Մադրիդում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն
Ֆրանսիան պատրաստվում է միջինարեւելյան խաղաղ կարգավորման կոնֆերանս կազմակերպել, ընդ որումՙ առանց Թուրքիայի մասնակցության: Այս հանգամանքը բուռն հակազդեցություն է առաջ բերել պաշտոնական Անկարայում, որի արտահայտիչն է դարձել պաշտոնական այցով Իսպանիայում գտնվող արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Նա ասել է. «Առանց լուրջ նախապատրաստության եւ բոլոր կողմերի աջակցության որեւէ նախաձեռնություն կարող է հիասթափություն առաջացնել»:
Նա «Թուրքիան միջնորդական առաքելությամբ արդեն հանդես էր գալիս» խոսքերի համար իր երախտիքն է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Կոնֆերանսի պարագայում խոսքը Սիրիա-Իսրայել խաղաղ կարգավորման մասին է: Ըստ թուրքական մամուլի, Փարիզը ոչ միայն բացասաբար է վերաբերվում համատեղ միջնորդության Անկարայի առաջարկին, այլեւ չի պատրաստվում նրան հրավիրել առաջիկա կոնֆերանսին:
Ըստ երեւույթին, դրա հիմքում Իսրայելի նկատմամբ Թուրքիայի որդեգրած քաղաքականությունն է, որը թուրք-իսրայելական տարաձայնությունների պատճառ է դարձել: Տարաձայնությունները նշանակում են, որ կոնֆերանսին առանց Թուրքիայի մասնակցության անցկացման հարցում Իսրայելը համամիտ է Ֆրանսիայի հետ:
Համենայն դեպս Դավութօղլուն ասել է, որ Թուրքիայի իսրայելական քաղաքականության մեջ չկա որեւէ փոփոխություն, տարածաշրջանում Իսրայելի որդեգրած քաղաքականությունը միանգամայն հակասում է Թուրքիայի քաղաքականությանը: Այնուհետեւ նա ավելացրել է. «Մենք Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք չենք ճանաչում: Համոզված ենք, որ Արեւելյան Երուսաղեմը պաղեստինյան տարածք է: Այդ իսկ պատճառով էլ մեր դեսպանատունը ոչ թե Երուսաղեմում է, այլ Թել Ավիվում»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ