ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ղեկավարի տեղակալ է նշանակվել ամերիկացի դիվանագետ Մելիսա Սթոունը, որը մինչ նոր նշանակումը աշխատում էր ԵԱՀԿ Կոսովոյի գրասենյակում: Անցյալ շաբաթ Սթոունը ժամանել է Բաքու եւ ամիջապես անցել իր պարտականությունների կատարմանը:
Հետաքրքրականն այս ամենի մեջ այն է, որ վերջին ժամանակներում այս կամ այն պաշտոններում, որոնք կապված են Ադրբեջանի հետ, նշանակվում են «բալկանյան անցյալով» դիվանագետներ: Իսկ գաղտնիք չե, որ միայն Կոսովո բառը սարսափ է առաջացնում Բաքվում:
Սկզբում Կոսովոյում ԱՄՆ նախկին դեսպան Թինա Քեյդանաուն նշանակվեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ` հիմնականում կովկասյան տարածաշրջանի հարցերով, իսկ հետո Մինսկի խմբի ԱՄՆ կողմից համանախագահ նշանակվեց Ռոբերտ Բրադկեն` ԱՄՆ նախկին դեսպանը Խորվաթիայում: Վերջինիս այս պաշտոնում նշանակվելու կապակցությամբ հիշեցնենք, որ Թինա Քեյդանաուն մեծ հույսեր է կապում ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ:
Դեպքերի նման զարգացման առիթով ադրբեջանական «Էխո» թերթում իր կարծիքն է արտահայտել ադրբեջանցի քաղաքագետ Պարվին Դարաբադին, որն ակնհայտ է համարել այն փաստը, որ ԱՄՆ-ը տարածաշրջան, մասնավորապես Բաքու է ուղարկում «կոսովական խումբը»: «Այս փաստերը բավականին զգոնացնում են: Ճիշտ է, առայժմ դժվար է ենթադրել, թե նրանք ինչ ուղղությամբ կաշխատեն: Ինչ վերաբերում է Քեյդանաուի այն հայտարարությանը, թե Կոսովոյի ու Ղարաբաղի մեջ որեւէ ընհանուր բան չկա, ես համարում եմ պարզապես Բաքվին հանգստացնելու միջոց, քանի որ անզեն աչքով էլ տեսանելի են այս երկու գործընթացների միջեւ տարվող զուգահեռները: Իհարկե, տարրերով սրանք տարբեր գործընթացներ են, սակայն նմանություն, անշուշտ, ունեն», խոստովանել է ադրբեջանցի քաղաքագետը:
Մեկ այլ ադրբեջանցի քաղաքագետի` Ռասիմ Աղաեւի խոսքերովՙ ԱՄՆ-ը միշտ էլ մանրակրկիտ է մոտեցել դիվանագետներ նշանակելու հարցին. «Մանավանդ կոնֆլիկտներով հարուստ տարածաշրջաններում նրանք շատ ուշադիր են: Քեյդանաուն, Բրադկեն եւ Սթոունը մարդիկ են, որոնք տարածաշրջանային խնդիրների լուծման հսկայական փորձ ունեն: Իկարկե, Կոսովոյի առկայությունը նրանց քաղաքական կենսագրության մեջ որոշակի մտահոգությունների տեղիք է տալիս, սակայն այստեղ ադրբեջանական դիվանագիտությունը պետք է արդյունավետ ու նրբանկատ աշխատի», նկատել է Աղաեւը: Ադրբեջանցի քաղաքագետը նշել է, որ այդ մարդկանց հետ կարելի է աշխատել, սակայն գործընթացները Ադրբեջանին նպաստավոր ուղղությամբ չեն ընթանում. «Ամերիկացի նման դիվանագետների մասնակցությունը հայ-ադրբեջանական բանակցություններին վկայում է ընդամենը, որ ԱՄՆ-ը ցանկանում է այստեղ նույնպես կիրառել կոսովական սկզբունքները»:
Մինսկի համանախագահ մյուս երկրներից Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն էլ վերջերս Ղազախստանում ղարաբաղյան եւ կոսովական հակամարտությունները դիտարկել էր նույն հարթակում:
2008-ի փետրվարի 17-ին Կոսովոն հայտարարեց իր անկախության մասին` Սերբիայից: Հաջորդ օրը Աֆղանստանը, Թայվանը եւ մի շարք եվրոպական երկրներ ճանաչեցին Կոսովոյի անկախությունը: Նույն օրը ճանաչեց նաեւ ԱՄՆ-ը:
Ղարաբաղի պարագայումՙ 1991-ի սեպտեմբերի 2-ի անկախության հրապարակումը առայժմ չի ճանաչել ոչ մի երկիր: Սակայն 1991-ի դեկտեմբերի 10-ին միջազգային դիտորդների ներկայությամբ Ղարաբաղում անցկացվեց հանրաքվե, որտեղ ժողովրդի ճնշող մեծամասնությունը` 99,89 տոկոսը, կողմ արտահայտվեց Ադրբեջանի կազմից դուրս գալուն եւ անկախ հանրապետության ստեղծմանը` չնայած մինչեւ օրս էլ Ադրբեջանի կողմից ենթարկված է շրջափակման:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ