Ալիեւի «հաթաթան» ու իրարամերժ հայտարարությունները` Սարգսյան-Ալիեւ մյունխենյան հանդիպման նախօրեին
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումն էլ դարձավ իրականություն, սակայն դրանից հանրային մակարդակում կարծես ոչինչ չփոխվեց, ինչպես եւ որեւէ փոփոխություն չէր արձանագրվել նախորդ հերթականներից հետո:
Սակայն չնկատել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցերի հաճախակիությունն ու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մեկը մեկին արագ տեմպերով հաջորդող հանդիպումները հստակ ազդեցություն են ունենում, չի կարելի, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների «նորմալացման ու զարգացման» արձանագրությունների ֆոնին հայ-ադրբեջանական «առաջխաղացումները» կարեւոր դիվիդենտ են ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Միեւնույն ժամանակ, դիվիդենտներ այս պարագայում ձեռք են բերում նաեւ ամեն ինչում «խաղաղասերի» կեցվածքից հանդես եկող Միացյալ Նահանգներն ու Եվրոպան:
Դժվար է հասկանալ, առավել եւս ընդունել խաղաղարարների նմանօրինակ կեցվածքը, էլ չասենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «հնչեղ» լավատեսությունն ու հանդիպումների «կառոցողական» անցնելու որակումները, երբ գրեթե յուրաքանչյուր հանդիպմանը նախորդում են Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու ռազմական ճանապարհի հնարավորության փաստումները:
Եվ դա այն դեպքում, երբ ոչ միայն մայնդորֆյան հռչակագիրն է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրությամբ հայտարարում ուժի կիրառման բացառման մասին, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ողջ գործունեության հիմք ներկայացվող հելսինկյան ակտի երեք սկզբունքները` ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման:
Եվ այսպես, հերթականՙ վեցերորդ հանդիպումը Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ տեղի ունեցավ Մյունխենում: Նոյեմբերի 22-ին Մյունխենում Ֆրանսիայի գերագույն հյուպատոսի նստավայրում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են նաեւ արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Նոյեմբերի 22-ով թվագրված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (Միացյալ Նահանգներ) եւ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) հայտարարության համաձայն, «այս տարվա արդեն 6-րդ հանդիպմանը երկու նախագահները մանրամասն եւ խորությամբ քննարկել են համանախագահների առաջարկների չլուծված ամենակարեւոր դրույթները»:
ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարության մեջ նշվում է. «Բանակցությունները, որ տեւել են մոտ 4 ժամ, կառուցողական են եղել: Շատ հարցերում առաջընթաց է գրանցվել: Միեւնույն ժամանակ, որոշ հարցեր դեռ բաց են մնում»: Համանախագահների ներկայացմամբ, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանձնարարել են արտգործնախարարներին շարունակել աշխատանքը համանախագահների հետ այդ «բաց մնացած» հարցերի շուրջը:
«Որպես հաջորդ քայլ համանախագահներն աշխատանքային նիստ կկազմակերպեն երկու նախարարների հետ ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում, որ տեղի կունենա դեկտեմբերի 1-2-ը Աթենքում», նշված է հայտարարության մեջ:
Իսկ մինչ այդ Ադրբեջանի նախագահ Ալիեւ կրտսերն առատորեն ներքին լսարանին է հրամցնում ադրբեջանական դիրքորոշման «անսասանությունը ուժով պաշտպանելու պատրաստակամությունը»: Ադրբեջանի տարածաշրջաններից մեկը այցելության ժամանակՙ հենց մյունխենյան հանդիպման նախօրեին, Իլհամ Ալիեւը հայտարարում է ղարաբաղյան հարցի ռազմական կարգավորումը չբացառելու, ավելինՙ դա որպես ելք տեսնելու մասին:
Ընդհանուր առմամբ, ադրբեջանական լրատվամիջոցներում առատորեն մեջբերված ալիեւյան խոսքում այնպիսի յուրահատկություն կա, կարծես Ադրբեջանի նախագահը փորձել է ե՛ւ դրսին սիրաշահել, ե՛ւ ներսին: Արդյունքում «շիլափլավը» պատրաստ է, քանի որ Հեյդար Ալիեւի որդին ծայրահեղ հակադիր մոտեցումներ է ներկայացրել «ներքին տեղահանվածների համար կառուցված տների հանձնման արարողությանը»:
Ադրբեջանական էլեկտրոնային պարբերականների համաձայն, Ալիեւը նախ մի երկար ժամանակ ներկայացրել է ադրբեջանական «խաղաղ ճանապարհով հարցը լուծելու» դիրքորոշումը, պարզապես դրանից հետո կարծես Ադրբեջանի նախագահի նյարդերը տեղի են տվել, որ ելույթի ընթացքում էլ առանձնակի զսպված չեն թվում: Ըստ այդպես էլ չփոփոխվող ադրբեջանական դիրքորոշմանՙ բանակցություններին մասնակցությունն իսկ արդեն «զիջում է, իսկ Մինսկի խումբն էլ ստեղծվել է օկուպացիայից հողերն ազատելու համար»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արագ տեմպերով կազմակերպվող հանդիպումների տրամաբանության մեջ չի տեղավորվում Իլհամ Ալիեւի ելույթի հետագա բովանդակությունը, թե «միջազգային իրավունքի չաշխատելու դեպքում» ինչպես է Ադրբեջանը տեսնում հարցի լուծումը: Միեւնույն ժամանակ, Ալիեւի փաստարկներն Ադրբեջանի զինվելու առնչությամբ այնքան ցածրակարգ են հնչում` մնալով Հեյդար Ալիեւի որդու հարթակում: «Ինչո՞ւ է Ադրբեջանը զինվում» հարցին «հռետոր» Ալիեւ կրտսերը «տեղահանված» հանրությանը պարզաբանում է, թե «ո՞ւմ ինչ գործն է, մենք զինվում ենք ոչ թե ուրիշի փողերով, այլ մեր սեփական»:
Այն, որ Ալիեւը գրեթե միշտ իրարամերժ գնահատականներ է հնչեցնում, ինչպես եւ այս ելույթում, նորություն չէ թեկուզ այն իմաստով, որ նույն խոսքում Ադրբեջանի նախագահը դեռ կայանալիք մյունխենյան հանդիպումը համարում է օգտակար ու անօգուտ: Այնուամենայնիվ, Ալիեւը բանակցություններին իր 6 տարվա մասնակցությունը գնահատում է հետեւյալ կերպ. «Առաջին տարբերակը, որին համաձայնել էր հայկական կողմը, այն էր, որ զինուժը դուրս է բերվում 4 շրջաններից, հետո կամաց-կամացՙ Քելբաջարից, ապա նաեւ Լաչինից»:
Խոսելով բանակի հզորությունից` Ալիեւը նշել է. «Եթե մենք ուժեղ չլինենք, չենք կարող լուծել ղարաբաղյան հարցը, քանի որ միջազգային միջամտությունը որեւէ արդյունք չի բերում»: Այդուհետեւ Ալիեւը հայտարարել էր. «Մի քանի օրից կհանդիպեմ Հայաստանի նախագահին: Այս հանդիպումը պետք է որոշիչ լինի բանակցություններում, քանի որ այս տարի կայացած մի քանի հանդիպումները արդյունք չեն տվել: Եթե այս հանդիպումն էլ անարդյունք լինի, մեր հույսերը բանակցություններում կմարեն: Իսկ եթե մեր հույսը մարի բանակցություններում, ապա այլ ելք չի մնա: Մենք պետք է պատրաստ լինենք դրան»:
Այն, որ ուղղակի ռազմական ուղին չի նշվում, բնավ էլ չի բացառում այդ ենթադրությունը, քանի որ Ալիեւը այդուհետեւ շարունակում էՙ չգիտես ինչ տրամաբանությամբ. «Մենք իրավունք ունենք ռազմական ճանապարհով ազատելու մեր հողերը»: Իսկ փոխզիջումների թմբկահարվող գերակայության առնչությամբ էլ ալիեւյան մտածողոթյունը որեւէ խնդիր չի տեսնում. «Մենք որեւէ զիջման չենք գնա: Մեր զիջումը հարցի խաղաղ լուծման ուղիով ընթանալն է»:
Ինչեւէ, առավել հատկանշական է, որ նախագահական մակարդակով առատ հանդիպումների շարքին զուգահեռ հնչում է ալիեւյան հերթական հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ չի լինի, մոտեցման այն մերկությամբ, որ ԼՂ-ն վաղուց ապրում է եւ կա անկախ: Եվ որպես եզրափակումՙ Ալիեւը բոլորին զգուշացնում է. «Մեր համբերությունը հատնում է»:
Այս ամենի ֆոնին մի տեսակ անտեղի ու սնամեջ են հնչում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ոչ միայն համատեղ հայտարարությունը, այլեւ առանձին ասված կցկտուր խոսքերը: Մասնավորապես, հետաքրքրական կլիներ իմանալ, թե ինչի մասին է խոսում ամերիկացի նորանշանակ համանախագահ Ռոբերտ Բրադկեն, երբ հայտարարում է, թե Մյունխենի հանդիպմանը նախագահները «հզոր կամք» են դրսեւորել: Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն էլ, երեւի իր «աղյուսիկների շարքը հերթական» պահելու տրամաբանությամբ, հայտարարել է, թե կարեւոր առաջընթաց է գրանցվել վերջին նախագահական հանդիպմանը, չնայած որոշ բարդություններ դեռ առկա են:
Այն ամենին եթե ավելացնենք, որ Ֆասիեն նաեւ արդեն հաջորդ հանդիպման նախապատրաստման մասին է ակնարկել, ապա Իլհամ Ալիեւի ելույթն ու բոցաշունչ հայտարարություններն անհիմն ու ստահոդ են հնչում: Կամ էլ փունջ է այն ողջ գործընթացը, որ որպես բանակցվային հրամցվում է մեր տարածաշրջանում:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ