Չեխովի հերոսներից մեկը հաճախ կրկնում էր. «Հունաստանում ամեն ինչ կա»: Փոխակերպելովՙ ես կասեի. «Բրազիլիայում ամեն ինչ կա», նույնիսկ սեփական օվկիանոսային տաք հոսանք, որը կոչվում է հենց Բրազիլական: Մեկ-երկու օրից «Արմենիան» կրկին կզգա հանդիպական քամու «համը»: Ամեն ինչ կապված կլինի նավընթացի փոփոխությունից, հերթապահի վարպետությունից:
Իսկ առայժմ սովորական քամի է եւ ալեկոծություն: Չենք կարողանում վարժվել միայն անիծյալ տոթին: Ուզում եմ գոնե հպանցիկ անդրադառնալ «Արմենիայի» առողջապահության թեմային: Նավի վրա յոթ ամսում առանձնահատուկ առողջապահական խնդիրներ չեն եղել: Ես հաշվից դուրս եմ: Սիրտս բաբախում է, եւ երախտապարտ եմ Աստծուն: Ավելին, շուրջերկրյա նավարկության շուրջօրյա ճոճքը սրտիս համար նման է նորածնի օրորոցի: Առայժմ մեր թշնամիներն են հեղձուցիչ օդը եւ քրտինքը: Մշտական քրտնարտադրությունից մաշկի վրա բծեր են գոյանում: Սեփական աղը ծովային աղի ջրի ցայտերին է խառնվում արեւի կիզիչ ճառագայթների տակ: Խնդիրն արագորեն լուծեցինք քսուքներով եւ հասարակ օճառով: Ես իմ նախկին մասնագիտությանՙ բժշկության գծով անելիք չունեմ նաեւ այն պատճառով, որ նավի վրա ունենք բուժակՙ նույն ինքը խոհարարը:
1950-ականներին բժշկական ինստիտուտներում լատիներենն ամենագլխավոր առարկան էր. քննություն հանձնելը դյուրին չէր: Բժիշկները բոլոր դեղերի անունները գրում էին լատիներեն: Դեռ վերջերս ողջ աշխարհի բժիշկներն իրար հասկանում էին լատիներենի շնորհիվ: Ներկայումս դեղերի արտադրությունը կապված է մենատիրության, մրցակցության, մաֆիայի, ընդհատակի եւ այլ աղտեղության հետ, եւ ամեն կորպորացիա, ամեն երկիր դեղերին տալիս է իր անվանումները:
Դեղերի մեծ մասը միջինը հինգ տարուց «շարքից դուրս է գալիս»: Հենց այդ պատճառով բժիշկները հինգ տարին մեկ վերապատրաստվում են, որպեսզի թարմացնեն գիտելիքները: Բժիշկներին մեղադրել չի կարելի: Մեծ մասամբ չիմանալով օտար լեզուներ, նրանք վերցնում են բառարաններ եւ ցուցումներով ու հակացուցումներով մետրանոց թղթե ժապավեններՙ ահա եւ ողջ գիտությունը:
«Արմենիայի» մեկնարկից առաջ ես ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին խնդրեցի համապատասխան ծառայությանը կարգադրել, որպեսզի դեղերի հատուկ տեսականի պատրաստեն մեր ծայրահեղ պայմանների համար, ցանկում նշելով յուրաքանչյուր դեղի բնույթը: Անձնակազմում այդ գործով զբաղվում է խոհարար Սամվել Սարգսյանը, որն ունի որոշակի ազդեցություն գործող (գլխացավ, հազ, ճնշում եւ այլն) դեղերի ցանկը: Թող բժիշկները չկարծեն, թե ես ուռճացնում եմ թեման: Քավ լիցի: Չէ որ ինքներս էլ անհրաժեշտության դեպքում կարդում ենք մետրանոց թղթե ժապավենը կամ խորհրդակցում մասնագետի հետ:
Արդեն պատմել եմ, որ Բարսելոնում կորցրի «դիպլոմատ» պայուսակս, որտեղ կային նոթատետրեր եւ դեղեր: Նրանց դեղատներում գաղափար անգամ չունեին նիտրոգլիցերին, վալիդոլ, կարդիամին, վալոկորդին կոչվող դեղերի եւ նույնիսկ ասպիրինի մասին: Խոսքն անվանումների մասին է:
Կան հարցեր, որոնք հրատապ են ոչ միայն ցամաքի վրա, այլեւ ծովում: Ճակատագրի հեգնանքով այնպես պատահեց, որ բուժման կարիք զգացինք միայն ես եւ խոհարարը (բժիշկը եւ բուժակը): Հասարակածը հատելու նախօրեինՙ ուժգին փոթորկի ժամանակ ես լուրջ վնասվածքներ ստացա: Կողքիս հենց խոհարարն էր, որն օգնության շտապեց: Մի կերպ ոտքի կանգնելուց հետո հասկացա, որ սեղանիկին բախվելու հետեւանքով կողոսկրի վնասվածք եմ ստացել: Բայց ես նախընտրեցի այդ մասին չհայտարարել: Քիչ անց իմացա, որ ինձանից հետո խոհարարը եւս ենթարկվել է համանման փորձառությունների: Կողքս այտուցված էր եւ անտանելի ցավում էր: Բարեբախտաբար, կոտրվածք չկար:
***
Հիմա, երբ նավարկության առաջին փուլը մոտենում է ավարտին, ուզում եմ (ինչպես սկզբում) անդրադառնալ անձնակազմի անդամների կերպարներին, առաջին հերթին խոսել ամենաջահել անդամիՙ բոցման Մուշեղ Բարսեղյանի մասին: Նրան դժվար է առանձնացնել իր ընկեր եւ համերկրացի Վահագնից, սակայն խոսքը կայացած անձնավորության, աստվածատուր նավաստու մասին է: Մեծացել է Սեւանի ափին, առանց հոր: Գուցե դա է պատճառը, որ խենթի պես սիրում է մորը եւ քրոջը: Մանկուց մարզվել է, իսկական տղամարդ եղել բնավորությամբ: Մեր բոցմանն անձնակազմում անփոխարինելի է: Բնավ չեմ կասկածում, որ վաղ թե ուշ կունենանք մեր նավատորմը: Միջազգային բոլոր իրավական նորմերը եւ ծովային օրենքները մեզ թույլ են տալիս արդեն այժմվանից ձգտել ունենալու սեփական նավատորմ: Դրա համար ծովեզր ունենալը պարտադիր չէ: Խորապես համոզված եմ, որ գալիք երջանիկ ժամանակներում մենք արդեն կունենանք զգալի թվով պատրաստված նավաստիներ, որոնք իրավամբ կհամարվեն ազգային սեփականություն: Եվ նրանց մեջ առավել նշանավորներից մեկը, անկասկած, կլինի Մուշեղ Բարսեղյանը:
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ, «Արմենիա» նավ, Ատլանտյան օվկիանոս