«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2009-11-19 | #212, 2009-11-20 | #213, 2009-11-21


ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՄԻՆՉԵՎ 17,5 ՏՈԿՈՍԻ

Սակայն վատթարացել են հոկտեմբեր ամսվա ցուցանիշները

Համաձայն ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների, 2009-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում տնտեսական անկումը կազմել է 17,5 տոկոս: Անկման նման կրճատումը ավելի շատ պայմանավորված է նախորդ տարվա հոկտեմբերից սկսված տնտեսական անկման մեծ ցուցանիշով: Եթե այս տարվա մայիսից սկսած, մեր տնտեսությունը յուրաքանչյուր ամիս աճ էր արձանագրում դրան նախորդած կտրուկ անկումից հետո, ապա, ցավոք, հոկտեմբերին այդ տեմպը խախտվեց, եւ գրանցվեց 5,1 տոկոս անկում սեպտեմբերի նկատմամբ: Դրանով է պայմանավորված նաեւ այն հանգամանքը, որ տնտեսական անկումը հունվար-հոկտեմբեր ամիսներին ավելի մեծ չափով չկրճատվեց: Դա էլ հիմնականում պայմանավորված է շինարարության ծավալների նվազմամբ:

Նախորդ տարիներին ՀՆԱ երկնիշ աճի, իսկ այս տարի անկման մեջ էական դերակատարում ունեցած շինարարության ծավալները 10 ամսվա արդյունքներով կազմել են նախորդ տարվա 10 ամսվա 58,4 տոկոսը: Իսկ հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ այստեղ արձանագրվել է 18,2 տոկոս նվազում: Շինարարության ոլորտում նույնպես վերջին ամիսներին նկատվում էր աճի տեմպերի ավելացում, ինչը, սակայն, չպահպանվեց հոկտեմբերին:

Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) հունվար-հոկտեմբերին կազմել է 2 տրիլիոն 466 մլրդ դրամ: Ըստ տնտեսության ճյուղերի, 2009-ի հունվար-հոկտեմբերին պատկերն հետեւյալն է: Արդյունաբերության անկումը կազմել է 11,4 տոկոս, իսկ միայն հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ այստեղ արձանագրվել է 5,1 տոկոս աճ, ինչը հոկտեմբեր ամսվա ամենալավ ցուցանիշն է տնտեսության մյուս ճյուղերի համեմատ եւ ամենահուսադրողը: Առանց էլեկտրաէներգիայի արտադրության արդյունաբերության անկումը կազմել է 10,3 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրությունը հունվար-հոկտեմբերին նվազել է 11,5 տոկոսով, իսկ հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ արձանագրվել է 5,2 տոկոս աճ: Դա պայմանավորված է առավելապես արդյունաբերության աճով, քանի որ հոկտեմբերին դեռ սեզոնային փոփոխություններ չեն լինում:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքը նվազել է 0,8 տոկոսով, բայց հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ աճել է 4,9 տոկոսով:

Մանրածախ առեւտրում այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 0,1 տոկոս աճ, իսկ հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբՙ 2,6 տոկոս նվազում: Այս ոլորտում նկատվում է աճի տեմպի նվազման միտում, ինչը, թերեւս, պայմանավորված է նրանով, որ հոկտեմբերից ՀԴՄ կտրոնների դիմաց բոնուսներ չեն տրամադրվելու: Դրա հետեւանքով նվազել է այդ կտրոնների տրամադրումը, հետեւաբար նաեւ շրջանառության իրական ծավալների ցուցանիշները:

Ծառայությունների ոլորտում հունվար-հոկտեմբերին արձանագրվել է 1,5 տոկոս անկում, իսկ հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ գրանցվել է 4,9 տոկոս աճ:

Արտաքին առեւտրաշրջանառությունը այս տարվա առաջին 10 ամիսներին կազմել է 3 մլրդ 221 մլն դոլար եւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 31 տոկոսով: Միայն հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ արտաքին առեւտրաշրջանառությունն ավելացել է 4,6 տոկոսով:

Արտահանումը կազմել է 551 մլն դոլարՙ նվազելով 41,7 տոկոսով, ներմուծումը 2 մլրդ 570 մլն դոլարՙ նվազելով 28,5 տոկոսով: Հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ արտահանման ծավալները նույնպես նվազել ենՙ 1,4 տոկոսով, իսկ ներմուծմանըՙ աճել 6,1 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է ավելի քան 2 մլրդ դոլար: Այսինքնՙ արտաքին առեւտրի ցուցանիշներն հոկտեմբերին վատթարացել են:

Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 11,4 տոկոսով: Միջին աշխատավարձը Հայաստանում ավելացել է 11,5 տոկոսովՙ կազմելով մոտ 98 հազար դրամ: Պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է մոտ 81 հազար դրամ, մասնավորումՙ 123 հազար դրամ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4