«Հատիսն» առաջին միջազգային հանդիպումը կանցկացնի
Ֆուտբոլային մրցաշրջանը Հայաստանում ավարտվեց եւ այժմ մարզասերների ուշադրությունը կբեւեռվի Երեւանի «Հատիս» բասկետբոլի կանանց թիմին, որը մասնակցում է Եվրոպայի գավաթի խաղարկությանը: Հիշեցնենք, որ մեկնարկային խաղում «Հատիսն» Աթենքում 54-105 հաշվով զիջել է մրցաշարի ուժեղագույն թիմերից մեկինՙ «Աթինաիկոսին»: Եվ ահա տեւական ընդմիջումից հետո Երեւանում կրկին մեծ բասկետբոլի ականատես դառնալու հիանալի հնարավորություն է ընձեռվել հայ մարզասերներին:
Այսօր ժամը 17.30-ին «Միկա» մարզադահլիճում «Հատիսը» կհյուրընկալի Ռուսաստանի Վոլոգդա քաղաքի «Չեւակատա» թիմին: Հիշեցնենք, որ ռուսական թիմը մեկնարկային խաղում, սեփական հարկի տակ 62-80 հաշվով զիջել է թուրքական «Բեշիքթաշին»: «Չեւակատայի» 11 բասկետբոլիստուհիներ գրիպի պատճառով չեն մասնակցել այդ հանդիպմանը, որի հետեւանքով խաղահրապարակ են դուրս եկել միայն 5 մարզուհիներ: Նշենք, որ Երեւան ժամանելուց առաջ «Չեւակատան» պետք է ՌԴ գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի հանդիպում անցկացներ, սակայն խաղացողների հիվանդության պատճառով խաղը հետաձգվել է:
«Չեւակատան» Երեւան է ժամանել 10 բասկետբոլիստուհիներով, սակայն դեռեւս հայտնի չէ, թե նրանցից քանիսը կարող են մասնակցել հանդիպմանը: Այնպես որ հյուրերը կազմի հետ կապված լուրջ հիմնախնդիրներ ունեն:
Նախապատրաստվելով այսօրվա կարեւորագույն հանդիպմանը, «Հատիսն» իր հերթական խաղն անցկացրեց բասկետբոլի Հայաստանի առաջնությունում: «Հատիսի» առավելությունը Գյումրու մանկավարժական ինստիտուտի թիմի նկատմամբ բացահայտ էրՙ 108-55: «Հատիսը» գործնականում ապահովել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսի նվաճումը եւ այժմ իր ողջ ուշադրությունը բեւեռել է եվրոգավաթների խաղարկության վրա:
«Հատիսի» գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը համոզված է, որ առաջիկա հանդիպումներում թիմն ավելի լավ խաղ կցուցադրի: Հիմնական խնդիրը պահեստայինների կարճ նստարանն է: Փաստորեն ողջ ծանրաբեռնվածությունն իրենց ուսերին են տանում առաջին հնգյակը կազմող բասկետբոլիստուհիները: Օրինակ, «Աթինաիկոսի» հետ խաղում մեր թիմի 6 բասկետբոլիստուհիները խաղահրապարակում անցկացրել են մոտ 37 րոպե, մինչդեռ մրցակիցների մոտ այդ ժամանակահատվածը կազմում էր 20-22 րոպե:
Եվ այսպես, այսօր «Հատիսը» Երեւանում իր առաջին միջազգային հանդիպումը կանցկացնի: Հուսանք, որ ինչպես մեր ֆուտբոլիստներն ուրախացրին մարզասերներին, այնպես էլ «Միկա» մարզադահլիճից բասկետբոլի սիրահարները կհեռանան բարձր տրամադրությամբ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ