«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2009-11-17 | #210, 2009-11-18 | #211, 2009-11-19


ՍԻՄՈՆՅԱՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԿԳԼԽԱՎՈՐԻ ՌԴ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ

Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը ժամանակավորապես կգլխավորի գերատեսչությունըՙ փոխարինելով Վիտալի Մուտկոյին, որը նոյեմբերի 23-ին պաշտոնապես կազատվի զբաղեցրած պաշտոնից: Դա ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրահանգն էՙ մարզական ֆեդերացիաների ղեկավար պաշտոններն ազատել մարզաձեւի պրոֆեսիոնալների համար: Ըստ այդ հրահանգի, 11 մարզական ֆեդերացիաների նախագահները, որոնք պետական ծառայողներ են, այդ թվումՙ նախարարներ, պարտավոր են մինչեւ նոյեմբերի 23-ը ազատել զբաղեցրած պաշտոնները: Օրինակ, Պետդումայի հաշվիչ պալատի ղեկավար Սերգեյ Շախրայն արդեն ազատվել է ՌԴ բադմինտոնի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Այստեղ տեղին է նշել, որ ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանում ձգտում են մարզական ֆեդերացիաների նախագահներ ընտրել պետական պաշտոնյաների, գործարարների, որոնք հնարավորություն ունեն ֆինանսական աջակցություն ցույց տալ մարզաձեւի ներկայացուցիչներին:

ՌԴ ֆուտբոլային միության նոր նախագահը կընտրվի փետրվարին կայանալիք արտահերթ կոնֆերանսում: Նիկիտա Սիմոնյանը հայտարարել է, որ ինքը մտադիր չէ իր թեկնածությունն առաջադրել առաջիկա ընտրություններումՙ հաշվի առնելով պատկառելի տարիքը (Սիմոնյանը 83 տարեկան է): Ավելի քան 60 տարի մեծ ֆուտբոլում անցկացրած Սիմոնյանը պատրաստ է շարունակել աշխատանքը ՌԴ ֆուտբոլային միությունում, եթե նոր նախագահը ցանկանա համագործակցել իր հետ: Սիմոնյանի կարծիքով ՌԴ ֆուտբոլային միության նախագահի պաշտոնի լավագույն թեկնածուներն են Սերգեյ Կապկովն ու Եվգենի Գիները:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4