկզբից էլ շատ ընդհանրություններ էի զգում հայերի հետ: Ես լատինամերիկացի եմ, եւ մենք ընդհանուր արժեքներ ունենք, օրինակ, ինչպիսին է ընտանեկան կյանքը, որոնք են ընկերության արժեքները, ինչպես են մարդիկ պայքարում իրենց ապագայի համար եւ այլն: Երբ գալիս էի Հայաստան, մի գիրք էի կարդում, որ վերնագրված է «Խաչմերուկ»: Հեղինակը, բնութագրելով Հայաստանը, գրում էր, թե, իր տպավորությամբ, քայլում է Հայաստանով: Մեր զրույցից առաջ ես էլ մտածում էի, որ իմ չորս տարին էլ այդպես է անցել, քանի որ մարդիկ այստեղ բաց են, բավականին նման Լատինական Ամերիկային, ու աշխարհն իսկապես փոքր է ու, չնայած աշխարհագրականորեն լատինամերիկացին ու հայը հեռու են, բայց ունեն բավականին ընդհանուր արժեքներ:

- Ինչպե՞ս է փոխվել Հայաստանի առնչությամբ Ձեր սկզբնական տպավորությունը, քանի որ մինչ աշխատանքի անցնելն այստեղ չէիք եղել:

- Գնալով ես ավելի ինձ մոտ եմ զգում հայերին, քանի որ հայերը շատ բաց են, բաց գրկով: Ու դա ոչ թե նրա համար, որ ես ՄԱԿ-ի ներկայացուցիչն եմ, այլ որպես Կոնսուելո Վիդալ, որպես մարդ: Եվ սա հայերին շատ առանձնահատուկ է դարձնում, քանի որ սա ամեն տեղ չի պատահում:

- Ի՞նչն եք հատկապես սիրում Հայաստանում:

- Աշխարհագրականորեն եւ ընդհանրապես Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է: Հայաստանը զարմանալի երկիր է: Ես քրիստոնյա եմ ու ինձ համար այս երկրում լինելը նաեւ այդ առումով շատ առանձնահատուկ է: Բայց ես մեծագույն հաճույքով Հայաստանում լինում էի այն վայրերում, որտեղ կարելի է տեսնել հայկական մշակույթի արմատները: Դա եւս առնչվում է իմ երկրին` Պերուին, որ պատմական արմատներ ունի: Տաթեւի համալիրն իմ ամենասիրելի վայրն է: Այդտեղ կարելի է տեսնել հայ ժողովրդի ուժը, համառությունն ու հաստատակամությունը, թե ինչպես են այդ զարմանալի ու գեղեցիկ մենաստանը կառուցել մի վայրում, որ դժվարամատչելի է: Միայն շատ վճռական ու մեծ հավատով մարդիկ կարող էին դա անել: Նաեւ Ամբերդի ամրոցում կարելի է տեսնել այդ վճռականությունն ու կամքը: Ամբերդում նաեւ եկեղեցի կա, որ դիմացել է դարերի ընթացքին: Միայն մեծ ժողովուրդը կարող է դա անել: Նման բոլոր վայրերում ես միշտ այս ժողովրդի ուժի վկան էի դառնում:

- Ի՞նչ եք տանելու Ձեզ հետ Հայաստանից, որ բնութագրական է հայ ժողովրդի ու երկրի համար:

- Ամենից առաջՙ մի շարք նկարներ: Ես բավականին հաջողակ եմ եղել ձեռք բերելու որոշ կտավներ, որոնք կտանեմ ինձ հետ: Եվ այդպես ես հույս ունեմ, որ հայ արվեստը կկարողանամ ներկայացնել աշխարհում, քանի որ իմ կյանքն այնպիսին է, որ ՄԱԿ-ի առաքելությունը ներկայացնելիս մի երկրից մեկնում եմ մյուսը: Հիացած եմ հայ արվեստով եւ նկարները մշտապես կներկայացնեմ որտեղ էլ լինեմ: Ես սքանչացած եմ Կոմիտասի երաժշտությամբ: Կարծում եմ, որոշ առումով այն հրաշալի արտահայտում է հայի հոգին: Այդ երաժշտության մեջ այնպիսի խորիմաստություն կա, որ հուզում է յուրաքանչյուրի հոգին: Երբեմն նաեւ տխրություն կա այդ երաժշտության մեջ` հայ ժողովրդի պատմության ազդեցությամբ, բայց կարծես վերաբերում է բոլորին: Կարծում եմ, դա Կոմիտասի մեծությունն է, որ ադ երաժշտությունը հուզում է յուրաքանչյուրին: Ես մեծագույն հաճույք եմ ստացել համերգներից, դրանց կատարման որակից: Առանձնահատուկ հիացմունք եմ ապրել մաեստրո Արամ Ղարաբեկյանի եւ իր նվագախմբի համերգներից: Հայերը լռելյայն, առանց այլեւայլության արվեստ են մատուցում երիտասարդությանը, որ հայ ժողովրդի մեծության եւս մեկ օրինակ է:

- Ո՞րն է ներկա դրությամբ հիմնական բնութագրականը Հայաստանի եւ հայ ժողովրդի համար:

- Կարծում եմՙ մարդիկ այստեղ պայքարում են: Ճգնաժամը շատ խնդիրներ բերեց ողջ աշխահին, այդ թվում` Հայաստանին: Սա շատ դժվար պահ է, նման այն պահերին պատմության մեջ, երբ հայերը դժվարության պահին համատեղվել են, աջակցել միմյանց որպես մեկ ազգ:

- Հայաստանից հետո Ձեր առաքելությունը կրկին որպես ՄԱԿ-ի ներկայացուցչության ղեկավար շարունակելու եք Իրանում: Ինչպիսի՞ն է տրամադրվածությունը Իրան մեկնելու, եւ պատրաստվո՞ւմ եք կրկին գալ Հայաստան:

- Աշխարհագրական առումով Իրանը շատ մոտ է, եւ դա ինձ շատ հնարավորություններ կտա հաճախակի այցելելու Հայաստան: Եվ ինչպես արդեն ասացի գրքի հեղինակի խոսքերով, ես էլ եմ զգում, թե քայլում եմ հայ ժողովրդի հետ, ու այդ ճանապարհորդությունը դեռ չի հասել իր ավարտին: Կարծում եմՙ այդ ճանապարհորդությունը երբեք էլ չի վերջանա ինձ համար: Ես Հայաստանի հետ եմ իմ սրտով, ու դա ապագայում էլ կլինի այդպես:

Իրան մեկնելու նախապատրաստման ընթացքում ես մի քիչ ծանոթացել եմ Իրանի պատմությանը, մշակույթին, լեզվին` պատրաստ լինելու աշխատանքին: Այստեղ էլ որոշ ազդեցություն զգացվում է այդ մշակույթից:

- Ի՞նչն է առավել շատ դուր եկել հայկական խոհանոցից, որեւէ բան փորձե՞լ եք ինքներդ պատրաստել հայկական տարբերակով:

- Շատ հետաքրքրական հարց է, քանի որ ինձ ձեր խոհանոցը շատ է դուր գալիս. թարմ ու համեղ մթերք ունեք, եւ ինձ մեծագույն հաճույք է պատճառում, թե ինչպես եք դուք պատրաստում: Մեծ ընտանիքով, ընկերներով սեղան են նստում, երկար ու համեղ ուտում, բաժակաճառեր են ասվում ընդգծելու այն ամենը, ինչ միավորում է սեղանակիցներին ու նրանց ընկերությունը: Սա մի յուրօրինակ ձեւ է ուտեստ ճաշակելու, ինչն ինձ անչափ դուր է եկել: Ես փորձել եմ ինչ-որ բաներ պատրաստել, բայց անհաջող: Միակ բանը, որ սկսեցի անել ու հաճույք ստանալ, խորովածն էր (ասում է հայերենով): Հետո ինձ ասացին, թե խորովածը Հայաստանում անում են տղամարդիկ: Կատակեցի, թե սա շատ հետաքրքրական գենդերային հարց է:

- Կա՞ն սիրելի բաժակաճառեր Ձեզ համար:

- Գիտեմ, որ հատուկ երրորդ բաժակաճառ կա` կանանց կենացը: Եվ միշտ շատ հոյակապ էր, որ տղամարդիկ այդ կենացը խմում են կանգնած: Դա շատ տպավորիչ է: Բայց ինձ առավել հիացրել է, որ անգամ գործնական ճաշի ժամանակ մարդիկ բաժակ են բարձրացնում` խմելով ընտանիքի, հայրերի ու մայրերի կենացը: Ես իմ ծնողների հետ չեմ ֆիզիկապես, եւ դա ինձ միշտ շատ տպավորել է:

- Դուք նշեցիք կանանց համար ասվող կենացը: Իսկ որպես կին ինչպե՞ս էիք Ձեզ զգում Հայաստանում:

- Ես միշտ հարգված եմ զգացել ու ստացել եմ աջակցություն: Ես երախտապարտ եմ դրա համար, բայցեւ գիտեմ, որ դա նաեւ այն պատճառով էր, որ ես օտարերկրացի կին եմ ու այս պաշտոնում: Դժբախտաբար, ոչ բոլոր կանայք են արժանանում նույն այդ վերաբերմունքին, հարգանքին, ինչ ես: Կանայք պայքարում են հավասարակշռելու իրենց պարտավորությունները, եւ դեռ այդ ուղղությամբ անելիքներ կան:

- Ինչպիսի՞ն է տպավորությունը հայկական միջավայրում ու հայերի հետ աշխատելու առումով:

- Իմ անձնակազմը մեծ մասամբ կազմված է հայերից: Իմ բախտը բերել է, քանի որ ես շատ լավ աշխատակիցներ ունեի այստեղ: Ես այստեղ ներկայացրել եմ ՄԱԿ-ի բոլոր գործակալությունները, ոչ միայն ՄԱԶԾ-ն եւ, կարող եմ ասել, որ անձնակազմը բարձր մասնագիտական հատկություններով, համագործակցային մարդիկ էին: Իհարկե, վերջում հայ ժողովուրդը պետք է տա մեր աշխատանքի գնահատականը, բայց ես հպարտ եմ, որ աշխատել եմ այս անձնակազմի հետ:

- Հայերեն որոշ բառեր սովորեցի՞ք այս տարիների ընթացքում:

- Ոչ այնքան, որքան կուզենայի: Որոշ բառեր` շնորհակալություն, բարեւ ձեզ եւ նման բաներ գիտեմ, բայց դա այն չէ, որքան կուզենայի իմանալ: Հայերենը իմ մայրենի լեզվից ամբողջապես տարբեր է: Հնչյունները շատ տարբեր են, բայց ես վստահ եմ, որ միշտ կճանաչեմ հայերենը, որտեղ էլ լսեմ: Ես սկսել եմ նաեւ հասկանալ զրույցները, կարող եմ հասկանալ, թե ինչի մասին է խոսակցությունը: Հայերենը բացառիկ է հայ ազգի համար:

- Որպես Ձեր առաքելության ավարտի խոսքՙ ի՞նչ կցանկանայիք մաղթել հայ ժողովրդին:

- Իմ կոչն է մասնակցություն ցուցաբերել երկրի ապագային այնպես, որ յուրաքանչյուրն իր պատասխանատվությունն ունենա այդ ապագայի համար, ներգրավվել ու մաս կազմել սեփական խնդիրների լուծմանը, այլ ոչ միայն սպասել, թե պետությունը կամ միջազգային հանրությունը կառաջարկեն լուծման տարբերակներ:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4