«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2009-11-14 | #209, 2009-11-17 | #210, 2009-11-18


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՂՔԱՏՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է 90 ՀԱԶԱՐՈՎ

Ճգնաժամի հետեւանքով ավելացել է նաեւ ծայրահեղ աղքատների թիվը

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Այս տվյալները հրապարակվեցին երեկ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակումՙ «Հայաստան. աղքատությունը եւ համաշխարհային տնտեսական ճգնաժամի սոցիալական հետեւանքները» զեկույցի շնորհանդեսի ժամանակ: Զեկույցի հեղինակ, ՀԲ ավագ տնտեսագետ Լիրե Էրսադոն նշեց, որ Հայաստանը համաշխարհային տնտեսական ճգնաժամից առավել տուժած երկրներից է:

Տնային տնտեսությունների հետազոտությունների հիման վրա պատրաստված ուսումնասիրության մեջ նշվում է, որ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) անկման հետ վատթարացել են նաեւ աղքատության ցուցանիշները: Ինչպես հայտնեց Լիրե Էրսադոն, 2008-ի երկրորդ եռամսյակին արձանագրված 25,6 տոկոս ընդհանուր աղքատության ցուցանիշը 2009-ի երկրորդ եռամսյակին հասել է 28,4 տոկոսի: Այսինքն, աղքատությունն ավելացել է գրեթե 3 տոկոսով կամ 90 հազար մարդով:

ՀԲ ավագ տնտեսագետը, մատնանշելով, որ մինչ ճգնաժամը, շհորհիվ մի քանի տարվա տնտեսական երկնիշ աճի, Հայաստանը լուրջ առաջընթաց էր արձանագրել ծայրահեղ աղքատության կրճատման հարցում, ասաց, որ այժմ այդ ցուցանիշը նույնպես վատթարացել է: Դարձյալ 2008-ի երկրորդ եռամսյակի համեմատՙ 2009-ի երկրորդ եռամսյակին ծայրահեղ աղքատության ցուցանիշը կրկնապատկվել էՙ 3,6 տոկոսից հասնելով 6,9 տոկոսի: Ինչը նշանակում է, որ ծայրահեղ աղքատների թիվն ավելացել է 107 հազարով: Միաժամանակ, Լիրե Էրսադոն շեշտեց, որ կառավարության ձեռնարկած քայլերի շնորհիվ հնարավոր է եղել կանխել աղքատության ավելի մեծ աճը: Նա նաեւ ավելացրեց, որ եթե կառավարությունը չշարունակի պահպանել սոցիալական ծախսերը եւ չբարձրացնի նպաստների հասցեականությունը, ապա աղքատության ցուցանիշը կբարձրանա մոտ 6 տոկոսով:

Զեկույցում բերվեցին մի շարք այլ հետաքրքրական տեղեկություններ: Մասնավորապես, նշվում է, որ թեեւ զգալի թվով մարդիկ կորցրել են աշխատանքը շինարարության եւ արտադրության ոլորտներում, բայց աշխատողների շրջանում աշխատավարձերի չափի եւ աշխատաժամերի էական կրճատում տեղի չի ունեցել: Այնուհետեւ, տեղի է ունեցել աշխատուժի վերաբաշխում արդյունաբերությունից դեպի գյուղատնտեսություն եւ այլ ոլորտներ, որտեղից ստացվող եկամուտները զգալիորեն ցածր են: Միգրանտների վերադարձի հոսք է եղել Ռուսաստանից, եւ նվազել է մեկնողների թիվը: Սակայն դրամական փոխանցումների զգալի կրճատում չի նկատվել, քանի որ ավելացել են ընտանիքի ոչ անմիջական անդամներից ստացվող փոխանցումներըՙ «ընդգծելով հայկական սփյուռքի ընտանեկան լայն, ուժեղ կապերը»:

Ըստ ՀԲ ուսումնասիրությանՙ տնային տնտեսությունների ընդհանուր ծախսերը 2009-ի երկրորդ եռամսյակում նվազել են 7 տոկոսովՙ համեմատած 2008-ի նույն ժամանակահատվածի հետ: Առողջապահության, տրանսպորտի եւ մնայուն ապրանքների գնման ծախսերը կրճատվել են ավելի քան 20 տոկոսով: Սակայն ալկոհոլի վրա կատարվող ծախսերը կտրուկՙ 60 տոկոսով, ավելացել են:

Ճգնաժամն առաջացրել է նաեւ վարքագծային մի շարք փոփոխություններ: Մարդիկ սկսել են ավելի թանկարժեք սննդամթերքը փոխարինել էժանով, կրճատել են բուժօգնության եւ դեղորայքի ծախսերը, ավելի շատ են սկսել օգտվել հանրային տրանսպորտից, կրճատել են զվարճանքներին մասնակցությունը եւ ընկերների հետ հանդիպումները: Դրա հետ մեկտեղ, Լիրե Էրսադոն հայտնեց, որ ճգնաժամն ազդեցություն չի գործել ուսումնառության վրա:

ՀԲ ավագ տնտեսագետը վերջում այն մոտեցումն արտահայտեց, որ ցանկալի է պահպանել եւ ամրապնդել աղքատությունը մեղմելու արդեն գոյություն ունեցող միջոցառումներըՙ աղքատ եւ ծայրահեղ աղքատ մարդկանց կարիքներին արձագանքելու համար: Խոսքը սոցիալական աջակցության ծրագրերի ֆինանսավորման ավելացման եւ հասցեականության բարձրացման, ինչպես նաեւ զբաղվածության խթանմանն ուղղված պետական ներդրումներն ավելացնելու մասին է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4