«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2009-11-14 | #209, 2009-11-17 | #210, 2009-11-18


«ՀԱՅՐԵՆԱՍԵՐ-ԴԱՎԱՃԱՆ» ԱՆՊՏՈՒՂ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԱՍԻՆ, ԵՎ ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀՀԿ-Ն ՉԻ ՈՒԶՈՒՄ ՀՅԴ ԱՌԱՋԱՐԿԱԾ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Երեկ Ազգային ժողովի քառօրյան մի քանի հետաքրքրական օրինագծեր էր քննարկում: Դրանցից մեկ-երկուսը եւ ԱԺ հայտարարությունների հայ- թուրքական թեման առանձնացրինք: Լրագրողներ-պատգամավորներ քննարկումների ծիրում էր նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի` նախօրեին ՀՀԿ անդամ դառնալու փաստը, որը տարբեր գնահատականների էր արժանանում, ամենից առաջ փաստվում էր, որ Հայաստանի երեք ամենակարեւոր առանցքային պաշտոնյաներն այս պահին հանրապետականներն են:

Հայ-թուրքական

Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը , ԱԺ հայտարարությունների ժամին խմբերի բաժանելով հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ գնահատական հնչեցնողներին` օպոնենտներին պետական մտածողություն չունեցող եւ արձանագրություններն անթերի համարողների (իշխանական), ընդդիմախոսներին դավաճան պիտակողների (ընդդիմություն), նկատեց, թե այս էլ որերորդ անգամ պատմության մեջ հայության լրջագույն հարցերը զգայականից քաղաքական հարթություն տեղափոխելու փոխարեն` վերածում են հայրենասեր-դավաճան անպտուղ բանավեճի իմիտացիայի: Իսկ այս սխեմայից դուրս հնչող խորքային կարծիքներն ու մեկնաբանությունները փոքրաթիվ են: Այս բոլորն, ըստ պատգամավորի, ցույց է տալիս հայաստանյան քաղաքական մտքի եւ համակարգի անկատարությունը` ազգային պետական հիմնախնդիրները լիարժեք ձեւակերպելու, ռացիոնալ հարթությունում քննարկելու եւ լուծելու անկարողությունը: Հայության խնդիրն, ըստ պատգամավորի, այժմ հզորանալն է` քաղաքակիրթ աշխարհին լիարժեք ինտեգրվելու ճանապարհով, այդ դեպքում միայն ակնկալելով երբեւիցե վերադարձնել ոչ միայն ժամանակին մեզ պատկանածը, այլեւ ավելին.«Աշխարհում չի գտնվի մի հայ, որ չերազի պատմական Հայաստանը վերականգնված տեսնելու մասին: Ապրել երազով պետք է եւ նույնիսկ անհրաժեշտ, իսկ ապրել երազումՙ թերեւս պրոբլեմատիկ է», եզրակացրեց Դալլաքյանը:

Չգիտենք` ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի ելույթը Դալլաքյանը տեղավորում է իր գծած սխեմայում, թե՞ ոչ, բայց ՀՀԿ-ականը բարձր տոնայնությամբ խոսեց այն մասին, որ նախագահ Սարգսյանի նախաձեռնող արտաքին քաղաքականության արդյունքում էապես բարձրացել է Հայաստանի դերը տարածաշրջանում` աշխարհին ներկայացանք որպես հուսալի գործընկեր: Այդ նախաձեռնողական քաղաքականության շնորհիվ, ի թիվս այլ արդյունքների, հայ-թուրքական կարգավորման` առանց նախապայմանների հայկական դիրքորոշումը Հայաստանի եվրոպացի գործընկերները Պիտեր Սեմնեբիի շուրթերով վերահաստատեցին, Թուրքիայումն լուրջ թափ է հավաքում ցեղասպանության ճանաչման կողմնակիցների շարժումը, Հայաստանի այդ քաղաքականությունն էլ բարձր են գնահատում ԱՄՆ-ը, Ռուսաստանը, ԵՄ երկրները, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին: Վերջինիս անդամակցության նպատահարմարությունը ԵԽ-ին, ըստ Շարմազանովի, խոսքի ազատության սահմանափակման համար ԵԽ ղեկավարը հարցականի տակ է դնում. «Երեկ ադրբեջանական կեղծ քարոզչամեքենան հերթական անգամ ընկավ սառը ցնցուղի տակ, այս անգամ «Աշամեթ» թերթի լրագրող Նագեխան Ալչին հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը մաքուր հայկական տարածք է», ուրախացավ Շարմազանովը:

ՀՅԴ-ն ուզում է նոր ԺՀ ստեղծել, ՀՀԿ-ն չի համաձայնում

Երեկ արտահերթ ընթացակարգով Ազգային ժողովի նիստում քննարկվեց ՀՅԴ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը` «Մշտադիտարկում (մոնիտորինգ) իրականացնող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»: Հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանն ասում էր, որ հենց մարտի 1-2-ի դեպքերը քննող ԺՀ-ի եզրափակիչ առաջարկների` պետական ատյանների կողմից կատարման վերահսկողությունը պետք է ապահովի այս հանձնաժողովը` ավելի համակարգված, հավասարակշռված կազմով (բոլոր խմբակցություններից եւ արտախորհրդարանական ուժերից ներկայացուցիչներով), ընդդիմադիր ղեկավարությամբ եւ կոնսենսուսով աշխատելով: Բայց ինչպես երեւում է` մեծամասնությունն, ի դեմս ՀՀԿ-ի (խորհրդարանական կոալիցիայի մյուս անդամների կարծիքը չիմացվեց), բոլորովին տրամադիր չէր այդպիսի հանձնաժողով ստեղծելու, խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի ելույթի միջոցով հասկացնելով, որ մյուս` ԱԺ 12 մշտական հանձնաժողովները լավ էլ այդ գործը կանեն. ՀՀԿ-ն «ոչ» չի ասում, ուղղակի վերահսկողության ձեւի վերաբերյալ մոտեցումն է այլ, նկատեց Գ. Սահակյանը: Ու թեեւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասում էր, որ այս հանձնաժողովով ԱԺ-ի վերահսկողական գործառույթն են ուզում վերադարձնել, որ այժմ 0 է, Արտաշես Շահբազյանն էլ ուշադրություն էր հրավիրում, որ ընդհանրապես ապագայի համար է այս օրենսդրական նախաձեռնությունը` «մարտի 1» բացառող ուղերձ ունի մեջը, «Ժառանգության» Արմեն Մարտիրոսյանն էլ «թասիբի» էր գցում, թե խորհրդարանական մեծամասնությունը բարեփոխումների իր հաստատակամությունը պետք է ապացուցի այս հանձնաժողովը ստեղծելով, ՀՀԿ-ն երեւում է, չէր համոզվում: Արծվիկ Մինասյանը զիջեց` օգտվելով ԱԺ կանոնակարգ-օրենքի ընձեռած հնարավորություններից` քվեարկության փուլում ՀՅԴ-ն կհետաձգի օրինագիծը, որպեսզի առաջարկությունները ներառող կոմպրոմիսային նախագիծ բերվի:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4