Լոնդոնում գործող «Կոմիտաս» ինստիտուտից Ռոլանդ Մնացականյանը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-7-ը Ստամբուլի Սաբանջի համալսարանում տեղի է ունեցել միջազգային աշխատանքային մի սեմինարՙ նվիրված Ադանայի 1909 թ. ջարդերի հարյուրամյակին: «Ադանա 1909: Պատմությունը, հիշողությունը եւ ինքնությունը հարյուրամյա հեռավորություններից» խորագրի ներքո անցկացվող սեմինարը, որին ներկա են գտնվել դասախոսներ, ուսանողներ, լրագրողներ եւ հասարակայնության ներկայացուցիչներ, հովանավորել են «Կոմիտաս» ինստիտուտը Լոնդոնից եւ Սաբանջի համալսարանը Թուրքիայից, մասնակցությամբ նաեւ Բիլգի համալսարանի (Ստամբուլ) պատմության ֆակուլտետի, Հրանտ Դինքի անվան հիմնադրամի եւ Բողազիչի համալսարանի պատմության ֆակուլտետի: Զեկուցումները, որոնք անգլերեն եւ թուրքերեն միաժամանակյա թարգմանություններով են կատարվել, հրատարակվելու են հետագայում այդ երկու լեզուներով:
Իրենց բացման խոսքում Չենգիզ Աքթայն ու Արա Սարաֆյանը ողջունելով ներկաներինՙ խոսել են Թուրքիայում նման հանդիպումներ կազմակերպելու նոր հնարավորությունների մասին:
Առաջին զեկուցողըՙ Աբդուլհամիդ Քըրմըզին անդրադարձել է 1909-ին հայերին փրկած թուրքերի խնդրին, հավանաբար ներկաների շրջանում հանդուրժողականության մթնոլորտ առաջացնելու միտումով: Նա խոսել է մասնավորապես մայոր Հաջի Մեհմեդ Էֆենդիի եւ նրա մարդկանց մասին, որոնք Սիսի պաշտպանությանն են մասնակցելՙ հակադրվելով կոտորածներին: Հետաքրքրական զեկուցում է ներկայացրել Բոխումի Ռուհր համալսարանից Սինան Դինչերը, ով խոսել է կոտորածներին նպաստող տարբեր հանգամանքների մասին: Երկու զեկուցողներ ներկայացրել են Ադանայի կոտորածների վերաբերյալ ֆրանսիական եւ գերմանական արխիվային նյութերը: Վինսենտ Դյուկլերը նշել է, որ Ֆրանսիայի կառավարությունը ճնշումներ չի բանեցրել Թուրքիայի վրա կոտորածներից հետո, որովհետեւ Ֆրանսիայի նոր զինվորականները պաշտպանել են այդ ժամանակ երիտթուրքերի կառավարությանը, իսկ Դիլեկ Գյուվենը ՙ Սաբանջի համալսարանից, ներկայացնելով գերմանական հյուպատոսական արձանագրությունները. ասել է, որ Գերմանիայի դիրքորոշումն այդ ժամանակ չափազանց անորոշ էր, քանի որ մինչ այդ գերմանացիները պաշտպանել էին Աբդուլ Համիդին: Անկախ գիտաշխատող Բենեդետտա Գուերզոնին իր հերթին ներկայացրել է, թե ինչպես են այդ կոտորածներին անդրադարձել արեւմտյան լրատվամիջոցները:
Արա Սարաֆյանն ու Զաքարիա Միլդանօղլուն դեպքերի հայկական աղբյուրներին են անդրադարձել: Առաջինը հիմնականում ներկայացրել է Հակոբ Թերզյանի 1912 թվին պատրաստած ազդեցիկ զեկուցագիրը ջարդերի մասին, իսկ երկրորդըՙ ծաղկաքաղ այդ ժամանակվա հայկական պարբերական մամուլի էջերից:
Լու-Աննա Մաթոսյանը ամերիկյան միսիոներների դերին է անդրադարձել, իսկ Բարբարա Մերկերյանը ՙ Ադանայի եւ Թարսուսի դեպքերին: Այդ դեպքերի մասին խոսել է նաեւ թուրք հայտնի լրագրող Օրալ Չալըշլարը , որ ներկայացրել է Հելեն Դավենպորտ Գիբոնզի վկայությունները: Եղել են նաեւ այլ հետաքրքրական աշխատություններ: Օսման Քյոքերը հիանալի է պատկերել հայկական համայնքների կյանքը Ադանայում, ցուցադրելով նաեւ լուսանկարներ եւ փոստային բացիկներ Անտիոքից, Մարաշից, Սիսից, Բեյլանից եւ այլն:
Սաիդ Չեթինօղլուն խոսել է հայերի ունեցվածքի կազմակերպված թալանի մասին: Ֆուատ Դունդարն անդրադարձել է զոհվածների թվաքանակին, իսկ Նազան Մաքսուդյանը ՙ որբերի ճակատագրին: Ջարդերի գրական անդրադարձումների մասին է խոսել Ռիտա Սյուլահյանը ՙ Մքգել համալսարանից: Նույն թեմայով Մարկ Նշանյանի զեկուցումը կարդացել է Հուլիա Ադաքը Սաբանջի համալսարանից: Իսկ Անաստասիս Մորոնին Հունաստանից քննարկել է, թե ինչպես է Ադանայի ջարդերի հարցը ներկայացվել Օսմանյան կայսրությունում:
Միջազգային սեմինարի աշխատանքներին ներկա են եղել ավագ սերնդի գիտնականներ Սելիմ Դերինգիլը, Չաքլար Կեյդերը, Մետե Թուկայը եւ Հուլիա Ադաքը: Կազմակերպիչները, ըստ հաղորդագրության, գոհ են մնացել արդյունքներից եւ սեմինարի աշխատանքները դրական են գնահատել:
Հ. Ծ.