Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` կիրակի օրը Մյունխենում կայանալիք հերթական հանդիպումից հայ խորհրդարանականների սպասելիքները տարբեր էին, երեկ նրանք այդ մասին ասել են խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ: ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը նախ գնահատեց հանդիպմանը նախորդող իրավիճակը. ըստ նրա` վերջերս մի փոքր մեղմացել է Ադրբեջանի վարած քարոզչական պատերազմը Հայաստանի նկատմամբ, հավանաբար այն պատճառով, որ ԵԱՀԿ շրջանակում դրական սպասումների ֆոն կա, եւ ղարաբաղյան բանակցային գործընթացն ակտիվորեն առաջ է մղվում: Այս համապատկերին էլ Ա. Սաֆարյանը երկու երկրների նախագահների հանդիպումը շատ կարեւոր իրադարձություն դիտարկեց: Իսկ որ Ադրբեջանում հայտարարում են, թե Հայաստանը չի ուզում զիջումների գնալ եւ պատրաստ չէ հարցը համաձայնությամբ լուծելուն` սրան ի պատասխան էլ Ա. Սաֆարյանը նշեց, թե մենք ընդամենն արձանագրել ենք, որ մեր դիվանագիտության գլխավոր խնդիրը ԼՂՀ կարգավիճակի հարցն է, որը չի կարող ցածր լինել ԼՂՀ այօրվա կարգավիճակից: Այլ կերպ ասած` խոսքը ԼՂՀ մջազգային ճանաչման մասին է: Եթե կարգավիճակի հետ կապված դրական տեղաշարժ լինի, բանակցային գործընթացի մյուս բաղադրիչներն արագորեն կարող են լուծում գտնել:
Ըստ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանի ` հակամարտության որեւէ հապշտապ լուծման մասին խոսք լինել չի կարող, մեր դիրքորոշումը նույն ձեւով է ներկայացվելու` նախ եւ առաջ Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը, մնացած խնդիրներն այսօր քննարկելի չեն: Երբ մադրիդյան փաստաթղթում որոշակի կդառնա Ղարաբաղի կարգավիճակը` անկախ, ոչ Ադրբեջանի կազմում, ոչ պակաս կարգավիճակ, քան այսօր է, երբ դա հավանություն կստանա բանակցություններում, այդ դեպքում միայն կքննարկվեն մյուս խնդիրները: Սահակյանի գնահատմամբ` այսօր ավելի բաց են քննարկումները, եւ հասարակական պահանջարկ կա մտածելու, թե պետությունը ո՞ր ճանապարհով է ուզում խնդիրը լուծել:
«Ժառանգություն» խմբակցությունից Արմեն Մարտիրոսյանի ակնկալիքները մեծ չեն մյունխենյան հանդիպումից: Նրա կարծիքովՙ առաջընթաց հնարավոր չէ, քանի որ այս փուլում իշխանությունները հազիվ կարողանան հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու եւ կյանքի կոչելու խնդրով զբաղվել, թեեւ բանավոր պայմանավորվածություններն այս բանակցություններում չբացառեց:
Մյուս հրատապ թեման ԲՀԿ-ական նախարարի հրաժարականն էր, որ դիտարկվում էր այն տեսակետից, թե եթե կուսակցությունները երբ ուզենՙ հետ կանչեն իրենց նախարարներին, կառավարությունն ու վարչապետը կարող են վատ վիճակում հայտնվել, բացի այդ` կարծես նրանք չեն նախարարական կաբինետի հետ կապված հարց վճռողը, այլՙ կուսակցություններն ու նրանց ղեկավարները: Մյուս կողմից էլ` Գեւորգ Պետրոսյանի հրաժարականի հետ կապված հակասական բացատրություններ են հնչել` մի տարբերակով առողջական խնդիրներ, մյուսով` թերացումներ: ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը ոչ մի հակասություն չտեսավ` Գեւորգ Պետրոսյանն ինքը բացատրել է, թե ինչու է հրաժարական տալիս, հակասություն էլ չկա` մարդն անառողջ լինելու պատճառով լիարժեք չի կարող կատարել իր աշխատանքը, պարտականությունները: Գ. Սահակյանն էլ հանգիստ էր վերաբերվում տեղի ունեցածին` կոալիցիոն համաձայնագրի շրջանակում է փոփոխությունը, ԲՀԿ-ին` հիմնական մոտեցումը: Մինչեւ տարվա վերջ նախարարական այլ փոփոխություններ չեն սպասվում, ու թեեւ ՀՀԿ-ն փորձում է շատ չմիջամտել կառավարության լիազորությունների շրջանակին, ինչպես մյուս քաղաքական ուժերը, սակայն երկրի քաղաքական պատասխանատվությունը ոչ թե անհատ վարչապետի, այլ կոալիցիոն շրջանակում է: Վարչապետը քաղաքական թիմի ծրագրերն է իրականացնում ընդամենը: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, թե ավելին չգիտեն նրանից, որի մասին ԲՀԿ-ականներն են ասել: Հովհաննես Մարգարյանը եւս պնդեց` քաղաքական ուժի որոշելիք խնդիր է, նույն կարգի պատասխան տվեց նաեւ ՀՅԴ-ից Արա Նռանյանը : Բայց «Ժառանգությունից» Լարիսա Ալավերդյանը այլ կարծիքի էր. «Այն, ինչ կատարվում է Հայաստանում, հակասում է այն գաղափարախոսությանը, թե իշխանությունը ժողովրդին է պատկանում»: Ըստ նրա` մեկ օրվա մեջ տարբեր մեկնաբանություններ հնչեցին. քննարկելու հարց է, ՀՅԴ-ն էլ իր նախարարներին հետ կանչեց` կառավարությունն այդպիսի վիճակում չի կարող կայուն աշխատել. «Կոալիցիոն համաձայնությունը, կուսակցական ներքին պայմանավորվածությունը մեզ մոտ վեր են սահմանադրությունից, գալիս են աստվածաշնչային ճշմարտությունների տեղը գրավելու: Սա բարոյական ճգնաժամ է», ասաց նա:
Մ. Խ.
Հ.Գ.1.-Գալուստ Սահակյանը, պատասխանելով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի 70 հազար դոլարանոց մեքենայի մասին հարցին, թե երբ կառավարության ղեկավարը առաջարկում է ճգնաժամին ձգել գոտիները, կրճատվում է բյուջեն, այդ ձեռքբերումն ինչպե՞ս հասկանալ, ասաց. «Նման խոսակցությունն անհեթեթություն է եւ պատկերացնում եմ, թե որտեղից է գալիս, էնպես չէ, որ պետական կերակրամանի մեջ ինչ-որ գումարներ են դրված, հենց նախարար են դառնում, այդ գումարը վերցնում են: Ոչ ոք չքավորի տպավորություն թողնող իշխանավորին ուշադրություն չի դարձնում, այդ պատճառով մենք պետք է արժանապատիվ կարողանանք միջազգային հանրությանը ներկայանալ»:
Հ.Գ.2. - Գ. Սահակյանը երեկ նաեւ ասուլիս էր տվել «Փաստարկ» ակումբում: Նա Վարչական դատարանի վճիռը, որով բավարարվել է «Հայակական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի հայցը ու նա հնարավորություն է ստացել թիվ 10 ընտրատարածքում անցկացվելիք ընտրություններին մասնակցելու, գնահատել է նորմալ` ասելով, որ այդպիսի որոշման համար իրավական հիմքեր եղել են: