Երեւանի «Հատիսը» Եվրոպայի գավաթի խաղարկության 2-րդ տուրում չափազանց համառ ու դրամատիկ պայքարում 103-99 հաշվով պարտության մատնեց Վոլգոգրադի «Չեւակատային»ՙ տոնելով անդրանիկ հաղթանակը: Այս հաջողությունը մեծ ոգեւորություն էր առաջացրել «Միկա» մարզադահլիճում հավաքված մարզասերների շրջանում, որոնք ամբողջ խաղի ընթացքում ջերմորեն աջակցում էին հատիսցիներին:
«Հատիսը» հանդիպումը սկսեց Մաուրիտա Ռեյդ, Ջուլիանա Վիանի, Բոյանա Վուլիչ, Իվա Սերդար, Աննա Պոկոյովա մեկնարկային կազմով: Խաղի ընթացքում հաճախակի փոխարինման էր դուրս գալիս Գանա Զարիտսկան: Հենց այդ վեցնյակն էլ իր ուսերին կրեց խաղի ողջ ծանրաբեռնվածությունը:
Առաջին 2 միավորն իրենց օգտին գրանցեցին հյուրերը, սակայն Բոյանա Վուլիչը տուգանային նետումներով հավասարեցրեց հաշիվը: Այնուհետեւ, Սերդարն ու Ռեյդը հաշվի մեջ առաջ մղեցին «Հատիսին»: Առաջին խաղափուլում հատիսցիներն աստիճանաբար մեծացրին հաշվի տարբերությունը: Արդյունավետությամբ աչքի ընկան «Հատիսի» ավագ Վուլիչը եւ Սերդարը, որոնք թիմին 8-ական միավոր պարգեւեցին: Շատ ակտիվ էր նաեւ ճամայկացի Ռեյդը, որը 7 միավոր վաստակեց: Առաջին խաղափուլն ավարտվեց «Հատիսի» օգտինՙ 27-21:
Երկրորդ խաղափուլը սկսվեց Զարիտսկայի 3 միավորանոց նետումով: Այս առումով հատկապես աչքի ընկավ Աննա Պոկոյովան, որը նմանատիպ 3 արդյունավետ նետում կատարեց: Եղավ մի պահ, երբ հյուրերը միավորների տարբերությունը հասցրին 3-ի (36-33), սակայն հետագայում հատիսցիները կրկին մեծ եռանդով գործեցին եւ 2-րդ խաղափուլից հետո խաղը շահում էին 54-46 հաշվով:
3-րդ խաղափուլում զգացնել տվեց մեր բասկետբոլիստուհիների որոշակի հոգնածությունը, ինչն արտահայտվեց հաշվում: Առաջին անգամ «Չեւակատային» հաջողվեց հաշվի մեջ առաջ անցնել (76-75), բայց Ռեյդի, Վուլիչի եւ Զարիտսկայի արդյունավետ խաղի շնորհիվ 3-րդ խաղափուլից հետո էլ հաշիվը մեր օգտին էրՙ 75-71: Ճիշտ է, 3-րդ խաղափուլը 25-21 հաշվով շահեցին հյուրերը:
Ամեն ինչ պետք է վճռեր 4-րդ խաղափուլը, որում պայքարի լարվածությունը հասավ գագաթնակետին: Խաղի ավարտից 40 վրկ. առաջ «Հատիսը» հաղթում էր 98-95 հաշվով: Ռեյդը իրացրեց տուգանային նետումներից մեկը, իսկ ահա ռուսներին 3 միավորանոց նետում հաջողվեցՙ 99-98 եւ 20 վրկ. խաղի ավարտին: «Չեւակատան» միտումնավոր խախտում թույլ տվեց եւ այս անգամ Ռեյդի 2 նետումներն էլ արդյունավետ էինՙ 101-98: Խաղը փրկելու համար հյուրերին անհրաժեշտ էր 3 միավորանոց նետում կատարել, սակայն նրանք միայն մեկ միավոր վաստակեցին, որին «Հատիսը» պատասխանեց Գանա Զարիտսկայի վերջին նետմամբՙ 103-99: «Հատիսն» արժանի հաղթանակ տոնեց: Թիմի կազմում ամենաարդյունավետը «Հատիսի» ավագ Բոյանա Վուլիչն էր, որը վաստակեց 27 միավոր: 25 միավոր թիմին պարգեւեց Մաուրիտա Ռեյդը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ