Ինչպես տեղեկացանք «Վիվասել-ՄՏՍ»-ից, ընկերությունը պայմանագիր է ստորագրել GNC-Alfa ընկերության հետ, վերջինիս պատկանող մալուխային ցանցից օպտիկական մանրաթելեր ձեռք բերելու մասին: «Վիվասել-ՄՏՍ»-ը հնարավություն կստանա կառուցելու սեփական արագընթաց օպտիկամանրաթելային մայրուղային ցանցը: GNC-Alfa-ի օպտիկամանրաթելային մալուխը համակցված է Իրանի օպտիկամանրաթելային ցանցին, որի շնորհիվ ելք է ապահովվում դեպի հեռահաղորդակցության համաշխարհային ցանցեր: Պայմանագիրը թույլ է տալիս, որ «Վիվասել-ՄՏՍ»-ն ունենա անկախ եւ հուսալի համահանրապետական ցանց` միջազգային ձայնային տվյալների արագ փոխանցման ու ինտերնետի ելքով: Արագընթաց օպտիկամանրաթելային մալուխային ցանցը Հայաստանին կապահովի թվային հաղորդակցության բարձր արագություն:
«Վիվասել-ՄՏՍ»-ի սեփական օպտիկամանրաթելային ցանցը Հայաստանին կընձեռի լայնաշերտ մուտքի հնարավորություն: Երեւանն ու խոշոր քաղաքները կապ կհաստատեն Մերձավոր ու Հեռավոր Արեւելքի, Եվրոպայի եւ մնացյալ աշխարհի հետ: Օպտիկամանրաթելային ցանցը թույլ կտա մատուցել նոր ծառայություններ», նշել է «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ա. Մ.