Փարիզի «Աշխարհ» թերթը տեղեկացնում է, որ Վալանս քաղաքի արվարձան Բուր-լե-Վալանսի «Լը Ռոն» թատրոնում հոկտեմբերի 18-ին հանդիսավոր պայմաններում նշվել է ֆրանսահայոց մշակութային միության (USFAF) 60-ամյակը: Հոբելյանական հանդիսության գեղարվեստական մասում ելույթ է ունեցել Լիոն քաղաքի ազգագրական պարերի «Գորիս-Սասուն» համույթը:
Միջոցառման պաշտոնական մասը սկսվել է UCFAF-ի նախագահ Էդմոն Յանեկյանի ելույթով, որը պատմել է 60 տարում միության անցած ճանապարհի կարեւոր ուղենիշների մասին, անդրադառնալով նաեւ 2009-ի հոկտեմբերին հայ-թուրքական երկու արձանագրությունների ստորագրմանը: Այնուհետեւ ելույթ է ունեցել միության Վալանս-Դրոմի բաժանմունքի նախագահ Վարդգես Վարդանյանը, խոսելով մշակութային գործունեության եւ համայնքային խնդիրների մասին:
Դրանից հետո սկսվել է համերգային բաժինը: «Գորիս-Սասուն» պարախումբն իր ելույթներով գերել է հանդիսականներին, սկզբում ներկայացնելով ավանդական պարեր, իսկ համերգի երկրորդ մասումՙ փոքր-ինչ արդիականացված ազգային պարեր: Խմբի փայլուն հաջողությունները պարուսույցներ Ֆելիքս եւ Թերեզա Գրիգորյանների երկարատեւ աշխատանքի արդյունքն են:
Ֆրանսահայոց մշակութային միությունը իր գործունեության 60 տարիներին զգալի աշխատանք է կատարել Ֆրանսիայում հայկական մշակույթը եւ Հայաստանը պատշաճ կերպով ներկայացնելու համար: