Հայաստանի գեղեցիկ արվեստների ակադեմիան 4-րդ անգամ է մասնակցում Մոսկվայում «Ազգային տարազ» միջազգային մրցույթին, որը հովանավորում է Մոսկվայի թուրքալեզու կանանց միությունը: Սեդրակյանը պատմում է, որ նման մրցույթներում Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ հակասություններ են առաջանում մշակութային պատկանելության` երաժշտության, տարազների, զարդերի, նախշերի հարցերի առումով: Սեդրակյանի հավաստմամբ` նմանատիպ մրցույթներում ադրբեջանական կողմը կասկածանքով է վերաբերվում, թե արդյոք հայկական կողմի ներկայացրած ազգային տարազները հայկական մշակույթին բնորոշ տարրե՞ր են: «Դա մեր մեղքն է, անտարբեր ու անուշադիր ենք մեր եւ մեր մշակույթի հանդեպ», ասում է Սեդրակյանն ու որպես խնդրի լուծում պահանջում երեխաներին ապահովել հայեցի կրթությամբ ու դաստիարակությամբ:
«Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն էլ պատմում է, որ Ադրբեջանը մի քանի տարվա ընթացքում Եվրոպայում ցուցահանդեսներ է կազմակերպել ու հայկական մշակույթին բնորոշ բազմաթիվ տարրերն ու զարդանախշերը ներկայացրել որպես ադրբեջանական: «Եթե հիմա Հայաստանը որոշի նույն նախշերը, տարազները ներկայացնել որպես իր մշակույթի, պատմության անբաժանելի մաս, ապա դա կընկալվի որպես ադրբեջանական»: Ադիբեկյանը վստահ է, որ նույն բանը կատարվում է նաեւ Թուրքիայում: Ըստ նրաՙ երկու երկրների մերձեցումն անխուսափելի է, սակայն կան անխուսափելի խոչընդոտներ, քանի որ հայերի եւ թուրքերի պատկերացումները տարբեր են, շատ բան խեղաթյուրված է: Ադիբեկյանը վստահ է, որ շփման միջոցով հնարավոր է շատ բան ապացուցել, պարզապես պետք է կազմը ճիշտ ընտրվի:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հասարակության տեսակետինՙ սոցիոլոգն ասաց, որ որեւէ հարցում չի կատարվել: Ադիբեկյանին 5 մլն դրամ է հարկավոր պարզելու հասարակության տրամադրվածությունը, սակայն նրան պատասխանել են, որ բյուջեն նման ծախսերի համար հատկացումներ չի կատարում «Օլիգարխները գումար չունեն, միջազգային կառույցներն էլ թքած ունեն»:
Հ. Հ.