«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2009-11-14 | #209, 2009-11-17 | #210, 2009-11-18


Chatham House. «ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՁԳՁԳՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԼՈՒՐՋ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ»

«Առանց ղարաբաղյան հակամարտության հարցում առաջընթացի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է վնասել Անկարայի եւ Բաքվի հարաբերություններին»: Բրիտանական Chatham House կազմակերպությունը «Թուրքիա, Ռուսաստան, Կանադա. ընդհանուր եւ հակասական շահեր» զեկույցում այսպիսի գնահատական է տվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Ըստ հեղինակների, 2008 թ. օգոստոսյան պատերազմը բացասաբար անդրադարձավ Հայաստանի տնտեսության վրա, ուստի հայ-թուրքական սահմանի բացումը, որը Թուրքիան փակել է 1993 թ., կարող է օգտակար լինել ինչպես Հայաստանին, այնպես էլ Վրաստանին: Chatham House-ը կարծում է, որ Թուրքիան շարունակում է առաջ քաշել նախապայմաններ սահմանի բացման համար` պահանջելով Հայաստանից հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից եւ կարգավորել Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի շահերից ելնելով: «Հայաստանի իշխանությունները հանդես եկան նախաձեռնությամբ: Օգոստոսյան իրադարձություններից հետո Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ սկիզբ դրվեց «ֆուտբոլային դիվանագիտությանը», ստորագրվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները: Այդ նախաձեռնությունը, հակառակ որոշ սպասումների, չառաջացրեց Մոսկվայի հակազդեցությունը», ասվում է զեկույցում:

Զեկույցում հիշատակվում է նաեւ ռուս-թուրքական հարաբերությունների մասին: Մոսկվան սատարում է քրդերին, ինչպես նաեւ Կիպրոսի թուրքերին, որտեղ ՌԴ-ն կարող է օֆշորային գոտի ստեղծել:

Chatham House-ը նաեւ հնարավոր է համարում որոշ վերադասավորումներ տարածաշրջանում` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, սակայն կարծիք է հայտնում, թե քիչ հավանական է, որ մի կողմից հարաբերությունների կարգավորման արդյունքում ՌԴ-ն խուսափի համագործակցել Հայաստանի հետ, մյուս կողմից` վատթարանան Անկարայի եւ Բաքվի հարաբերությունները: Բրիտանացի փորձագետները նաեւ նորմալ են համարում, որ Թուրքիան կձգձգի արձանագրությունների վավերացումը: «Վավերացման ձգձգումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ, քանի որ Հայաստանի իշխանությունները սպառնացել են հրաժարվել հարաբերությունների կարգավորման գործընթացից, եթե վավերացումը ձգձգվի», ասվում է զեկույցում: Chatham House-ը` նախկինումՙ Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտը, Լոնդոնում գտնվող ոչ կառավարական կազմակերպություն է, որը զբաղվում է միջազգային հարաբերությունների, առանձին հիմնախնդիրների վերլուծությամբ, ուսումնասիրությամբ եւ համապատասխան առաջարկներ է ներկայացնում որոշում կայացնողներին:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4