Նոյեմբերի 20-ին Հարավային Կորեայում կմեկնարկի ծանրամարտի աշխարհի հերթական առաջնությունը: Ինչպես տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան չորս ծանրորդներ եւ երեք մարզուհիներ: Հայաստանի պատվիրակների համար առաջնությունը կսկսվի նոյեմբերի 22-ին: Այդ օրը մեր ծանրորդներից առաջինը մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի մեծահասակների այս տարվա չեմպիոն Առաքել Միրզոյանը: Ի դեպ, հանրային հեռուստատեսությունն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրի մեր ծանրորդների ելույթները:
Բացի Հայաստանի հավաքականի անդամներից, աշխարհի առաջնությունում հանդես կգան հայազգի այլ մարզիկներ: Մասնավորապես, Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես կգա 77 կգ քաշային Արմեն Ղազարյանը: Նա վերջին պահին է ընդգրկվել հավաքականի կազմումՙ փոխարինելով վնասվածք ստացած Եվգենի Պիսարեւին: Գերծանր քաշային այդ ծանրորդը աշխարհի եւ Եվրոպայի պատանիների չեմպիոն է, Եվրոպայի մեծահասակների առաջնությունում էլ դարձել է բրոնզե մրցանակակիր:
ՌԴ հավաքականի գլխավոր մարզիչ, նախկինում հանրահռչակ ծանրորդ Դավիթ Ռիգերտը վստահում է Արմեն Ղազարյանին, որի համար աշխարհի առաջնությունն առաջին միջազգային խոշոր մրցաշարն է Ռուսաստանի դրոշի ներքո: Արմենը 2008-ին նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը: Ժամանակին նա հանդես է եկել Հայաստանի հավաքականում մինչեւ 62 եւ մինչեւ 69 կգ քաշային կարգերում: Բացի Արմեն Ղազարյանից, ՌԴ հավաքականում մեդալների համար մրցավեճի կբռնվեն նաեւ Վլադիսլավ Լուկանինը (77 կգ), Ռոման Խամատշինը (85 կգ), Վասիլի Պոլովնիկովը, Անդրեյ Դեմանովը (երկուսն էլՙ 94 կգ), Դմիտրի Լապիկովը, Ռոման Կոնստանտինովը (երկուսն էլՙ 105 կգ) եւ Անդրեյ Կոզլովը (գերծանր քաշ):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ