«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2009-11-17 | #210, 2009-11-18 | #211, 2009-11-19


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆԵՐԳԱՐՎԵՍՏԻ ՈՐՈՇ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ

«Հռոմը գնում է դեպի կործանում, որովհետեւ երգիչները դադարել են դաստիարակելուց եւ միայն զվարճացնում են»:

Լուկիանոս` հույն պատմաբան (մթ. 120-180)

Ինքնապաշտպանական ուժերի զգոնության, հայրենասիրական դաստիարակության, բանակի ոգու բարձրացման համար շատ կարեւոր են երգերը: Իսկ ի՞նչ երգեր են այսօր երգվում բանակի համար: Նպատակ եւ հնարավորություն չունենալով ուսումնասիրել ժամանակակից բանակային երգարվեստի ողջ դաշտըՙ կանդրադառնանք ՀՀ ԶՈՒ-ի համար շատ կարեւոր միջոցառմանՙ 16-ամյակի համերգին:

Ստորեւ ներկայացնենք ՀՀ ԶՈՒ կազմավորման 16-րդ տարեդարձին նվիրված համերգը, որը կազմակերպել էր «Շարմ հոլդինգը»` 2008.-ի հունվարի 28-ին: Համերգն անցավ «Հայկական բանակ-16» խորագրով (ի դեպ, 16 տարեկան է ՀՀ ԶՈՒ-ն, իսկ հայկական բանակն` առնվազն մի քանի հազար տարեկան է):

Մի կողմ թողնելով դատողությունները, թե որքանով էին ազգայինՙ այնտեղ հնչած երգերը, նրանց որ մասն էր վերցված ռազմահայրենասիրական երգերի մեր մեծ ժառանգությունից (ազգային, ռազմահայրենասիրական երգեր ընդհանրապես չկային)` շեշտը կդնենք միայն երգերի հաղորդած իմաստային տեքստերի բովանդակության վրա, քանզի հայտնի է, որ հաճելի երաժշտության ուղեկցությամբ մատուցվող երգի տեքստն ազդում է մեզ վրա` ենթագիտակցական տեսանկյունից:

Համերգի ընթացքում հնչեցին մի շարք երգեր, որտեղ բանակում ծառայելուց ավելի շատ կարեւորվում էր ծառայությունից վերադարձը եւ բանակում ծառայելը ներկայացվում էր որպես մի պարտականություն, որին «մի կերպ» պետք է դիմանալ:

Օրինակ` «Ծառայելու եմ ես ու ետ եմ դառնալու եւ ապրեմ այստեղ, իմ երկրում ուժեղ: Ծառայելու եմ ես ու ետ եմ դառնալու, իմ խղճի դիմաց պարտքս կատարած» («Ծառայելու եմ ես», երաժշտություն` Արմեն Մարտիրոսյանի, խոսք` Ավետ Բարսեղյանի, կատարողներ` Տիկո, Գոռ, Նարեկ Բավեյան: Մեջբերումը կրկներգից է):

Մեկ այլ հատված` «Մի նամակ, մի համբույր, մի տխրիր դու իզուր, սիրելիս, սպասիր կգամ ու քո զինվորը կդառնամ»: («Մի նամակ», հեղինակ` Մարինե Թագակչյան, կատարող` Արամե: Մեջբերումը կրկներգից է):

Որպեսզի առավել ընկալելի դառնա, թե ինչ չափով է ժամանակակից հայկական երգարվեստը նահանջ կատարել ռազմահայրենասիրական ժանրից, ստորեւ մեջբերենք մոտ հարյուր տարի առաջ մեր ժողովրդի ստեղծված` «Ձայն տուր, ով ֆետայ» երգից մի հատված:

Ձայն տուր, ով ֆետայ, ինչո՞ւ ես տրտում/Լուռ ու մունջ նստած, երկար մտածում/Ավա~ղ, երկար մտածում/Տխուր, երկար մտածում/Շարժեցեք, տղերք, սուրեր շողողուն/Թափեցեք կրակ թշնամյաց գլխուն/Գազան թշնամյաց գլխուն/Դաժան թշնամյաց գլխուն:

Եվ այլն...

Այստեղ նպատակը հստակ է` պետք է կռվել, պետք է ոչնչացնել թշնամուն, իսկ վերը նշված ժամանակակից երգերում կարծես թե գլխավոր նպատակը բանակից վերադառնալն է, բացի այդ` չկա ոչ մի խոսք թշնամուն հաղթելու, երկիրը պաշտպանելու մասին, ինչը շատ կարեւոր է առողջ զգոնության պահպանման համար:

Հակառակորդին հստակ մատնանշող նմանատիպ օրինակներ մենք հանդիպում ենք նաեւ այլ ազգերի ռազմահայրենասիրական երգարվեստում: Հիշեցնենք, որ հայկական ազգային ռազմահայրենասիրական երգարանից «Հայկական բանակ-16» համերգի ժամանակ չի հնչել եւ ոչ մի երգ:

Ռազմահայրենասիրական երգը յուրաքանչյուր ազգի ռազմական ավանդույթների կարեւորագույն տարրն է եւ, ինչպես արդեն վերեւում ասացինք, լուրջ ներազդեցություն է ունենում մարդկանց ենթագիտակցության վրա: Ռազմահայրենասիրական երգն է, որ հայի մեջ պետք է բորբոքի հայրենասիրության զգացումը, նրան մղի թշնամու դեմ կռվի, եթե հարկ է` պատրաստ լինել նաեւ մեռնել հանուն հայրենիքի: Իսկ այսօրվա երգերը կատարո՞ւմ են այդ կարեւոր դերը. «Մի նամակ», «Ես շուտով տուն կգամ», «Կեցցե՛ն արձակուրդներ» ու նմանատիպ երգերը լսողները, վստահ եմ, վաղը հաստատ չեն գնա պատերազմի: Դրանք խորհրդային շրջանի հայրենասիրական երգերի ավանդույթների շարունակողներն են, իսկ այդ շրջանի նման երգերն ավելի ինտերնացիոնալ էին եւ չէին կարող արտահայտել առանձին ազգերի ավանդույթները: Բացի այդ, ինչպե՞ս կարելի է բանակի տոնին նվիրված համերգին չհնչեցնել մեր լավագույն ռազմահայրենասիրական երգերը, որոնք ամբողջությամբ ներկայացնում են մեր հայկական ռազմական ավանդույթները. չէ՞ որ այս ռազմաշունչ երգերը երգելով է հայը կռիվ գնացել:

Ընդհանրապես, ժամանակակից հայրենասիրական երգերում եւ մասնավորապես «Հայկական բանակ-16» տոնական համերգացանկում գերազանցում են տխուր, թախծոտ տոնայնություն ունեցող երգերը, ինչը նույնպես չի կարող անհետեւանք մնալ ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի վրա` բացասական ազդեցության առումով:

Օրինակ` «Հայկական բանակ-16»-ում հնչած 15 երգերից միայն մեկ երգ էր («Տեր Աստված, ուժ տուր մեզ», հեղինակ` Վաչե Ավեյան, կատարող` Արման Հովհաննիսյան), որը հստակ ոգեւորող զգացմունքներ էր առաջացնում, մնացած 14-ը հանգիստ երգեր էին, որոնք մելամաղձոտ տրամադրություն էին հաղորդում:

Թախծոտ երաժշտության հետ կապված եւս մեկ դիտարկում` հայկական տարբեր հեուստաալիքների «հիթ շքերթներին» մոտ մեկ ամիս (2008 թ. հունիս-հուլիս) հետեւելով պարզեցինք, որ բացարձակ մեծամասնությունում` 70-80 տոկոս, գերակշռող են տխուր երգերը:

Եթե այս ամենին գումարենք այն, որ հայ հանրության մի մեծ զանգված էլ գերադասում է արաբա-թյուրքական ծագում ունեցող «ռաբիս» երաժշտական ոճը, որում նույնպես գերակշռողը «թախծոտ» երգերն են, ապա պարզ կդառնա, թե ինչու է` «Որքանո՞վ եք ձեզ երջանիկ զգում ձեր երկրում» հարցման արդյունքում Հայաստանը մասնակից 97 երկրների շարքում զբաղեցրել 96-րդ տեղը:

Երաժշտությունն այն գործիքն է, որի միջոցով կարելի է ներազդել հանրության բարոյական նկարագրի, ազգային ոգու, հայրենասիրական զգացումների վրա: Այդ պատճառով պետական լուրջ մոտեցումը նման հարցերին խիստ կարեւոր է, որովհետեւ շատ հոգեբանական, հայրենասիրական-դաստիարակչական խնդիրներ կարելի է լուծել հե՛նց երաժշտության միջոցով:

ՎԱՀՐԱՄ ՄԻՐԱՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4