«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2009-11-13 | #208, 2009-11-14 | #209, 2009-11-17


ԱՐՈՆՅԱՆԸ ՆՊԱՍՏԵՑ ԿՐԱՄՆԻԿԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ

Մոսկվայում ավարտվեց շախմատի պատմության մեջ մասնակիցների ամենաբարձր միջին վարկանիշն (2764) ունեցող Միխայիլ Տալի հուշամրցաշարը: Ավարտական տուրից առաջ Լեւոն Արոնյանն արդեն կորցրել էր հաղթող ճանաչվելու հնարավորությունը, իսկ ահա նրա մրցակից, աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը հաջողության դեպքում կարող էր հավակնել գլխավոր մրցանակին: Բայց հնդիկ գրոսմայստերի իղձերի իրականացմանը խանգարեց Արոնյանը, որն արդեն 25-րդ քայլին ստիպեց մրցակցին հանձնվել:

Այսպիսով, Արոնյանը Տալի հուշամրցաշարում 9 հնարավորից վաստակելով 5 միավոր, Անանդի հետ բաժանեց 4-5-րդ տեղերը: Իսկ մրցաշարի հաղթող ճանաչվեց ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը: Ավարտական տուրում նա սեւերով խաղում էր Վասիլի Իվանչուկի հետ, որը նրանից հետ էր մնում ընդամենը կես միավորով: Այնպես որ հաղթանակի դեպքում Իվանչուկը կճանաչվեր լավագույնը: Կրամնիկին հաջողվեց խաղն ավարտել ոչ-ոքի եւ 6 միավորով արժանանալ գլխավոր մրցանակին: Իվանչուկը Մագնուս Կառլսենի հետ 5,5 միավորով բաժանեց 2-3-րդ տեղերը: Նորվեգացի գրոսմայստերը սեւերով հաղթեց Լեկոյին: Ավելորդ չէ նշել, որ Կրամնիկը, Իվանչուկն ու Կառլսենը մրցաշարն անցկացրին առանց պարտության: Լեւոն Արոնյանը միայն մեկ պարտություն կրեցՙ զիջելով Բորիս Գելֆանդին: Միայն աղյուսակը 3-ական միավորով եզրափակած Պետեր Լեկոն եւ Ալեքսանդր Մորոզեւիչը 3 պարտություն կրեցին: Վերջինս 9-րդ տուրում զիջեց Ռուսլան Պոնոմարյովին, Սվիդլեր-Գելֆանդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի: 4,5 միավորով 6-րդ տեղը գրավեց Գելֆանդը, որին կես միավոր զիջեց Պոնոմարյովը: 8-րդ հորիզոնականում հանգրվանեց 3,5 միավոր վաստակած Պյոտր Սվիդլերը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4