ՀՅԴ-ից Հրայր Կարապետյանը երեկ, հարց ուղղելով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, նկատեց, թե ամեն օր Թուրքիայի տարբեր պաշտոնյաներ հավակնոտ դիրքորոշումներ են արտահայտում Արցախի հարցում, երբեք Թուրքիան այնքան ակտիվ չի եղել Արցախի հարցում, ինչպես արձանագրությունները ստորագրելուց հետո, նույնիսկ Թուրքիայի արտգործնախարարի տեղակալը մասնակցել է Մինսկի խմբի համանախագահների նիստին, Թուրքիան անգամ հավակնում է դառնալու Մինսկի խմբի համանախագահ. ապա ձեւակերպեց հարցը` ի՞նչ է պատրաստվում անել մեր ԱԳՆ-ն այս ընթացքում, որքա՞ն է խելամիտ ժամկետ ասվածը (արձանագրությունները ստորագրելու): Է. Նալբանդյանը, սակայն, Թուրքիայի մասնակցությունը այն նիստին, որտեղ համանախագահները տեղեկացնում էին ղարաբաղյան բանակցություններում վերջին զարգացումների ընթացքին Մինսկի խմբի անդամներին, սովորական համարեց, քանի որ Թուրքիան Մինսկի խմբի անդամ է, եւ այդ հանգամանքով մասնակցել է նիստին, մյուս անգամների նման: Իսկ Թուրքիայի հավակնությունները` դառնալու չորրորդ համանախագահը, բացառված են, որովհետեւ առնվազն պետք է Ղարաբաղը եւ Հայաստանը դրան համաձայնություն տան, անգամ եռանախագահները բազմիցս արտահայտվել են, որ դրա մասին խոսք չի գնում: Իսկ որ թուրքական կողմը կապում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Ղարաբաղի հարցի հանգուցալուծման հետ` նախարարը հակադարձեց.« Թուրքերը կարող են այդ փորձերն անել, բայց ո՞վ է կապելու, ո՞վ է թույլ տալու կապել` ոչ Հայաստանը, ոչ Ղարաբաղը, ոչ էլ միջազգային հանրությունը, հատկապես եռանախագահները»: Նա հիշեցրեց, որ եռանախագահները բազմիցս, եւ վերջին անգամ էլ համատեղ հայտարարություններ են անում, որ որեւէ կապ չկա եւ չի էլ կարող լինել, դրանք առանձին գործընթացներ են: Հ. Կարապետյանը նաեւ հարցրել էր արձանագրությունների ստորագրման խելամիտ ժամկետների մասին, արդյոք այդ խելամիտ ժամկետները կարո՞ղ են համընկնել եկող տարվա ապրիլի 24-ի հետ:
Է. Նալբանդյանը վստահեցրեց, որ եթե ինչ-որ ֆիքսված թիվ լիներ, ապա այդ թվի մասին հրապարակված կլիներ. հատուկ կամ արհեստական ձգձգումներ չպետք է լինեն, արհեստական խոչընդոտներ կողմերը չպետք է ստեղծեն:
Հարցում կար նաեւ այսպիսի շեշտադրում`պարտվողական տրամադրությունները սերմանվում են տեսական մտքերի տարածումից հետո. «Պարտվողականության մասին ընդհանրապես խոսք գնալ չի կարող, մենք Թուրքիայի հետ խոսում ենք հավասարը հավասարի հետ, եւ այդ հնարավորությունը ստեղծվել է շնորհիվ միջազգային հանրության աջակցության, որ այսօր Հայաստանն ունի: Որեւէ երկիր, որ ձգտում է որեւէ դիվանագիտական նախաձեռնությամբ հանդես գալ կամ իրականացնել` շատ շահագրգռված է այս աջակցության մեջ: Հայաստանն այսօր այս աջակցությունն ունի... Արձանագրությություններում որեւէ պարտվողականության կամ մեր ազգային անվտանգությունը թուլացնելու, կամ ազգային շահերի տեսակետից զիջումներ, նահանջներ անելու մասին խոսք չի գնում», համոզված էր նախարարը:
ԼՂՀ-ն որպես բանակցությունների կողմ ներգրավելու մասին էլ ասաց, որ համանախագահների հետ ամեն հանդիպմանը հայկական կողմն այս հարցը բարձրացնում է` ասելով, որ առանց ԼՂՀ մասնակցության հանգուցալուծման հասնել հնարավոր չէ:
ՀՀԿ-ից Էդվարդ Շարմազանովն առաջարկեց պարզաբանել Ադրբեջանի նախագահի նախորդ օրվա այն հայտարարությունը, թե բանակցություններում քննարկվում է 7 շրջանների վերադարձի հարցը. «Ես չգիտեմ` ո՞ւմ հետ է այդ բանակցությունները վարում ադրբեջանական կողմն այդ հարցերի շուրջը, բայց Հայաստանում եւ Ղարաբաղում այդ հարցերը դեռ չեն քննարկվում: Հիշեցնեմ, որ մեկ տարուց ավելի ադրբեջանցիները հրաժարվում էին բանակցել մադրիդյան փաստաթղթի հիման վրա, նույնիսկ լռում էին, որ այդպիսի փաստաթուղթ գոյություն ունի», ասաց Է. Նալբանդյանը` կրկին հիշեցնելով, որ առայժմ բանակցություններն ընթանում են մեկ հարցի` Ղարաբաղի կարգավիճակի շուրջը:
Մ. Խ.