«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2009-11-17 | #210, 2009-11-18 | #211, 2009-11-19


ԱՐՑԱԽՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԸ

Լոս Անջելեսում կայանալիք հեռուստամարաթոնից մեկ շաբաթ առաջ, երեկվանից, Ղարաբաղում սկսվել է համազգային դրամահավաքը: Հանգանակված միջոցներն, ինչպես հայտնի է, կնպատակաուղղվեն Շուշի քաղաքի վերականգնմանն ու զարգացմանը:

Դրամահավաքի մեկնարկի կապակցությամբ ԼՂՀ ազգային հանգանակության կազմակերպման հանրապետական շտաբը դիմումով կոչ է արել բնակչությանն ու հիմնարկ-ձեռնարկություններին` ակտիվորեն մասնակցել հերթական մարաթոնին:

«Արդեն բազմաթիվ կազմակերպություններ, ձեռնարկություններ, համայնքներ, ուսումնական հաստատություններ, հարյուրավոր մարդիկ պատրաստակամություն են հայտնել դրամահավաքին իրենց անձնական զգալի նպաստը բերելու համար: Համոզված ենք, որ ինչպես անցած տարիներին, այս անգամ եւս արցախահայությունը` մեծ թե փոքր, քաջ գիտակցելով ծրագրի կարեւորությունը, պարտքի խոր զգացումով կմասնակցի հերթական հանգանակությանը, որի հաջող ընթացքով է նաեւ պայմանավորված Արցախի հետագա բարգավաճումն ու ծաղկուն ապագան», նշված է դիմում-կոչի մեջ:

Հանգանակության կազմակերպման հանրապետական շտաբը նաեւ նշել է. «Արցախբանկ» ՓԲԸ-ում բացված են այն հաշիվները, որոնցով պետք է կատարվեն դրամական փոխանցումները. «Հայաստան» համահայկական հիմնադրամին, բանկային կոդ` 22300, հ/հ 1001559 (ՀՀ դրամով), հ/հ 1101557 (ԱՄՆ դոլարով), հ/հ 1201555 (ՌԴ ռուբլով): Մուծումները կարելի է իրականացնել ցանկացած բանկում եւ «Արցախփոստի» միջոցով:

Իսկ ակնկալվող (նախատեսվող) գումարների չափի մասին տեղեկությունները կարելի է հայտնել (047) 94-25-64 հեռախոսահամարով:

Մարաթոնի անցկացման շրջանակներում, ինչպես տեղեկացնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը ղարաբաղյան պատվիրակության հետ ներկայումս գտնվում է ԱՄՆ-ում: Վարչապետն արդեն հանդիպումներ է ունեցել Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդարանում, ՄԱԿ-ի ՀՀ մշտական ներկայացուցչությունում, մի շարք կազմակերպությունների ղեկավարների եւ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, քննարկել ինչպես սոցիալ-տնտեսական բնույթի, այնպես էլ ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր:

Կ. Գ., Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4