«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2009-11-13 | #208, 2009-11-14 | #209, 2009-11-17


ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ՊԱՇՏՈՂ ՄԱՇՏՈՑԱԿԱՆՆԵՐԻ 10-ԱՄՅԱ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Հայ գրականության մարգարտահատիկները երիտասարդության առջեւ շաղ տալու եւ նրանց սրտերում մայրենիի հանդեպ ամուր սեր բորբոքելու «Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի» կենտրոնի ձգտումն այսօր նույնքան ուժգին է, որքան 10 տարի առաջ` հիմնադրման օրերին: Կենտրոնի հիմնադիր, բանասիրական գիտությունների թեկնածու Նադյա Անտոնյանն այն ժամանակ առաջին քաջալերանքը ստացավ Սիլվա Կապուտիկյանից, որի ձեռագրով գրված հետեւյալ խոսքերը գաղափարահիմք դարձան կենտրոնի հետագա գործունեության համար. «Մենք հիմա ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ յուրաքանչյուրս ամեն պահ պետք է փրկենք մեր ժողովրդին: Մաշտոցի անվան խոսքի մշակութային կենտրոնը` սկսած իր ղեկավար Նադյա Անտոնյանից, վերջացրած նրա խանդավառ անդամներով, իր փխրուն ուսերի վրա է վերցրել ժողովրդի հոգեւոր գանձերը` լեզուն, խոսքը, բանաստեղծությունը, ներկա փոթորիկներից փրկելու իրեն բաժին ընկած բեռը: Մաղթում եմ Մեսրոպ Մաշտոցի մերօրյա աշակերտներին տեւական ջանք ու նվիրում` շարունակելու իրենց հայապահպան առաքելությունը»:

Կենտրոնի հիմնադրման 10-ամյակի առթիվ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը երեկ տեղի ունեցավ «Մայրենիի անաղարտության պահպանումը գեղարվեստի ներուժով» միջոցառումը` աջակցությամբ Հայաստանի սփյուռքի նախարարության եւ նախաձեռնությամբ «Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի» կենտրոնի, «Հայկական սփյուռք» հասարակական կազմակերպության եւ «Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության»: Նադյա Ատոնյանն ու նրա սաները շնորհավորանքի ջերմառատ խոսքեր լսեցին ոչ միայն սփյուռքի նախարար Հ. Հակոբյանից, կրթության եւ գիտության նախարար Ա. Աշոտյանից, մշակույթի նախարար Հ. Պողոսյանից, Երեւանի քաղաքապետ Գ. Բեգլարյանից, այլեւ հիմնադրումից ի վեր կենտրոնին աջակցող անվանի մտավորականներ մաեստրո Հովհաննես Չեքիջյանից, ժողովրդական դերասան Սոս Սարգսյանից, Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանից, ԵՊՀ պրոֆ. Լեւոն Եզեկյանից, պրոֆ.Սամվել Մուրադյանից, «Սփյուռք» կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանից, դերասան Ազատ Գասպարյանից եւ ուրիշներից:

«Տասը տարի առաջ, երբ մեր լեզվամշակույթը տկար վիճակում էր, ցավով նկատեցինք, որ մեր երիտասարդությունը քիչ է կարդում ու հաղորդակցվում մեր բարձրարժեք պոեզիային: Ժամանակը կարծես պահանջում էր ստեղծել մի կենտրոն, որն առավել գրավիչ ձեւերով ու միջոցներով կարողանար երիտասարդների միջոցով երիտասարդությանը ներկայացնել մեր մայրենիի անաղարտությունը, մեր լեզու-հայրենիքը, որի մեջ ամփոփված են մեր հոգեւոր հացը, մեր գրական մշակույթը: Շատ դժվար ճանապարհ անցանք, որովհետեւ ծանր ժամանակաշրջան էր, ու քչերն էին հավատում, որ բանաստեղծությունը պիտի հաղթի: «Մաշտոց» կենտրոնն այդ հավատավորներից էր եւ իր բաժին բեռն առնելով ուսերին` շարունակեց իր ճամփան եւ ունեցավ հրաշալի մաշտոցականներ, ովքեր սիրով ասմունքում եւ քարոզում են մեր գրական գոհարները», ասաց Նադյա Անտոնյանը:

Այսօր նա նաեւ ՀՀ սփյուռքի նախարարության մշակութային եւ երիտասարդական ծրագրերի ղեկավարն է, նրա հիմնադրած կենտրոնում ընդգրկված են տարբեր բուհերի ու դպրոցների սաներ, ովքեր մեծ սեր ունեն ասմունքի հանդեպ: Տիկին Անտոնյանն ընտրում է շնորհալի երիտասարդներին ու նրանց տալիս է խոսքարվեստի անվճար դասեր: Տարիների փորձը ցույց է տվել, որ նրանց մեջ բնավ քիչ չեն մայրենին պաշտող եւ նրանով ստեղծված պոեզիան մեծագույն սիրով կատարող երիտասարդները: Նրանց խանդավառությամբ գրական-երաժշտական բարեգործական համերգներ են անցկացվել մայրաքաղաքի եւ մարզերի բեմերում, նաեւ Արցախում: Կենտրոնի գործունեությունը բարձր են գնահատել ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի պետական եւ հոգեւոր այրերը: Համերգային ծրագրերից բացի կենտրոնը ստեղծել է հայ գրականության առաջին էլեկտրոնային քրեստոմատիան` Գարեգին Նժդեհի պատգամով. «Ցեղաճանաչ եղիր եւ կրիր քո մեջ ցեղը», «Դարերի մեջ են մեր արմատնեը» տեսասկավառակը, որում հնչում են մեր մեծերի` Կապուտիկյանի, Սեւակի, Շիրազի ձայները, ինչպես նաեւ հատվածներ «Սասունցի Դավիթ» էպոսից, «Վարդանանք» պատմավեպից եւ այլն:

«Ինձ համար չափազանց կարեւոր է ունկնդրին արեւելահայ եւ արեւմտահայ պոեզիան ներկայացնելը, քանի որ այդպես քարոզում ենք մեր երկու գրական լեզուները, մշակույթներն ու նրանց մեջ ամբարված ուժը փորձում ենք ներարկել երիտասարդությանը: Հենց այդ հատկանիշով մեր խտասալիկները ճանաչվել են որպես ուսումնական նյութ` Հայաստանի եւ սփյուռքի կրթական հաստատությունների համար: Մենք գիտենք, թե հիմա ինչպիսի էժանագին «մշակութային» իրողություններն են քարոզվում, եւ ընդդեմ այդ ամենի փորձում ենք ստեղծել հիմնարար, ծանրակշիռ եւ նուրբ մշակութային իրողություններ` ներկայացնելով մեր լեզուն, նրա ազնվական անաղարտությունը:

Երբ դիտում ենք այսօրվա հեռուստահաղորդումները, տեսնում ենք, որ ինչպես ժամանակին Խաչատուր Աբովյանն է ասել, մեր ոսկեղենիկ լեզուն փախչում է մեզանից, հիմա կարելի է ասել` գրեթե փախել է: Իսկ լեզուն, մեր մեծերի բնութագրմամբ, մեր հայրենիքն է, եւ եթե թույլ տանք, որ համաշխարհային զարգացումների մեջ անբարենպաստ իրողությունները կամաց-կամաց դուրս մղեն մեր լեզուն իր հիմնական գործառնական ոլորտից, հետեւանքները չափազանց ծանր կլինեն: Դրա համար հայ մտավորականները պետք է ձեռք ձեռքի տան մեր գանձը պահելու համար, առանց որի չկա ազգային ինքնություն: Մեր պետության համար այս բարդ ժամանակներում անելիքները շատ են, շրջադարձային այս հոլովույթում պետք է կարողանանք մեր սթափությունը պահել եւ հասարական ներուժով մեր տաղանդավոր երիտասարդներին ներարկել լեզու հայրենիքը», ասաց Նադյա Անտոնյանը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4