Լավ եղանակը հնարավորություն տվեց Լիտվայի արտգործնախարար Վիգաուդաս Ուշացկասին վայելելու Արարատի գեղեցիկ տեսարանը: Երեկ այդ մասին Երեւանում հայտարարեց Լիտվայի արտգործնախարարը` Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում:
Երկկողմ հարաբերությունների բարելավման, ընդլայնման ու զարգացման երկուստեք արված հայտարարություններից հետո Լիտվայի նախարարն ընդգծեց, որ հեռանկարային է համարում համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում եւ ինքն էլ «մեծ փաստաբան կլինի հօգուտ զբոսաշրջության դեպի Հայաստան»:
Այդուհետեւ Լիտվայի արտգործնախարարը խոսեց իր երկրի Եվրոմիությանն անդամակցության առանձնահատկությունների մասին, ընդգծելով, որ այդ առումով Լիտվան կարող է իր փորձը ներկայացնել Հայաստանին, որ համագործակցում է Եվրոմիության հետ, նաեւ ներգրավված է ԵՄ Արեւելյան գործընկերություն ծրագրում:
«Եվրոպական միությունը Հայաստանի համար նշանակում է տնտեսության արդիականացում, ժողովրդավարություն եւ մարդու իրավունքներ, լավ հարաբերություններ բոլոր հարեւանների հետ», նշեց Ուշացկասը, ավելացնելով, որ այս համատեքստում էլ Լիտվան ողջունել է Հայաստան-Թուրքիա արձանագրություների ստորագրումն ու հարաբերությունների նորմալացման նախաձեռնությունը: Լիտվայի ԱԳ նախարարի խոսքերով, իր երկիրը ողջունում է նաեւ Հայաստան-Ադրբեջան երկխոսությունը` հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Լիտվայի արտաքին գործերի նախարար Վիգաուդաս Ուշացկասը նոյեմբերի 20-21-ը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով: Այցի ընթացքում նախատեսվում էին նախարար Վիգաուդաս Ուշացկասի հանդիպումները Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի , արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ