Առաջին հաղթանակը ոգեւորել էր բոլորին
Հայաստանում ֆուտբոլային մրցաշրջանն ավարտվեց հաղթական նոտայով: Վերջապես մեր երիտասարդական հավաքականն իր գեղեցիկ խաղով ու տպավորիչ հաղթանակով ուրախացրեց հայ ֆուտբոլասերներին, որոնք այնքան երկար էին սպասել առաջին հաջողությանը: Ընտրական մրցաշարի հերթական խաղում հյուրընկալելով Իռլանդիայի երիտասարդական հավաքականին, մեր ֆուտբոլիստները խոշոր հաշվով (4-1) վստահ հաղթանակ տոնեցինՙ այդ հաջողությամբ ոգեւորելով բոլորին:
Երեք օր առաջ Էստոնիայի հավաքականի հետ խաղում մեր ֆուտբոլիստները հաղթանակը ձեռքից բաց էին թողել վերջին րոպեին: Այս անգամ Հայաստանի հավաքականը շատ ակտիվ խաղ ցուցադրեց առջեւի գծում եւ ընդհանուր առմամբ հուսալի գործեց պաշտպանությունում: Նախորդ խաղի համեմատ մեր հավաքականի մեկնարկային կազմում երկու փոփոխություն էր տեղի ունեցել. Ալբերտ Թադեւոսյանի եւ Հրաչ Յագանի փոխարեն խաղադաշտ էին դուրս եկել Հովհաննես Գոհարյանն ու Էդգար Մալաքյանը: Առաջ անցնելով նշենք, որ երկուսն էլ իրենց մեծ ներդրումն ունեցան հավաքականի հաջողությունում:
Հայաստանի հավաքականը շատ ակտիվ սկսեց հանդիպումը եւ մինչեւ խաղավերջ մեծ առավելություն ուներ մրցակցի նկատմամբ: Թեեւ «մաքուր» հարձակվողի դերում միայն Գոհարյանն էր, սակայն կիսապաշտպաններն ակտիվորեն էին մասնակցում գրոհներին, երկար փոխանցումներով հարվածային դիրք էին դուրս բերում իրենց խաղընկերներին: Հաշիվը կարող էր բացվել արդեն 13-րդ րոպեին, երբ աջ թեւում գեղեցիկ կոմբինացիա ձեռնարկեցին Գոհարյանն ու Մանոյանը, սակայն վերջին պահին Լեւոն Հայրապետյանը չհասավ գնդակին: Գոհարյանն այս խաղում աչքի ընկավ իր համառությամբ, լավ էր համագործակցում Հենրիխ Մխիթարյանի հետ: 25-րդ րոպեին գոլային լավ պահ ունեցավ Գոհարյանը, սակայն չիրացրեց: Իսկ ահա Մխիթարյանն այս անգամ էլ փայլեց իր վարպետ ու արդյունավետ խաղով: 29-րդ րոպեին լավ փոխանցում ստանալով Գոհարյանից, Մխիթարյանը խաբս տվեց 2 պաշտպաններին ու դիպուկ հարվածով բացեց հաշիվը: Հենրիխը հետագայում եւս երկու անգամ հասավ հաջողությանՙ դառնալով հավաքականի առաջին ֆուտբոլիստը, ով իր օգտին հեթ-տրիկ գրանցեց: 60-րդ րոպեին կրկին գեղեցիկ հարվածով Հենրիխը կրկնապատկեց հաշիվը: Իսկ խաղավարտից 8 րոպե առաջ նա հստակ իրացրեց 11 մ հարվածը, որ նշանակվել էր Մալաքյանին տուգանային հրապարակում վայր գցելու համարՙ արձանագրելով վերջնական հաշիվը (4-1): Իսկ մինչ այդ տպավորիչ գոլի հեղինակ էր դարձել Գոհարյանըՙ գնդակն ուղարկելով դարպասի վերին անկյունը:
Ինչ վերաբերում է հյուրերին, ապա նրանք առանձնապես չանհանգստացրին մեր դարպասապահին: Առաջին խաղակեսում իռլանդացիներն ընդամենը 2 անգամ սպառնացին մեր դարպասին, սակայն մոտ տարածությունից Կիլիան Շերիդանի եւ Ջեյմս Կոլինզի հարվածները շեղ էին: Ընդմիջումից հետո էլ նրանք հիմնականում պաշտպանվում էին, իսկ միակ գոլը մեր դարպասը խփեցին Էդուարդ Հովհաննիսյանի ոչ այնքան հստակ խաղի պատճառով: Աչքի ընկավ Կիլիան Շերիդանըՙ մոտ տարածությունից գլխի հարվածով գրավելով դարպասը:
Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսին ներկայացավ միայն Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւը, որի դեմքին վերջապես ժպիտ երեւաց. «Շնորհավորում եմ բոլորին այս հաղթանակի առթիվ, նաեւ շնորհակալ եմ իռլանդացիներից արդար խաղի համար: Հավաքականում աշխատանքիս առաջին իսկ օրերից տղաները եռանդուն աշխատում էին: Ցավոք, ընտրական մրցաշարում մեր մեկնարկն անհաջող ստացվեց, սակայն մենք ճիշտ ուղու վրա էինք, ինչն ապացուցեցին վերջին 3 հանդիպումները: Թուրքիայի եւ Էստոնիայի հավաքականների հետ խաղում մարզական բախտը երես էր թեքել մեզանից: Այդ 3 հանդիպումներում վերջապես զգացվեց այն խաղաոճը, որին ձգտում էի: Այսօրվա խաղում գոհ եմ նաեւ պաշտպանների գործողություններից: Գուցե բաց թողած գոլում դարպասապահի մեղքը կար, սակայն նրա խաղում առաջընթաց է նկատվում: Կառանձնացնեի նաեւ Դավիթ Մանոյանին, Լեւոն Հայրապետյանին, Արտաշես Առաքելյանին ու Արթուր Յուզբաշյանին, որոնց մոտ եւս աճ է զգացվում: Դե իսկ Հենրիխ Մխիթարյանը հավաքականի առաջատարն է: Իրեն լավ դրսեւորեց նաեւ Հովհաննես Գոհարյանը»:
Այսպիսով, Հայաստանի երիտասարդական հավաքականն ավարտեց այս տարվա ծրագրով նախատեսված ընտրական մրցախաղերը: Վերջին հանդիպումները վկայում են, որ իրոք լավ կոլեկտիվ է ստեղծվել, որը բավական մեծ ներուժ ունի: Մնում է զարգացնել հաջողությունը:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Շվեյցարիա | 6 | 4 | 1 | 1 | 13-6 | 13 |
2. Թուրքիա | 5 | 3 | 0 | 2 | 10-9 | 9 |
3. Էստոնիա | 5 | 2 | 2 | 1 | 6-6 | 8 |
4. Վրաստան | 4 | 1 | 2 | 1 | 6-4 | 5 |
5. Հայաստան | 6 | 1 | 1 | 4 | 9-13 | 4 |
6. Իռլանդիա | 6 | 0 | 4 | 2 | 5-11 | 4 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ