«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2009-11-14 | #209, 2009-11-17 | #210, 2009-11-18


ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՎ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ԶՈՒԳԱՀԵՌ

Շվեյցարիայի արտգործնախարարի կարծիքով

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Միշելին Կալմի-Ռեյը «ԱՊԱ» գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, նշել է, որ նորմալ հարաբերությունների հաստատումը երկու երկրների միջեւ խոսում է այն մասին, որ քաղաքական կամքը, իրական գործընկերության ցանկությունն ու փոխադարձ զիջումների գնալու կարողությունը կարող են բերել փոխշահավետ արդյունքի. «Մենք ամեն կերպ փորձում ենք օգնել կողմերին, որպեսզի ստորագրված արձանագրությունները որքան հնարավոր է շուտ կյանքի կոչվեն: Մենք լիակատար սատարում ենք այս գործընթացը եւ վստահ ենք, որ հսկայական օգուտներ կբերի երկու երկրներին, նրանց ժողովուրդներին եւ ամբողջ տարածաշրջանին: Շվեյցարիան պատրաստ է նաեւ հետագայում օգնություն ցուցաբերել այս հարցում, եթե կողմերը դիմեն մեզ», հայտարարել է տիկին Կալմի-Ռեյը:

Հայ-թուրքական գործընթացներում Շվեյցարիայի չեզոք միջնորդության վերաբերյալ արտգործնախարարը նշել է, որ չեզոքությունն ամենեւին չի նշանակում, թե «պետք է կանգնել կողքի ու անտարբեր նայել, թե ինչ է կատարվում աշխարհում»: Կալմա-Ռեյի խոսքերովՙ չեզոքությունն ավելի մեծ հնարավորություններ է տալիս նման դեպքերում. «Երկու կողմերն էլ գիտեն, որ մենք պատրաստ ենք, առանց որեւէ «գաղտնի ցանկությունների», ամեն ինչ անել, ինչը կախված է մեզանից, որպեսզի տարածաշրջանում հաստատվեն վերջնական խաղաղություն, կայունություն եւ անվտանգություն: Սա բխում է Շվեյցարիայի մարդասիրական եւ բարի քաղաքականության ավանդույթներից»:

Տիկին Կալմի-Ռեյը զուգահեռներ է անցկացրել նաեւ հայ-թուրքական գործընթացների եւ ղարաբաղյան հակամարտության լուծման մեջ: Ըստ շվեյցարացի բարձաստիճան դիվանագետիՙ այս երկու գործընթացներն ընթանում են զուգահեռ. «Երկու գործընթացներն էլ պետք է ընթանան արագացված տեմպերով` համաձայն ընդհանուր դինամիկայի: Մենք հուսով ենք, որ Սարգսյան-Ալիեւ առաջիկա հանդիպումը հիմքեր կտա` շարունակելու այս դինամիկան, եւ մոտ ժամանակներում ձեռք կբերվի համաձայնություն` հիմնված հիմնական սկզբունքների վրա: Մենք վստահ ենք, որ այս հակամարտությունը դրական լուծում կստանա, որն էլ իր հերթին դրականորեն կազդի հայ-թուրքական հարաբերությունների վրա», եզրափակել է տիկին Կալմի-Ռեյը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4