Սիմա Քեշիշյանը արաբագիր գրող է: Ծնվել է Դամասկոսում 1945թ., ապրում է Լիբանանում, ավարտել է Լիբանանյան համալսարանի լրագրության ճյուղը` բակալավրի աստիճանով: Վերջին տարիներին նա հանրությանն է ներկայացնում Հայոց ցեղասպանությանը նվիրված արաբերեն աշխատություններ: Առաջինն էր «Հուշ հայոց ջարդերից» խորագրով հատորը, լույս տեսած 2005 թվականին` Բեյրութում: Իսկ ահա 2009թ. աշնանամուտին նա ընթերցողին հանձնեց իր նոր աշխատությունը, որը կրում է «ալ-Մի՛զար 570» («Թիվ 570 գոգնոցը») խորագիրը:
Բեյրութի «Պոմիգրավյուր» հրատարակչությունից լույս տեսած, Ա-5 չափի 96 էջ ծավալով գրքույկի տպագրության մեկենասն է լիբանանահայ կաթոլիկ գործարար Ժոզեֆ Յակուբի Պողոսը (հիշեցնենք, որ նույնի մեկենասությամբ անցյալ տարվա հոկտեմբերին Լիբանանում հրատարակվել էր ֆրանսիացի պատմաբան Իվ Թեռնոնի` Մարդինի հայոց ցեղասպանության մասին գիտական աշխատության արաբերեն թարգմանությունը, որը ներկայացրել ենք «Ազգի» 2009թ. հունիսի 3-ի համարում, կրկնվել է օգոստոսի 25-ի համարում): Աշխատությունը հեղինակելու եւ տպագրելու Սիմային քաջալերել ու գրքույկի նախաբանը գրել է լիբանանցի դուրզի պատմաբան, հայոց պատմության (ներառյալ Արցախյան պայքարը) վերաբերյալ ավելի քան տասը տպագրված աշխատությունների հեղինակ Սալեհ Զահրէդդինը, նյութը վերանայել է լիբանանցի ճանաչված բանաստեղծ Իլիաս Զղեյբը: Հեղինակը աշխատությունը ձոնել է «նենգությամբ, տառապանքով եւ տարագրությամբ իրենց կյանքը կորցրած հերոս նահատակների հոգիներին», ինչպես նաեւ այդ նահատակների զավակներին ու թոռներին, որոնք «պետք է այս վայրենական ջարդերի վկաները լինեն» (էջ 5):
Զահրէդդինի գրությունն (էջ 7-13) ինքնին մի կարեւոր վկայություն է` արտահայտված արաբ մուսուլման անաչառ մարդու գրչով: «Երախտիքի խոսք» վերնագրով նախաբանում Զահրէդդինը համոզմունք է հայտնում, որ «տարագրության ուղին եւս մահապատժի մի տարատեսակ է» (էջ 8): Նրա կարծիքով` աշխատության հերոսուհին` 1915 թվականին տասներկու տարեկան եղած Վերգինը «կրկնակի որբություն է ապրել: Առաջինը, նա կորցրել է իր ծնողներին եւ բոլոր հարազատներին, եւ երկրորդ` կորցրել է իր մայր հայրենիքը» (էջ 10) (մեր կարծիքով` այս տեսակետը այդքան էլ ճիշտ չէ, քանի որ հայրենիքը կորցնում են, երբ նրանից օտարվում են մտքով եւ հոգով): Արաբ պատմաբանը գտնում է, որ հայոց թշնամիները` կեղծ մուսուլման իթթիհատական թուրքերը «փորձեցին հայերին ջնջել թե՛ պատմությունից, թե՛ աշխարհագրությունից եւ թե՛ ապագայից» (էջ 13): Նա իր խոսքն ավարտում է հայտարարելով, թե կարող է հավիտենականությունն իսկ վերջ ունենալ, բայց ոչ` Վերգինների արդար դատը»:
«Թիվ 570 գոգնոցը» վիպակի թեման իրական կյանքից վերցրած պատմություն է, որի անցքերը հեղինակին պատմել է Վերգինի հարսը` Բեյրութում ապրող Հասմիկը, որը այդ պատմությունը բազմիցս լսել է իր սկեսուրից:
Վիպակը Կարինի մերձակա հայկական Կոթեր գյուղում ծնված Վերգին Աղաջանյանի եղեռնապատումն է: Տոհմի անդամների թիվը հասել է 66-ի: Միայն Վերգինի ընտանիքը հաշվել է 11 հոգի` ծնողները, չորսական քույր ու եղբայր եւ հորական տատը: Մայրը մահացել է ամենափոքր եղբորը` Սմբատին ծննդաբերելիս: Հորն ու մեծահասակ եղբայրներին տանում են օսմանյան բանակ` աշխատանքային գումարտակներ, որտեղ եւ թուրքերը նրանց հավանաբար կոտորում են: Տատը, չորս աղջիկներն ու ընդամենը ութը ամսական Սմբատ եղբայրը տարագրվում են դեպի հարավ: Ճանապարհին տատն անկարող է լինում Սմբատին կրել, ու հակառակ ամենամեծ թոռնուհու` Վերգինի թախանձանքներին, նորածնին ստիպված են լինում թողնել մի ծառի բնի մոտ: Սմբատը կարծես զգում է դա ու աղիողորմ ճչում. այդ ձայները Վերգինն իր ողջ կյանքում միշտ վերհիշում է ու սարսուռ ապրում: Որոշ ժամանակ անց, Վերգինը բյուրավոր քարավանում կորցնում է տատին ու քույրերին: Հասնում է Հալեպ, որտեղից նրան տեղափոխում են Ղազիրի որբանոցը (Լիբանան): Որբանոցը փակելու որոշում է կայացվում, եւ Վերգինը ծառայության է տրվում մի անգլիացի ընտանիքիՙ որպես տան սպասուհի, մշտապես արժանանալով տանտիրուհու դաժան վերաբերմունքին: Մի օր էլ որբանոցի ընկերուհիներից մեկը եկեղեցու բակում Վերգինին ծանոթացնում է ողջ ընտանիքը ցեղասպանության զոհ դարձած, Լիբանանի Ջիբեյլի որբանոցում ապաստան գտած, մասնագիտությամբ շինարար Ղազարոս Գեովօղլանյանին: Ղազարոսն ու Վերգինը ամուսնանում են եւ բախտավորվում հինգ զավակներով: Աղջիկներից մեկին կոչում են Վերգինի ամենասիրած քրոջ` Արեգնազանի անունով` ի հիշատակ նրա:
Անցնում են օրերը, տարիներն ու տասնամյակները: Երջանիկ պատահականությունների մի շղթայի շնորհիվ, Վերգինը գտնում է իրենից երկու տարի փոքր Արեգնազանին: Նա եւս անցնելով հայոց գողգոթայի ողջ ճանապարհով եւ ընթացքում կորցնելով իր տատին ու մյուս քույրերին, հասած է լինում Եգիպտոս, այնտեղ ամուսնանում եւ ընտանյոք Խորհրդային Հայաստան հայրենադարձվում 1964 թվականին, հաստատվում Լենինականում: Իրար կորցնելուց 53 տարի անց քույրերը վերստին ողջագուրվում են հայրենի հողի վրա (ի գիտություն պատմական հիշողությունը կորցրածների` Կարինն էլ հայոց հայրենիքի մաս է, դրա համար էլ օգտագործում ենք «վերստին» բառը)` Երեւանի օդանավակայանում: Ողջագուրմանը ներկա եղողները, նույնիսկ պատահական մարդիկ, իմանալով քույրերի դաժան պատմությունը, բոլորն էլ լաց են լինում: Վերգինը, ամուսինը եւ որդիներից մեկի ընտանիքը հայրենադարձվում են 1968-ին, սակայն «չեն կարողանում հանդուրժել այնտեղ առկա խիստ վարչակարգին» եւ «նրա հատուկ ծառայություններին» ու վերադառնում են, Վերգինի բառերով` «մեր սիրելի հայրենիք Լիբանան» (էջ 85): Քույրերի վերամիացման մասին գրվում է հայկական մամուլում: Շնորհիվ այդ հրապարակումների, երկու տարի անց, Ստամբուլում հայտնաբերվում է Վերգինի հորեղբայրներից Աբրահամի որդին` Հարություն Աղաջանյանը: Զարմիկները եւ նրանց ընտանիքները հանդիպում են Ստամբուլում, սակայն շրջապատի թշնամությանը չարժանանալու համար հանրային վայրերում ստիպված են լինում թուրքերեն խոսել: Պարզվում է, որ Աբրահամը Առաջին համաշխարհային պատերազմի ծագումից հետո կանխազգում է հայրենահայության գլխին գալիքը եւ նախընտրում մնալ Ստամբուլում` այնտեղ ավելի ապահով նկատելով:
Վերգինը մահանում է 1996 թվականին` 92 տարեկան հասակում` իր հարս Հասմիկին նվիրելով իր ամենաթանկ մասունքը` 570 թվանշանը կրող որբանոցային գոգնոցը, որի գունավոր լուսանկարն էլ տպագրվել է առաջին շապիկի վրա:
Գրքում նաեւ տպագրվել են Վերգինի, նրա ամուսնու, զավակների, քրոջ եւ հարսի սեւ-սպիտակ լուսանկարներ:
Գրքում հանդիպում են մեկ հայեցակարգային եւ մեկ տեղեկատվական սխալ: Հայի «սիրելի հայրենիքը» Լիբանանը եւ առհասարակ Հայաստանից տարբեր տեղ չի կարող լինել երբեք` ինչքան էլ Հայաստանի տարածքում հաստատված հայկական թե օտար պետությունների ղեկավարներն ու վարչակարգերը արյունարբու կամ ապազգային լինեն: Այլընտրանքը ուծացումն է, ապա եւ անխուսափելի ձուլումը օտար միջավայրում: Հեղինակի մյուս սխալն է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը Ռամկավար ազատական կուսակցության մշակութային, արվեստի եւ հասարակական բաժին հայտարարելը (էջ 87):
Սիմա Քեշիշյանը կարողացել է ստեղծել մի հրաշալի, թեեւ չափազանց հուզիչ վիպակ: Պարզ ոճը, երկխոսությունները, մարդկային ցավի ամենախորքերը թափանցելու հեղինակի վարպետությունը եւ ուրիշ հատկանիշներ պարզապես ստիպում են ընթերցողին գրքույկը ձեռքից վար չդնել մինչեւ ավարտը:
Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, տպագրության մեկենասն ու հեղինակը հրատարակությունը անվճար բաժանել են ու շարունակում են բաժանել լիբանանյան քաղաքական, գիտական եւ լրատվական շրջանակներին:
Սիմա Քեշիշյանի երկու հրատարակությունները հույս են ներշնչում, որ նա կշարունակի ավելի քան 300 միլիոնանոց արաբական աշխարհին նրա մայրենի լեզվով ներկայացնել թուրքերի բարբարոսությունների զոհ միլիոնավոր հայոց մարտիրոսագրությունը, հայոց դատի արդարացիությունն ու անժամանցելիությունը:
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ
Նկար 2. Վերգին (աջից) եւ Արեգնազան Աղաջանյանները ու Վերգինի հարս Հասմիկը, նկարված Բեյրութում` 1970-ական թվականների առաջին կեսին: