Հայաստանում այսօր հաշվառված է շուրջ 177.000 հաշմանդամ: Այս թիվըՙ համեմատած սույն թվականի հունվար ամսվա տվյալների հետ, աճել է 7.000-ով, ինչը նշանակում է, որ պետությունը պետք է ավելի համալիր մոտեցումներ մշակի հաշմանդամ անձանց խնդիրներին անհրաժեշտ լուծում տալու համար: Հաշմանդամ մարդկանց համար մեծագույն պրոբլեմ են հատկապես հասարակության վերաբերմունքն ու հասանելիության խնդիրըՙ ինչը կրթություն ստանալու եւ աշխատելու հնարավորության գլխավոր նախապայմանն է: Անհրաժեշտ է ստեղծել որոշակի պայմաններ, առաջին հերթին կառուցել թեքահարթակներ: Գաղտնիք չէ, որ մայրաքաղաքում եւ հատկապես մարզերում այդ խնդրին քիչ են ուշադրություն դարձնում, մինչդեռ քաղաքակիրթ երկրներում որեւէ շինության նախագիծ չի կարող կյանքի կոչվել առանց թեքահարթակների առկայության: Այս դեպքում գուցե անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որ գոնե նոր կառուցվող շինություններն ապահովված լինեն թեքահարթակներով:
Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները քննարկելու նպատակով արդեն 4-րդ անգամ նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը անցկացվում է հաշմանդամների իրավունքների պաշտպանության միամսյակ:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանի հավաստմամբՙ հաշմանդամների իրավունքների պաշտպանության համար Հայաստանում գործում է հաշմանդամների սոցիալական պաշտպանության մինչեւ 2015-ի համար նախանշված ազգային ռազմավարություն: Ամեն տարի մշակվում են հասցեակիր ծրագրեր, որոնց շրջանակներում նախարարությունը տվյալ ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների հետ համատեղ համապատասխան միջոցառումներ է անցկացնում: Մշակվում է նաեւ հաշմանդամների իրավունքների պաշտպանության սոցիալական ներգրավվածության նոր օրինագիծ, որը միամսյակի շրջանկներում կքննարկվի հասարակական կազմակերպությունների հետ:
Այս տարվա բյուջեում սոցապ. նախարարության ու հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների համար հատկացվելիք գումարում զգալի փոփոխություններ չկան: Բաղդասարյանի հավաստմամբՙ կրճատումներ կան, բայց դա չի խոչընդոտի հաշմանդամներին համապատասխան ծառայություններ ստանալ: Միամսյակի կապակցությամբ նախարարությունը մի շարք միջոցառումներ է ծրագրել` հաշմանդամ անձանց սոցիալական պաշտպանության ազգային ռազավարության նախագծի քննարկումներ Երեւանում եւ մարզերում, ֆիլմերի եւ տեսահոլովակների ցուցադրում, դասախոսություններ ու քննարկումներ բուհերում, Գյումրիում «Հաշմանդամների աշխատանքային վերականգնման կենտրոն»-ի բացում: Այս ամենը պետք է նպաստի, որ կարգախոսըՙ «Հանուն հավասար հնարավորությունների», դառնա իրականություն:
«Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Սլավերդյանը փաստում է, որ հաճախ խոսում են հաշմանդամների իրավունքների պաշտպանության մասին, բայց խոսքն այդպես էլ գործ չի դառնում: Նրա դիտարկմամբՙ այսօր Հայաստանում հաշմանդամ անձինք, բացի հասանելիության խնդրից, ունեն զբաղվածության խնդիր: Թեպետ Ալավերդյանն այս առումով դրական առաջընթաց է նկատում. որոշ գործարարներ աշխատանքի են ընդունում հաշմանդամ անձանց: «Այդուամենայնիվ, դա բավարար չէ: Առաջարկում եմ, որ այս միամսյակի կապակցությամբ յուրաքանչյուր գործատու աշխատանքի վերցնի գոնե մեկ հաշմանդամի: Դա կլինի ոչ միայն բարի գործ, այլեւ կգտնեք որակյալ աշխատողներ», ասում է Ալավերդյանը:
«Փյունիկ» հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Աբրահամյանն էլ ֆրանսիական «Աղավնի» կազմակերպության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ յուրաքանչյուր տարի հաշմանդամ ունեցող չորս անապահով ընտանիքի աջակցության նպատակով կտան կովեր: «Հույս ունենք, որ ծրագիրը շարունակական կլինի: Գաղափարը հետեւյալն է. Կովեր ենք տրամադրումՙ հաջորդ տարի հորթերը վերցնելու պայմանով, որպեսզի կարողանանք օգնել եւս չորս այդպիսի ընտանիքի»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ