«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2009-11-13 | #208, 2009-11-14 | #209, 2009-11-17


ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՅՆՔԱՆ ՄՈՏ ԷՐ

Երիտասարդական հավաքականն առաջին միավորը վաստակեց

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականին այս անգամ էլ չհաջողվեց վայելել հաղթանակի բերկրանքը, թեեւ մեր ֆուտբոլիստները շատ մոտ էին հաջողությանը: Էստոնիայի հավաքականի հետ ընտրական մրցախաղում ունենալով զգալի առավելություն, ստեղծելով գոլային բազում պահեր եւ դրանցից իրացնելով միայն մեկը, Հայաստանի հավաքականը խաղի վերջին րոպեին ձեռքից բաց թողեց այնքան սպասված հաղթանակը ու ստիպված էր բավարարվել վաստակած առաջին մեկ միավորով:

Ի տարբերություն նախորդ հանդիպումների, այս անգամ Հայաստանի երիտասարդական հավաքականում գրոհների կրակագծում գործում էր Հենրիխ Մխիթարյանը, որի ներկայությունը զգալիորեն մեծացրել էր մեր թիմի ներուժը: Արդեն խաղասկզբից պարզ դարձավ, որ հյուրերը հիմնական ուշադրությունը կենտրոնացնելու են պաշտպանությանը եւ ձգտելու են հակագրոհների շնորհիվ հասնել հաջողության: Մեր ֆուտբոլիստներն ակտիվ սկսեցին հանդիպումը եւ արդեն խաղասկզբում կարող էին բացել հաշիվը, սակայն Մասիս Ոսկանյանը չկարողացավ եզրափակել Հրաչ Յագանի ձախ թեւից կատարած սուր փոխանցումը: Մեր հավաքականը գրոհում էր լայն ճակատովՙ վտանգավոր պահեր ստեղծելով հյուրերի դարպասին: Դրանցից մեկի ժամանակ էլ, 23-րդ րոպեին գնդակով առաջ շարժվելով, Մխիթարյանը դիպուկ հարվածով բացեց հաշիվը: Եվս երկու անգամ դաշտի տերերն առաջին խաղակեսում կարող էին հասնել հաջողության: Սակայն մի դեպքում Ալբերտ Թադեւոսյանի սլացիկ ճեղքումը վերջին պահին կասեցրին մրցակցի պաշտպանները, մյուս դրվագում հարմար դիրքից վրիպեց Մխիթարյանը:

Մինչեւ ընդմիջման գնալը էստոնացիները միայն մեկ վտանգավոր պահ ստեղծեցին, սակայն Էդուարդ Հովհաննիսյանը հետ մղեց Արտյոմ Արտյունինի տուգանային հարվածը:

2-րդ խաղակեսում էլ հայ ֆուտբոլիստների գրոհները շարունակվեցին: Եվ կրկին հարմար առիթներ եղան դարպասը գրավելու, սակայն գոլային պահերը չիրացվեցին: Մոտ տարածությունից չկարողացավ դարպասը գրավել Արտակ Ալեքսանյանը, իսկ Գեւորգ Բադալյանի գլխի հարվածից հետո մրցակցի դարպասապահը հրաշքով փրկեց դրությունը: Ճիշտ է, 67-րդ րոպեին Մխիթարյանը 2-րդ գոլը խփեց, բայց մրցավարն արձանագրեց «խաղից դուրս» վիճակ:

Եվ այստեղ գործեց ֆուտբոլում չգրված օրենքը. «Դու գոլ չես խփում, քեզ են խփում»: Հյուրերն ավելացված ժամանակի 3-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով հավասարեցրին հաշիվը: Աչքի ընկավ Արտյոմ Արտյունինը: Դա կարծես սառը ցնցուղ լիներ ֆուտբոլասերների համար, որոնք հիասթափված հեռացան մարզադաշտից:

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում թիմերի մարզիչները հետեւյալ կարծիքն արտահայտեցին:

  Ֆլեմինգ Սերիցլեւ (Հայաստան) - Դժվար է խոսելը, քանի որ հիասթափված եմ արդյունքից: Մեր ֆուտբոլիստները լավ խաղացին, ամեն ինչ ներդրեցին հաղթանակի հասնելու համար: Խաղի ընթացքում չիրացրինք գոլային մի քանի պահեր, փոխարենն արդեն 2-րդ խաղում ավելացված ժամանակում գոլ բաց թողեցինք: Ինձ թվում է, որ անկյունային հարված չկար, տուգանային հրապարակում էլ մրցակիցը խախտում թույլ տվեց: Սակայն պետք է հարգել մրցավարի որոշումը:

Հենրիխ Մխիթարյանն իրեն լավ դրսեւորեց, Գեւորգ Բադալյանն էլ հեռանկարային ֆուտբոլիստ է եւ օգտակար կլինի հավաքականի համար: Համամիտ եմ, որ Յագանը երբեմն չարաշահում է անհատական խաղը, սակայն նրա անցումները սրություն են հաղորդում թիմի գրոհներին: Հովհաննես Գոհարյանի բացակայությունը պայմանավորված էր այն բանով, որ նա հիվանդության պատճառով շատ պարապմունքներ էր բաց թողել, ուստի ֆիզիկապես պատրաստ չէր այս հանդիպմանը: Հնարավոր է, որ նա իռլանդացիների հետ խաղին մասնակցի: Դիտել եմ Իռլանդիայի հավաքականի մասնակցությամբ 2 հանդիպումների տեսահոլովակները: Իռլանդացիները ֆիզիկապես լավ պատրաստված են, բրիտանական ֆուտբոլին հատուկ խաղաոճով են խաղում եւ պետք է ձգտենք նրանց դեմ հակախաղ գտնել: Այս 6 ամիսներին արել եմ ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի Հայաստանի երիտասարդական հավաքականը լավ հանդես գա: Բավարարված եմ իմ աշխատանքից, բայց ոչ արդյունքներից: Պայմանագրիս ժամկետը լրանում է 2010-ի սեպտեմբերին:

  Ֆրանկ Բեռնհարդտ (Էստոնիա) - Նախ կցանկանայի գովեստի խոսքեր հղել Հայաստանի հավաքականի հասցեին, քանի որ շատ լավ էր խաղում, մամլիչ գործողություններ էր ծավալում: Մենք եւս ունեինք գոլ խփելու լավ հնարավորություններ եւ եթե օգտագործեինք, ապա խաղն այլ ընթացք կունենար: Մրցակցի պաշտպանները ոչ միշտ էին տակտիկապես գրագետ գործում: Ոչ-ոքին օրինաչափ եմ համարում: Պետք է հաշվի առնել, որ մեր թիմում բացակայում էին առանցքային 2 հարձակվողներ, որոնք նախորդ խաղերում գոլեր էին խփել:

Ընտրական 2-րդ խմբի մյուս խաղում Վրաստանի հավաքականը սեփական հարկի տակ ոչ-ոքի (1-1) խաղաց իռլանդացիների հետ, որոնց այսօր կհյուրընկալեն հայ ֆուտբոլիստները: Իռլանդացիներն էլ մեր նման առայժմ հաղթանակ չեն տոնել: Նախորդ հանդիպումներում նրանք նախ սեփական հարկի տակ 0-3 հաշվով պարտվել են թուրքերին, ապա միեւնույն 1-1 հաշվով են ավարտել հանդիպումները Էստոնիայի (մրցակցի դաշտում) եւ Վրաստանի (սեփական հարկի տակ) հավաքականների հետ:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Շվեյցարիա641113-613
2. Թուրքիա530210-99
3. Էստոնիա52216-68
4. Վրաստան41216-45
5. Իռլանդիա50414-74
6. Հայաստան50145-121

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4