«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2009-11-14 | #209, 2009-11-17 | #210, 2009-11-18


ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Հայաստանում ռուսական հեռուստատեսության օրերի ընթացքում հայաստանյան 4 առաջատար հեռուստաընկերությունների եւ ռուսական հեռուստաընկերությունների ակադեմիայի միջեւ ստորագրվել է փոխգործակցության հուշագիր, որը հնարավորություն է ընձեռում մինչեւ 20 դրամաշնորհային ծրագիր իրականացնել, կազմակերպել թրեյնինգներ ռուսական հեռուստաընկերություններում: «Խնդիրները կապված են փոփոխվող հեռուստատեսային տեխնոլոգիաների ու թվային հեռարձակմանն անցնելու կապակցությամբ նորանոր մոտեցումների հետ», ասաց Ռուսաստանի Դաշնության նախագահի միջմշակութային համագործակցության հարցերի հատուկ ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան, ռուսական հեռուստաընկերությունների ակադեմիայի նախագահ Միխայիլ Շվիդկոյը : Ըստ նրա` խնդիրներ կան կապված Ռուսաստանում հեռուստադիտողի համար հայկական հեռուստաալիքների վերահեռարձակման հետ. դա ոչ միայն տեխնիկական, այլեւ իրավաբանական խնդիր է: «Հասկանալի է, որ Ռուսաստանն ու Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, այդ ոգին արտացոլվում է գործունեության բոլոր ոլորտներում` քաղաքական, ռազմական, տնտեսական: Կյանքը փոխվում է, փոխվում է քաղաքական համատեքստը. այն երկխոսությունը, որը ծավալվում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, այդ քաղաքական համատեքստը դարձնում է առավել դրական` այն խնդիրների լուծման համար, որոնք գոյություն ունեն Հայաստանում: Կարեւոր է նաեւ, որ մեր երկրների տեղեկատվական հարթակներում եւս համագործակցություն լինի, եւ մենք միմյանց մասին չպատմենք այն ժամանակ, երբ ինչ-որ քաղաքական խնդիրներ կամ բնության աղետներ են առաջանում», ասաց նա:

«Առաջին ալիք»-ի հեռուստահաղորդավարուհի Արինա Շարապովային հայ գործընկերների հետ տեղի ունեցած մասնագիտական զրույցների ընթացքում հատկապես դուր է եկել շահագրգռությունը: «Զրույցներն ընթանում էին միեւնույն մասնագիտական մակարդակի վրա, եւ կարեւորն այն է, որ հեռուստատեսությունը միավորում է, հեռուստատեսությունը դառնում է այն գլոբալ տարածությունը, որտեղ մարդիկ կարող են հասկանալ միմյանց նույնիսկ տեխնոլոգիական տարբեր մակարդակներում, քանի որ նրանց նպատակը նույնն է», ընդգծեց նա:

«Առաջին ալիք»-ի լրատվական ծրագրերի տնօրենության գլխավոր տնօրենի տեղակալ Կիրիլ Կլեյմենովը նկատում է, որ թեեւ գոյություն ունի լուրջ տեխնոլոգիական ճեղքվածք, Հայաստանում գործընկերների հետ շփումները բոլոր իմաստներով ընթացել են միեւնույն լեզվով: «Տեխնիկական եւ տեխնոլոգիական հնարավորություններն անհամեմատելի են, սակայն դա չի խանգարում հասնել փոխըմբռնման, քանի որ աշխարհն այնպես է կառուցված, որ շատ կարճ ժամանակ անց տեխնոլոգիաները կհասնեն նաեւ ձեզ: Այնպես որ` անհրաժեշտ է պատրաստ լինել նոր տեխնոլոգիաների մուտքին», ասաց նա:

«Ռոսիա» պետական հեռուստաալիքի քաղաքական մեկնաբան Անդրեյ Կոնդրաշովին զարմացրել է, որ ռուսերենը Հայաստանում իր դիրքերը չի զիջել եւ շարունակում է մնալ միջազգային հաղորդակցման լեզու: Հայկական հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ էլ զգացել է, որ երկու երկրներում էլ առկա են միեւնույն խնդիրները, անգամ մտածողությունն է նույնը: «Այստեղ ենք, որպեսզի միմյանցից չհեռանանք, քանի որ յուրաքանչյուր երկրում քաղաքական պատմությունը յուրահատուկ է, քաղաքական իրադարձությունները կարող են հանգեցնել նրան, որ մենք դառնանք փակված ինքներս մեր մեջ, սակայն այստեղ ենք զգալու միմյանց խնդիրները», ընդգծեց նա:

«Կուլտուրա» հեռուստաընկերության հաղորդավար Սվյատոսլավ Բելզան խոստովանում է, որ միշտ էլ հիացած է եղել հայկական մշակույթով, ու հավելում է, որ Հայաստանի պես հին մշակույթ ունեցող երկրում հեռուստատեսային մշակույթը նույնպես բարձր մակարդակի վրա է: Այդ հարթության վրա փոխադարձաբար սովորելու շատ բան կա: Երկու երկրների հեռուստաընկերությունների ղեկավարները քննարկումների հիմքում է նաեւ վավերագրական կինոյի եւ տեղեկատվական-հրապարակախոսական ծրագրերի ոլորտում համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունը: Հայ գործընկերների հետ հանդիպումների ընթացքում «Հույժ գաղտնի» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Էթերի Լեւիեւան առաջարկել է վավերագրական ֆիլմ նկարահանել Սերգեյ Փարաջանովի մասին: Ավարտական փուլում է նաեւ «Արմենիա-TV» եւ «TV-Իգրա» հեռուստաընկերությունների միջեւ պայմանագրի նախապատրաստումը` «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի հայկական տարբերակը նկարահանելու նպատակով:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4