«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2009-11-13 | #208, 2009-11-14 | #209, 2009-11-17


ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ-70

Ռոբերտ Ամիրխանյանը հայ երաժշտական մշակույթի ամենասիրված ու հեղինակավոր անուններից է: Բացառիկ երեւույթ հայ կոմպոզիտորական արվեստում` որպես մեծատաղանդ երգահան, քնարական երգի անմրցելի վարպետ ու նորարար:

Ռ. Ամիրխանյանի արվեստը վաղուց գնահատվել է մեր ժողովրդի կողմից, նրա երգերը դարձել են մեր կեցության մասը, եւ նա ըստ արժանվույն է կրում ՀՀ ժողովրդական արտիստի բարձր կոչումը:

Ռ. Ամիրխանյանի բազմաբովանդակ գործունեությունը գնահատվել է նաեւ ՀՀ «Մերոպ Մաշտոց» շքանշանի շնորհմամբ, ինչպես նաեւ` պետական ու հասարակական վստահության այլ նշանակալից դրսեւորումներով:

Ռ. Ամիրխանյանը Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միության նախագահն է, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, երաժշտության տեսության ամբիոնի վարիչ: Եղել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ներկայումս Հանրային խորհրդի անդամ է:

Ստեղծագործական, մանկավարժական, հասարակական կազմակերպչական հագեցված գործունեությամբ ապրող կոմպոզիտորը 70 տարեկան է, եւ այդ կյանքի սրընթաց տարիները իմաստավորված են գեղարվեստական նշանակալի ձեռքբերումներով:

Ռ. Ամիրխանյանը երաժշտական կյանք մտավ որպես վառ տաղանդով օժտված երաժիշտ` դաշնակահար, էստրադային երգի սիրահար եւ ստեղծագործող: Ուսման տարիները Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում եւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում անցան հախուռն ու վայրիվերո, քանի որ ուսանողական տարիներից արդեն նա մտել էր բեմական-համերգային կյանք, աշխատում էր Հայաստանի պետական ջազ-նվագախմբում` որպես դաշնակահար, ապա «Կռունկ», ՇվՏրՑՖ եւ այլ իր իսկ կազմավորված վոկալ-գործիքային անսամբլներում` որպես գեղարվեստական ղեկավար ու դաշնակահար: Երաժշտություն էր գրում Պոդպոմոգովի մուլտֆիլմերի համար եւ այլն:

Դրանք Ամիրխանյանի երգարվեստի ձեւավորման, կայացման ու հասունացման տարիներն էին, երբ նա շրջապատված էր իր արվեստով հրապուրված ընկեր-ուսանող-ուսանողուհիներով: Նա նվագում էր, երգում ու սրտեր էր գերում, նաեւ` գերվում...

Հետո եկան ավելի «լրջմիտ» տարիներ, նրա արվեստի ճանաչման ու գնահատության շրջանակները ընդլայնվեցին մեկը մյուսին հաջորդող հաղթանակներով` միջազգային մրցույթներին ու փառատոներին: Բեռլինումՙ «Հայրենասիրական երգի մրցույթում» (1973), Սոպոտումՙ «Էստրադային երգի միջազգային մրցույթում» (1976), Բելգրադում, Մոսկվայում, Յուրմալայում, Բեյրութում, Լոս Անջելեսում եւ այլուր: Տարիների հետ ընդլայնվում էր նրա հեղինակային համերգների աշխարհագրական տարածքը, հաճախակի էր դառնում մասնագիտական մասնակցությունը միջազգային մրցույթների ժյուրիում, ստեղծագործական փոխառնչությունները` հռչակավոր երաժիշտների հետ:

Ժամանակի ընթացքում կազմվեցին ու հրատարակվեցին նրա երգերի ժողովածուները («Սով. գրող», 1989, «Արճեշ», 2000, «Արճեշ», 2006), թեեւ բազմաթիվ գործեր դեռեւս սպասում են հրատարակման:

Նրա երգերը հնչեցին ժամանակի լավագույն երգիչ-երգչուհիների կատարմամբ- Բ. Դարբինյան, Է. Մակարյան, Ռ. Մկրտչյան, Գ. Մինասյան, Զ. Տոնիկյան, Է. Յուշբաշյան, օտարազգի` Ի. Կոբզոն, Մ. Մագոմաեւ, Ս. Ռոտարու, Լ. Մոնդրուս, Ե. Կամբուրովա եւ ուրիշներ: Վերջին տարիներին Ռ. Ամիրխանյանի երգերի կատարմամբ հաջողությամբ հանդես է գալիս երիտասարդ երգչուհի Ս. Ամիր-Կարայանը:

Տարբեր ժանրերում արված հաջողակ փորձերից հետո (սիմֆոնիկ պոեմ, դաշնամուրի կոնցերտ, լարային կվարտետ եւ այլն) Ռ. Ամիրխանյանը հիմնավորվեց երգի ժանրում, նրանում զգաց իր տաղանդի մղումը: Երգով նա մտավ կինոերաժշտություն («Տղամարդիկ», «Հայրիկ», «Օտար խաղեր» եւ այլն), խմբերգային արվեստ (հոգեւոր, հայրենասիրական, մանկական խմբերգեր): Երգի առանցքով ծնվեցին մյուզիքլները («Ատամնաբույժն արեւելյան», «Շախ ու մատ», «Դինգ-դոնգ»):

Ռ. Ամիրխանյանը իր շուրջ 100 երգերով բարձրացրեց հայ քնարական երգը ժամանակակից պոեզիայի գեղարվեստական ներգործության մակարդակին, ընդլայնեց երգի բովանդակային խորքը եւ այն դրեց դասական կամերային երաժշտության մյուս ժանրերի կողքին:

Բանաստեղծական ձիրքով ու նուրբ զգացողությամբ օժտված կոմպոզիտորը կարեւորելով բառի երգեցողությունը ընտրում էր բարձր բանաստեղծական տողեր հայ եւ ռուս բանաստեղծների արվեստում: Շատ բանաստեղծական տողեր նոր կյանք առան Ռ. Ամիրխանյանի երգերում. «Աշնան մեղեդի», «Կարոտ», «Քեզ հետ, իմ սեր», «Դուՙ ինչպես մի աստղ», «Կապույտ թռչուն», «Ժպտա», «Արեւոտ անձրեւ», «Տաղ անանձնական», «Կարմիր ծաղիկ մը գարունքի» եւ բազմաթիվ այլ երգեր բացում են քնարական ու դրամատիկ հույզերի մի խորունկ աշխարհ:

Հայրենի երկրի ու ժողովրդի նկատմամբ իր նվիրական զգացմունքները կոմպոզիտորն արտահայտեց «Երկիր հայրենի», «Հայի աչեր» եւ այլ երգերում, որոնք ջերմացնում են հայի սիրտը աշխարհի տարբեր ծայրերում:

Առանձնահատուկ քնքշանքով ու չարաճճի խաղացկոտությամբ հյուսեց մանկական երգերը, որոնք մեծ հաճույք են պատճառում ե՛ւ փոքրերին, ե՛ւ մեծերին (նոր տարվա հանդես, Օրորոցային, Դինգ-դոնգ, Պույ-պույ մուկիկը եւ այլն):

Կարեւոր է, որ բոլոր տեսակի երգերում Ռ. Ամիրխանյանը խոշոր մելոդիստ է, «խոսուն» երգայնության, լայնաշունչ ու հուզաշատ մեղեդայնության, մարդ-բնություն կապի «թրթիռը»շնչավորող մեղեդիների ու դրանք գունավորող շքեղ հարմոնիաների վարպետ:

Տարիների ընթացքում Ռ. Ամիրխանյանի երգարվեստը բացահայտվեց հուզական-բովանդակային ավելի թանձր գույներով: Ե. Չարենցի, Վ. Դավթյանի, Լ. Դուրյանի, Սարմենի, Ռ. Դավոյանի, Ա. Սահակյանի, Լ. Բլբուլյանի, Ա. Կիրակոսյանի, Մ. Ցվետաեւայի, Ռ. Ռոժդեստվենսկու եւ այլ բանաստեղծների խոսքերով գրված երգ-մենախոսությունները քնարական երգի հոգեբանականացման, «սիմֆոնիզացման» մի նոր հարթություն բացեցին հայ երգարվեստում:

Իրոք, Ռ. Ամիրխանյանը ստեղծելով ազգային ավանդույթների վրա հենվող իր ինքնատիպ ստեղծագործական ոճը, նաեւ մեղեդիական նոր արտահայտությունների լայն հեռուներ բացեց, որով եւս մեծապես կարեւորվում է նրա տաղանդի նորարարական ուժը` հայ երգարվեստի պատմության մեջ:

Գնալով հաճախակի են դառնում նրա ստեղծագործական հանդիպումները ուսանողության, բանակային երիտասարդների, մանկապատանեկան լսարանի հետ: Իսկ արտերկրում նրա հեղինակային ելույթները նշանավորվում են հայրենիք-սփյուռք հոգեւոր կապը ամրացնող, հայրենատենչ սրտերը երգով միավորող բարձր առաքելությամբ:

Ռ. Ամիրխանյանի հոգսերի կարեւորագույն օղակն է Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միության գործունեությունը, որի աշխատանքները ներկա հնարավորությունների պայմաններում ընթանում են ամենամյա գարնանային ու աշնանային համերգաշարերով, Միջազգային գիտաժողովների ու փառատոների, հոբելյանական հեղինակային երեկոների անցկացման, կոմպոզիտորների ստեղծագործությունների եւ երաժշտագիտական աշխատությունների հրատարակության եւ այլ գործերով:

Ինչ խոսք, որպես վառ անհատականություն Ռ. Ամիրխանյանն էլ ունի իրեն սիրող ու չսիրողներ` իրենց զգացմունքին համապատասխան վարքագծով: Սակայն նա չի տրտմում եւ առաջ է նայում: Որովհետեւ, երբ արվեստագետն ունի իր ստեղծագործության ուրախությունը, իր հոգու «սնունդը», որից շռայլորեն բաժին է հանում նաեւ մարդկային սրտերի համար, ապա երկրային գործերն ու հոգսերը, մարդկային շփումներն ու որոշ «խճողումները» մի տեսակ «սեւագրության» նման անցողիկ արժեք են դառնում, որովհետեւ կա դրանից ավելին, կա ամեն մի նոր ստեղծագործության մեջ մաքրվելու, սրբագործվելու եւ ինքն իրեն գտնելու երջանկաբեր ճշմարտությունը:

Այդ ճշմարտության լույսը փոխանցվում է նաեւ մեզ, նրա արվեստը սիրող մարդկանց: Նրա երգերը դառնում են նաեւ մեր առօրեական հոգսերը փարատող եւ կյանքը գեղեցկացնող ոգեղեն ուժ:

Այսօր, 70 տարեկան Ռոբերտ Ամիրխանյանը էլի «ջահել է ու սիրուն» (ինչպես երգում):

Եվ այդ ջահելության գաղտնիքը նրա մեջ ապրող պատանեկան ոգին է, դեռեւս բաց` կյանքի անակնկալների առջեւ, արտաքուստ ակտիվ ու հնարամիտ, ներքուստ` երազկոտ ու ռոմանտիկ, նաեւ` չարաճճի ու կատակախոս, տարիքի երբեմն զգացնել տվող նեղություններով հանդերձ:

Ուրեմն մաղթենք հոբելյար-կոմպոզիտորին Ժպիտ, Սեր, Հույս, Հավատ եւ Առողջություն:

ԺԱՆՆԱ ԶՈՒՐԱԲՅԱՆ, Արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4