«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2009-11-14 | #209, 2009-11-17 | #210, 2009-11-18


ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՄԻՔԱՅԵԼ ՄԿՐՏՉՅԱՆՆ Է

Թուրքիայում շարունակվում է շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը, որն անցկացվում է տարիքային 6 խմբով: Հայաստանը ներկայացնող 24 շախմատիստներից առավել հաջող է հանդես գալիս մինչեւ 10 տարեկանների մրցաշարի մասնակից Միքայել Մկրտչյանը: Նա 5,5 միավորով չինացի Ջինշի Բայի հետ գլխավորում է աղյուսակը: 6-րդ տուրում Միքայելը սպիտակներով պարտության մատնեց հնդիկ շախմատիստ Մուրալի Կարտիկեհանին: Բայն էլ հաղթեց ղազախստանցի Ջանսայա Աբդումալիկին: Արման Պետրոսյանը 4,5 միավորով 15-րդ տեղում է: Արմանը ոչ-ոքի խաղաց անգլիացի Ռավի Հարիայի հետ:

Հաջող են հանդես գալիս նաեւ մինչեւ 14 տարեկանների մրցաշարի մասնակիցներ Հովհաննես Գաբուզյանն ու Կարեն Գրիգորյանը: Երկուսն էլ 6 տուրից հետո վաստակել են 5-ական միավոր եւ զբաղեցնում են 3-4-րդ տեղերը: 6-րդ տուրում Գաբուզյանը, որ միանձնյա առաջատարն էր, սեւերով պարտվեց պերուացի Ժորժ Կորիին: Իսկ Կարեն Գրիգորյանը սպիտակներով հաղթեց Լարս Ռինդլիրսբահերին: Աղյուսակը 5,5-ական միավորով գլխավորում են պերուացի Ժորժ Կորին եւ Ավստրիան ներկայացնող Յի Յուանը:

Մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի այս տարվա չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը 6 հնարավորից վաստակել է 4 միավոր եւ ընթանում է 28-րդ տեղում: Սամվելը պարտության մատնեց գերմանացի Հագեն Պյոտչին:

Մինչեւ 16 տարեկանների մրցաշարում Հայկ Վարդանյանն ու Վահե Բաղդասարյանը 4,5-ական միավորով հետապնդում են առաջատարներին: 6-րդ տուրը հաջող էր նրանց համար: Վահեն հաղթեց հոլանդացի Ռոբին վան Կամպենին, Հայկը պարտության մատնեց Էրկեն Կոզգանբաեւին: Առաջատարը 5,5 միավոր վաստակած հնդիկ շախմատիստ Գուջրաթի Վիդիթն է:

Հայ աղջիկները համեստ ցուցանիշներ ունեն: Առավել հաջող է խաղում մինչեւ 16 տարեկանների մրցաշարի մասնակից Մարիա Գեւորգյանը, որը 6 հնարավորից ունի 4 միավոր: 3,5-ական միավոր են վաստակել Ելենա Եղիազարյանը (մինչեւ 8 տ.) եւ Սիրանուշ Ղուկասյանը (մինչեւ 12 տ.):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4